Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Sun, 15 Nov 2026 19:15:00 +0400

Կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել սոցիալական փաթեթների տրամադրումը՝ տարեկան շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ բյուջետային միջոցներն ազատելու և դրանք պետական այլ ծրագրերի ֆինանսավորմանն ուղղելու նպատակով։ Միևնույն ժամանակ, սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կտրվի առանց սահմանափակումների տնօրինելու իրենց բանկային հաշիվներում արդեն կուտակված գումարները՝ դրանք կանխիկացնել կամ օգտագործել անկանխիկ եղանակով։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են սոցիալական փաթեթի հաշիվներում առկա գումարների տնօրինման, բանկային հաշիվների սպասարկման և հարակից իրավակարգավորումների փոփոխության պայմանները։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումները կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Iravaban.net-ն ուսումնասիրել է նախագիծն ու դրա հիմնավորումը և ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում։
Ինչո՞ւ է կառավարությունն առաջարկում դադարեցնել սոցիալական փաթեթի տրամադրումը
Սոցիալական փաթեթը ներդրվել է 2012-2013 թվականներին՝ պետական հատվածում աշխատողների մոտիվացիան բարձրացնելու, աշխատանքի գրավչությունն ապահովելու և պետական համակարգից մասնավոր հատված կադրերի արտահոսքը նվազեցնելու նպատակով։ Շահառուներին տարեկան հատկացվում էր 72 հազար դրամ, որը հնարավոր էր օգտագործել սահմանված ուղղություններով։
Ներկայում սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում են հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, թատրոնների, համերգային կազմակերպությունների, սոցիալական հոգածության հաստատությունների և պետական մի շարք այլ կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի աշխատողները։ Շահառու են նաև Հայաստանում մշտապես բնակվող՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական պատվավոր կոչումների արժանացած անձինք։ Նախարարության գնահատմամբ՝ ավելի քան տասը տարի առաջ ներդրված այս արտոնության նպատակներն այսօր արդեն մասամբ ապահովվում են պետական հատվածում ներդրված այլ մեխանիզմներով։ Մասնավորապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման, ուժային կառույցներում ատեստավորման արդյունքներով հավելավճարների, հանրային ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման և կատարողականի հիմքով խրախուսման համակարգերի միջոցով։
Բացի այդ, 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային տարբերակով ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ 2027 թվականից նախատեսվող հանրային ծառայության վարձատրության բարեփոխման համար լրացուցիչ ֆինանսական պահանջը գնահատվում է շուրջ 30 մլրդ դրամ։ Սա մոտ երեք անգամ գերազանցում է սոցիալական փաթեթի տարեկան ծախսը։ Նախարարության դիտարկմամբ՝ գործող համակարգն ունի նաև մի շարք թերություններ։ Մասնավորապես՝ սոցիալական փաթեթը տրամադրվում է նույն չափով՝ անկախ շահառուի եկամտային կամ սոցիալական վիճակից, իսկ շահառու կազմակերպությունների ընտրության համար հստակ միասնական չափորոշիչներ սահմանված չեն։ Ավելին, գումարների օգտագործման սահմանափակ ուղղություններն ու բանկերի հետ համագործակցության անհրաժեշտությունը բարդացնում են ծրագրի իրականացումը։
Այս հանգամանքներով պայմանավորված՝ առաջարկվում է դադարեցնել սոցիալական փաթեթների հետագա ֆինանսավորումը։
Որքա՞ն գումար է կուտակվել սոցիալական փաթեթի հաշիվներում
Սոցիալական փաթեթի գումարները շահառուներին փոխանցվել են ամսական պարբերականությամբ և ունեցել կուտակային բնույթ։ Այսինքն՝ շահառուները պարտադիր չէ, որ ամբողջ գումարն օգտագործեին նույն տարվա ընթացքում. չծախսված միջոցները կարող էին կուտակվել հաշվում։
Նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ սոցիալական փաթեթի հաշիվներում առկա է շուրջ 13.1 մլրդ դրամ։ Խոսքը շահառուներին արդեն հասանելիք և նրանց բանկային հաշիվներին փոխանցված գումարների մասին է։
Նախագծով առաջարկվում է պահպանել այդ միջոցների նկատմամբ քաղաքացիների իրավունքները՝ հնարավորություն տալով տնօրինելու դրանք առանց նախկինում գործող սահմանափակումների։
Ինչպե՞ս հնարավոր կլինի կանխիկացնել կուտակված գումարները
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ սոցիալական փաթեթի հաշիվներում առկա գումարները հնարավոր կլինի՝
- ամբողջությամբ կանխիկացնել,
- մաս առ մաս կանխիկացնել,
- ամբողջությամբ օգտագործել անկանխիկ եղանակով,
- մաս առ մաս օգտագործել անկանխիկ եղանակով։
Այսինքն՝ գումարները հնարավոր կլինի տնօրինել առանց նախկինում սահմանված ծախսային ուղղությունների սահմանափակման։
Գումարը ստանալու կամ օգտագործելու համար շահառուն պետք է դիմի իր սոցիալական փաթեթի հաշիվը սպասարկող բանկին և ներկայացնի նույնականացման քարտը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Նախագծով նախատեսվում է նաև, որ այդ գործառնություններն իրականացվելու են անվճար։ Բանկը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ անվճար տրամադրել հաշվի տիրոջը հաշվից ելքագրված գումարների վերաբերյալ տեղեկատվություն՝ էլեկտրոնային կամ առձեռն եղանակով, եթե քաղաքացին գրավոր չի հրաժարվել ծանուցումներ ստանալուց։
Կարևոր է, որ գումարները տնօրինելու իրավունքը վերաբերում է ոչ միայն 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշիվներում առկա միջոցներին, այլև այն գումարներին, որոնք շահառուին հասանելի են եղել մինչև այդ ամսաթիվը, սակայն բանկային հաշվին կփոխանցվեն արդեն 2027 թվականի հունվարի 1-ից հետո։
Ի՞նչ կլինի, եթե շահառուն մահանա․ գումարները կժառանգվե՞ն
Նախագծով հստակ ամրագրվում է, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա՝ շահառուին հասանելիք գումարները ենթակա են ժառանգման՝ օրենքով սահմանված կարգով։ Այս դեպքում ժառանգը կարող է իրեն ժառանգաբար անցած գումարները ամբողջությամբ կամ մաս առ մաս կանխիկացնել կամ օգտագործել անկանխիկ եղանակով։
Դրա համար անհրաժեշտ կլինի բանկ ներկայացնել՝
- նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
- ժառանգության իրավունքի վկայագիր։
Այսպիսով, սոցիալական փաթեթի տրամադրման դադարեցումը չի նշանակում, որ շահառուի մահվան դեպքում նրա հաշվում կուտակված գումարները կկորչեն։
Ե՞րբ կփակվեն սոցիալական փաթեթի հաշիվները
Նախագծով նախատեսվում է, որ բանկը սոցիալական փաթեթի հաշիվը կփակի այն դեպքում, երբ միաժամանակ կատարված կլինեն հետևյալ պայմանները՝
- Հաշվում առկա բոլոր գումարներն ամբողջությամբ կանխիկացված կամ անկանխիկ եղանակով օգտագործված կլինեն։
- Հաշվում այլ դրամական միջոցներ չեն լինի։
- Հետագայում այդ հաշվին փոխանցման ենթակա սոցիալական փաթեթի գումարներ չեն լինի։
Ընդ որում, հաշվի փակման այս պայմանը կարող է կիրառվել ոչ շուտ, քան 2027 թվականի հուլիսի 1-ից՝ հաշվի առնելով, որ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը շահառուներին հասանելիք որոշ գումարներ կարող են փոխանցվել ավելի ուշ։
Նախագծով նաև նախատեսվում է, որ հաշվում առկա դրական մնացորդի դիմաց բանկը կվճարի տոկոս՝ շահառուի հետ կնքված պայմանագրով սահմանված չափով։
Կարո՞ղ է բանկը մերժել գումարի տրամադրումը՝ պայմանագրի փոփոխության բացակայության պատճառով
Նախագծով աշխատանքի և բարեկեցության նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում նախաձեռնել բանկերի հետ արդեն կնքված պայմանագրերի համապատասխանեցումը նոր կարգավորումներին։ Միևնույն ժամանակ, նախագծով հատուկ նախատեսվում է, որ պայմանագրերում համապատասխան փոփոխությունները դեռևս կատարված չլինելը չի կարող հիմք հանդիսանալ սոցիալական փաթեթի հաշվի տիրոջ կամ ժառանգի՝ գումարը կանխիկացնելու կամ անկանխիկ եղանակով օգտագործելու պահանջը մերժելու կամ դրա կատարումը հետաձգելու համար։
Այսինքն՝ բանկերը չեն կարողանա գումարի տնօրինման իրավունքը պայմանավորել պայմանագրի փոփոխության ավարտով։
Սոցիալական փաթեթի շահառուները կկարողանա՞ն օգտվել առողջապահական ծախսերի փոխհատուցումից
Նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման գործող կարգավորումներում։ Մասնավորապես՝ Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ նախատեսվում է վերացնել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու հնարավորության սահմանափակումը, որը վերաբերում էր սոցիալական փաթեթի շահառուներին։
Գործող կարգավորմամբ սոցիալական փաթեթի շահառու լինելու հանգամանքը սահմանափակում էր առողջապահական ծախսերի համար սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու հնարավորությունը։
Նախագծով այդ սահմանափակումը հանվում է։ Ընդ որում, փոփոխությունը տարածվելու է 2026 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) վրա։
Այսպիսով, սոցիալական փաթեթի շահառուները ևս կկարողանան հայտարարագրերի միջոցով օգտվել առողջապահական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից՝ սահմանված ընդհանուր պայմաններով։
Ի՞նչ կփոխվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման մեջ։ Խոսքը 2026 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում չընդգրկված որոշ խմբերի, այդ թվում՝ ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող սոցիալական փաթեթի շահառուների համար նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի ու լրացուցիչ ծառայությունների կարգավորումներից սոցիալական փաթեթի շահառուներին վերաբերող դրույթները հանելու մասին է։ Նախարարության հիմնավորման համաձայն՝ այդ աշխատողների ներառումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից՝ ապահովագրական համակարգի ընդհանուր կարգավորումներին համապատասխան։ Այս հարցի առնչությամբ Առողջապահության նախարարությունը շրջանառում է առանձին նախագծերի փաթեթ։
Որքա՞ն գումար կխնայի պետությունը
Նախագծի ընդունման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովման միջոցառման ֆինանսավորումը։
Նախարարության ներկայացրած տվյալներով՝ սոցիալական փաթեթի ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել են՝
- 2023 թվականին՝ 10.6 մլրդ դրամ,
- 2024 թվականին՝ 10.6 մլրդ դրամ,
- 2025 թվականին՝ 11.7 մլրդ դրամ,
- 2026 թվականին՝ 9.6 մլրդ դրամ։
Նախատեսվում է, որ ծրագրի ֆինանսավորման դադարեցման արդյունքում տարեկան շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ կազատվի և կուղղվի պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։
Նախարարության հիմնավորմամբ՝ այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել պետական միջոցների առավել արդյունավետ բաշխում՝ դրանք ուղղելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացմանն ուղղված այլ ծրագրերի ֆինանսավորմանը։
Նշենք, որ ներկայացված կարգավորումները նախագծային են։ Դրանք ուժի մեջ կմտնեն միայն Կառավարության կողմից որոշումն ընդունվելու դեպքում՝ նախատեսված 2027 թվականի հունվարի 1-ից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր