Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները
Fri, 13 Nov 2026 17:15:13 +0400

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները նոր հարցեր են առաջացրել տուժող կողմի մոտ։ Փաստաբան Նորիկ Նորիկյանը պնդում է, որ փորձագիտական եզրակացությունները բավարար հստակություն չեն պարունակում, իսկ դրանցում առկա որոշ ձևակերպումներ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում տուժողների ներկայացուցիչը միջնորդել է դատարան հրավիրել և հարցաքննել գործով փորձագետներին։ Խոսքը 15 դատաբժշկական փորձաքննությունների մասին է, որոնց եզրակացություններում, ըստ փաստաբանի, որպես զինծառայողների մահվան պատճառ նշվել են շմոլ գազով թունավորումն ու այրվածքային շոկը։
Փորձագիտական եզրակացություններում արձանագրվել է, որ զոհված զինծառայողները ջերմային այրվածքներ են ստացել կենդանության օրոք՝ բարձր ջերմաստիճանի և բոցի ազդեցության հետևանքով։ Նշվել է նաև, որ այրվածքներն ու շմոլ գազով թունավորումն առաջացրել են առողջությանը ծանր վնաս, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Բացի այդ, հետազոտությունների արդյունքում զինծառայողների արյան մեջ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Սակայն տուժող կողմը համարում է, որ այս եզրակացությունները չեն պատասխանում մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես՝ անհասկանալի է մնում, թե ինչ պայմաններում է առաջացել շմոլ գազը, ինչպես է այն ներթափանցել ննջասենյակ և ինչու նույն տարածքում գտնված ողջ մնացած զինծառայողները չեն ենթարկվել նման թունավորման։
Նորիկյանը նաև հարց է բարձրացրել պաշտոնական վարկածի վերաբերյալ, ըստ որի՝ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործման հետևանքով առաջացած բոցի պատճառով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պարզել, թե երբ և ինչ պայմաններում է առաջացել շմոլ գազը, ինչ միջոցների կիրառման հետևանքով և ինչ իրավիճակ է եղել կացարանում մինչև հրդեհի բռնկումը։
Մյուս կարևոր հարցը վերաբերում է զոհված զինծառայողների դիրքին և վարքագծին։ Եթե, ըստ փորձաքննությունների, նրանք կենդանության օրոք ստացել են ջերմային այրվածքներ, ապա տուժող կողմը ցանկանում է հասկանալ, թե ինչու չեն ձեռնարկել հնարավոր միջոցներ՝ վտանգավոր տարածքից դուրս գալու համար, և ինչու են հայտնաբերվել մահճակալների վրա։
Նորիկյանի ներկայացրած միջնորդության հիմքում հենց այս հարցերն են եղել։ Դատարանը բավարարել է փորձագետներին նիստին հրավիրելու և հարցաքննելու պահանջը։
Այսպիսով, առաջիկա դատական նիստերից մեկում փորձագետները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնք, տուժող կողմի գնահատմամբ, առայժմ անպատասխան են մնացել դատաբժշկական եզրակացություններում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր