Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400


Երևանի բնակիչները շատ վատ են գնահատում մայրաքաղաքի երթևեկությունը։ Օրեցօր ծանրացող խցանումները հաղթահարելն ու աշխատանքի հասնելը դարձել է մեծ մարտահրավեր մարդկանց համար։ Աջափնյակի մետրոն կառուցելու խոստում տված իշխանությունը եթե գոնե Էստակադա կամ թունել կառուցեր, այս ճգնաժամը չէր լինի, ասում են խցանումների ամենաշատ տուժող տաքսու վարորդները: Վարչական շենքերն էլ կարելի է կենտրոնից ծայրամասեր տեղափոխեին, շարժը կթեթևանար, կենտրոնը պիտի բեռնաթափվի, նշում են երևանցիները: Օրեր առաջ խցանումների թեմային էր անդրադարձել անգամ վարչապետի կինը:

Արդեն քանի օր է մայրաքաղաքում 10 բալանոց խցանում է: Օրերս Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ է անդրադարձել դրան․ «Տրամաբանական է, որ, տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ, ավտոմեքենաների թիվն ավելանալու է»։ Երեւանի քաղաքապետն Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել էր մայրաքաղաքի խցանումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ըստ Ավինյանի՝ խցանումների համար կա մեկ լուծում, եւ այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքներն ու երկրները, այն է՝ հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալ, այսինքն՝ ունենալ առանձնացված գծեր, ինչպես նաեւ՝ ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնել։ «Այն ավտոմեքենաները, որոնք մեր փողոցներով այսօր երթեւեկում են, NO₂-ի արտանետման այնպիսի ծավալ են ստեղծում, որն իրապես առողջության համար վտանգավոր է, մանավանդ այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ»,- ասել է նա։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի, և խնդրի հնարավոր լուծումների մասին, նկատեց. «Այնպես չէ, որ այս խնդիրն անլուծելի է: Ուղղակի պետք է որոշակի աշխատանքներ կատարել: Այս հարցը կարելի է շատ հեշտ լուծել կարճաժամկետ, նաև երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու միջոցով: Եթե ուզում ենք կարճաժամկետ միջոցառումների միջոցով կանխել խցանումները, ապա պետք է փորձենք մի փոքր երթևեկությունն արագացնել: Ինչ է հարկավոր դրա համար, նախ պետք է միակողմանի փողոցների թիվը մեծացնել: Այն տրանսպորտային միջոցները, որոնք բնակչությանը ծառայություններ են մատուցում, օրինակ` տաքսիները, նրանց համար առանձնացված երթուղի պետք է թույլատրել երթևեկել: Խցանման պատճառ են հանդիսանում նաև վարորդները, և պատճառն այն չէ, որ նրանց թիվը շատ է, ու դա է պատճառը, պատճառն այն է, որ նրանցից շատերը երթևեկության ընթացքում մի շարք կանոններ են խախտում, խաչմերուկներ են մուտք գործում, սակայն չպետք է մուտք գործեն, խոսքը ծանրաբեռնված խաչմերուկների մասին է: Ինչպես նաև հաճախ են փոփոխում ճանապարհային գոտիները, ինչի արդյունքում խցանումներ են առաջանում: Նախատեսված երթուղին, որը չպետք է զբաղեցնել, զբաղեցնում են, հետո փորձում են վերադասավորվել, ինչը ևս նպաստում է խցանմանը: Վարորդները պետք է կրթական որոշակի ծրագրերի շրջանակներում իմանան, որ երթևեկության մեջ պետք է լինեն կարգապահ», – ասում է Քեյանը:

Բայց անկարգապահ վարորդներ միշտ են եղել, ու հավանաբար էլի կլինեն, ի՞նչն է պատճառը, որ խցանումներն այս աստիճան շատացել են. «Այն ժամանակ կար, օրինակ, 300 հազար վարորդ, որից 100 հազարն էր անկարգապահ, հիմա 700 հազար վարորդ կա, որից 300-400 հազարը անկարգապահ է: Մեքենաների թվի ավելացումն էլ է դանդաղեցնում երթևեկությունը, բայց դրա հետ մեկտեղ վարորդներն են անկարգապահ: Պետք է այլընտրանքային ճանապարհներ էլ լինեն, սակայն այս խնդիրը երկարատև լուծման ենթակա է: Եթե փոքր խնդիրները չեն կարողանում լուծել, դժվար այս մաշտաբներով կարողանան լուծել: Ամիսներ շարունակ, տարիներ շարունակ ինչ-որ կամուրջներ են նորոգում, ճանապարհներ են փակում: Պռոշյան փողոցը արդեն քանի ամիս է նորոգում են, ու չեն ավարտում աշխատանքը: Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը

Զելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանը Wed, 11 Nov 2026 23:00:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով