30 տարվա խնդիրները 8,5 տարում լուծել հնարավոր էր
Mon, 16 Nov 2026 13:07:56 +0400

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է բարձրագույն կրթության ոլորտում կառավարության վարած քաղաքականությունը՝ դիմելով նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Ղազարյանի խոսքով՝ երեք տասնամյակ շարունակ կուտակված խնդիրները ութուկես տարվա ընթացքում լուծելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կամք և կարողություններ։ Նա ընդգծել է, որ հեղինակավոր համալսարաններ ստեղծելու հիմնական նախապայմաններից մեկը բարձրակարգ դասախոսական կազմի առկայությունն է։
Պատգամավորը նախարարին մեղադրել է քաղաքական հայացքների պատճառով համալսարաններից դասախոսներին հեռացնելու և բուհերի կառավարման մարմիններում քաղաքական գործիչների ներգրավվածությունը մեծացնելու մեջ։
Նա առաջարկել է ուսումնասիրել, թե քանի համալսարանի կառավարման խորհրդի նախագահներ են քաղաքական գործիչներ՝ այդ թվում հիշատակելով նաև նախարարին։ Ղազարյանը նաև անդրադարձել է այն բուհին, որի ռեկտորը, իր խոսքով, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում և ձերբակալվել։
«Որպեսզի հեղինակավոր բուհեր ունենանք, նախ պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն տարվի»,- նշել է պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանն էլ արձագանքել է՝ քննադատելով պատգամավորի հարցադրումների որակը։ Նախարարը նշել է, որ թեև ինքն էլ կարող է գնահատական տալ հնչեցված հարցերին, սակայն խորհրդարանական քննարկումների ընթացքում փոխադարձ քննադատությունների փոխարեն անհրաժեշտ է կենտրոնանալ բովանդակային հարցերի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր