Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

Fri, 13 Nov 2026 10:45:29 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի ժամանակ հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով «իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնադրույթները։ Նա մասնավորապես անդրադարձել է քրիստոնեությանը, Հայ առաքելական եկեղեցուն, հայոց գրերին, նշել է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջին հերթին պետության եւ նրա հարատեւության մասին է։ ««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարեւոր բանն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, կարող ենք ունենալ: Չկա պետությունից ավելի կարեւոր բան, եւ մեր բոլոր ջանքերը, գործողությունները, մեր բոլոր նպատակները եւ մեր բոլոր պատկերացումները կապված են եւ կապված պետք է լինեն պետության հետ»,- ասել է նա եւ պարզաբանել, որ պետության հարատեւության տեսլականը ենթադրում է Հայաստանը դարձնել քաղաքացիների անվտանգության, բարեկեցության եւ ազատության ապահովման գործիք, որը պետք է փոխանցվի սերնդեսերունդ եւ գոյություն ունենա հավիտյան։

Անդրադառնալով հայկական ինքնությունը նենգափոխելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատություններին՝ Փաշինյանը հակադարձել է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հենց ինքնության պաշտպանության մասին է, քանի որ «մեր պետությունը մեր ինքնությունն է, եւ մեր ինքնությունը մեր պետությունն է»։ Եվ ներկայացրել է, թե որոնք են, իր կարծիքով, հայկական ինքնության երեք հիմնական բաղադրիչները. քրիստոնեություն, եկեղեցի եւ հայոց գրեր։

«Շատ ասվում է, որ հայերն առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն են․ կներեք` նման բան չկա: Հայերը քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդը չեն, հայերը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն են, այսինքն՝ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն է»,- ասել է Փաշինյանը եւ նշել, որ 301 թվականին քրիստոնեության ընդունման հիմքում ընկած է եղել Տրդատ Երրորդ թագավորի պետական հրովարտակը։ Իսկ 373 թվականին Պապ թագավորի որոշմամբ հայոց եկեղեցու ղեկավարի ընտրությունը տեղափոխվել է Հայաստան՝ հիմք դնելով Հայ առաքելական եկեղեցու անկախությանը։ Հետո ընդգծել է, որ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը տեղի է ունեցել Վռամշապուհ արքայի առաջադրած պետական պատվերի շրջանակում։ Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղակայման մասին՝ նա անդրադարձել է նաեւ մայր տաճարի կառուցման ավանդությանը՝ այն կապելով Վաղարշապատի՝ Հայաստանի մայրաքաղաք լինելու հանգամանքի հետ։ «Ավանդությունն ասում է, որ մայր տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում: Բայց ես ասում եմ, որ Միածինն էլ միամիտ չէ: Միածին է, բայց միամիտ չէ եւ գիտի, թե որտեղ պետք է իջներ: Իսկ որտե՞ղ էր իջել նա․ նա իջել է Հայաստանի մայրաքաղաքում, որովհետեւ Վաղարշապատն այդ ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն էր»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, իր ներկայացրած պատմական օրինակները վկայում են հայկական ինքնության առանցքային արժեքների ձեւավորման եւ պահպանման գործում պետականության ունեցած որոշիչ դերի մասին։ Եվ այս բոլորն ասվում է, քանի որ այսօրվա պետությունն ինքն է, եւ ինքն ինչ ուզենա, կանի:

Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների մասին, ասում է. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ անտեղյակ է: Այ, եթե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու փոխարեն ուսումնասիրեին, գուցե իմանային, որ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, առաջինն ընդունել է Հայաստանը: Գուցե նաեւ իմանային, որ Գրիգոր Լուսավորիչը Սահակ Արիստակեսին ձեռնադրել է Հայաստանում, գուցե իմանային, որ մինչեւ Ներսես Մեծը` Հայաստանում այլոք էլ են ձեռնադրվել: Եթե, օրինակ, հայոց պատմություն իմանային, կարիք չէր լինի նրանց բացատրելու, որ Պապ թագավորը բարոյական չափանիշներ չապահովող կերպար է եղել: Բայց Փաշինյանը որոշ ժամանակ առաջ իրեն նույնացրեց Պապ թագավորի հետ: Եթե նա պատմություն գիտի եւ իրեն նույնացնում է Պապ թագավորի հետ, դա ավելի վատ է: Նա ցածր բարոյական արժեքներ կրող թագավոր է եղել: Նիկոլ Փաշինյանը Եկեղեցուց ակնհայտ վախեր ունի եւ իրեն փորձում է նույնացնել պետության հետ, բայց նա ոչ միայն Եկեղեցու գաղափարը կրող չէ, այլեւ պետականության գաղափարը չի ընկալել մինչ օրս: Նրան կարելի է բնութագրել որպես իշխանատենչ մարդ, որին միայն հետաքրքրում են իր աթոռը, իր կուսակցությունը, նեղ շահերը: Պետականությունը, ազգային արժեքները կարեւորող մարդն իր անձը չի կարող նույնացնել պետության հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններին այս մարդը խիստ ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Վերջերս Եղեգնաձորում տեղի ունեցավ ընտրություն, եւ մենք տեսանք, թե հանուն աթոռի ինչ մրցավազքի մեջ էին մտել անգամ իշխանական «Հանրապետություն» կուսակցության հետ: Գիտե՞ք, թե այդ ամենն ինչի մասին է՝ պետական մտածողությունից զուրկ լինելու: Ո՛չ կրթություն ունեն, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում են Եկեղեցու մասին դատողություններ անել: Այս մարդը ոչ միայն հայոց եկեղեցու պատմությունից է անտեղյակ, այլեւ` մեր ժամանակակից պատմությունից: Այնքան անտեղյակ է, որ վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Վեհափառի բանակի ընկերները եպիսկոպոսներ են դարձել, բայց Վեհափառը բանակում չի ծառայել։ Այսինքն` նա այնպիսի ստեր է ասում, որ պարզապես դրանց հավատալն անհնար է: Կամ ասում է` Վեհափառի եղբայրներն արքեպիսկոպոսներ են: Կաթողիկոսի միայն մեկ եղբայրն է արքեպիսկոպոս, ասում է` քրոջ տղաներն արքեպիսկոպոսներ են` միայն մեկ քրոջ տղան է արքեպիսկոպոս: Այս մարդն ասում է բաներ, որոնք իրականությունից խիստ հեռու են: Նույնկերպ կեղծ դատողություններ է անում մեր պատմության մասին: 301 թվականին մենք ենք որպես պետական կրոն առաջինն ընդունել, սակայն քրիստոնեությունը նախքան այդ էլ մեծ տարածում ուներ մեզանում»:
Քահանան նաեւ անդրադարձավ օրերս ՔԿՀ-ում մահացած Արսեն Գեւորգյանին. «Ցավալի երեւույթ էր: Բանտում դաժան պայմաններ են, հատկապես՝ ընդդիմադիր գործիչների համար: Ես՝ ինքս, մի օր Էրեբունու քննչականում եմ աշխատել, սարսափելի դաժան եւ անմարդկային պայմաններ էին: Հակահիգիենիկ, պետքարանները հակասանիտարական վիճակում էին, աշխատակիցները` անհարգալից: Ինձ 3 անգամ կերակրելու փոխարեն կեսօրին մի հատ հոթ-դոգ բերեցին, դա էլ իբրեւ որպես լավություն: Էլ չեմ խոսում այն մասին, որ ինձ դեղորայքով չապահովեցին՝ այն պարագայում, երբ ես շաքարային դիաբետ, խոլեստերին, բարձր ճնշում եւ այլ հիվանդություններ ունեմ: Քննչականից դուրս գալուց հետո ամենաառաջին բանը, որ արել եմ, դեղատնից դեղ գնելն է եղել: Քրեական հանցագործների հետ շատ ավելի լավ են վարվում, քան ընդդիմադիրների, դե իսկ ադրբեջանցի դիվերսանտներին հատուկ լավ պայմաններում են պահում»:

Տեսակետ կա, որ Եկեղեցին վերջին շրջանում պասիվացել է, ինչո՞ւ։ «Եկեղեցին իր առաքելությունն արել է եւ շարունակում է անել: Եկեղեցում ամեն բան նորմալ է: Մենք ընդամենը արձագանքում ենք այն հայտարարություններին, որոնք Եկեղեցուն են ուղղված: Իշխանավորները` Փաշինյանի գլխավորությամբ, Եկեղեցու մասին պարբերաբար կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք ստիպված դրանք հերքում ենք, բայց մենք առհասարակ որեւէ ասպարեզում մեծ ներգրավվածություն չունենք: «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ղեկավար, կարգալույծ Արմեն Առաքելյանը վերջերս նշանակվել է քրեակատարողականի հոգեւոր տեսուչ՝ այն դեպքում, երբ կալանավայրում նույնպես հոգեւորականը պետք է լինի իսկական, այլ ոչ թե կարգալույծ: Կալանավայրում մարդիկ տեղյակ էլ չեն, որ նա կարգալույծ է: Ինտերնետից զրկված մարդն ի՞նչ պետք է իմանա՝ ով երբ է կարգալույծ հռչակվել: Սա ցույց է տալիս, որ 2018-ի այդ շարժումը ՔՊ-ի կողմից էր ուղղորդվում»:

ՀԳ․ Նկատենք, որ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանն էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն էր նշանակվել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով