Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը

Wed, 18 Nov 2026 19:15:57 +0400


Մեզ մեղադրում են, թե Հայաստանը մոնոազգային պետություն է, ինչը խոչընդոտում է այլ մշակույթների ներթափանցմանը: Այլազգիների այդ առաքելությունը մեզանում իրենց վրա էին վերցրել ՀՍՍՀ հայրենադարձված սփյուռքահայերը, որոնք իրենց բնակության երկրների մշակույթների կրողն էին: Ինչպես վկայում էին տարեցները, մինչեւ Հայրենական մեծ պատերազմը Հայաստանը համարյա ոչնչով չի տարբերվել մյուս խորհրդային հանրապետություններից, որովհետեւ ստալինյան մամլիչը վարում էր ազգերի եւ անձերի համահարթեցման քաղաքականություն: Հայաստանցիները նույնքան ոչ ձեռներեց էին, ոչ նախաձեռնող եւ աշխարհից կտրված, որքան սովետական մյուս ժողովուրդները:

Հայաստանցիները սկսեցին փոխվել 1946-1948 թվականների մեծ հայրենադարձությունից հետո, երբ հայրենիք վերադարձած Եվրոպայի եւ Ասիայի բազմաթիվ պետությունների քաղաքացի հայերն իրենց հետ բերեցին այդ երկրների մշակույթը, լեզուն, սովորույթները եւ, ամենակարեւորը՝ ձեռներեցության ոգին: Նրանք արթնացրին «քնած» հայաստանցիներին: Հայրենադարձների մի մասը համաձայն չէր կատարել ձանձրալի աշխատանք սովետական գործարաններում եւ վաստակել կոպեկներ: Եվ հայտնվելով իրենց համար չափազանց անհասկանալի եւ դաժան երկրում՝ նրանք իրենց ձեռներեցության եւ «ոսկի ձեռքերի» շնորհիվ կարողացան ստեղծել որոշ չափով կապիտալիստական իրենց աշխարհը՝ ներքաշելով դրա մեջ նաեւ բազմաթիվ տեղացիների: Իրենց տներում նրանք կարում էին շոր ու կոշիկ, պատրաստում կահույք ու բաստուրմա, թխում արեւելյան քաղցրավենիք, սովորեցնում օտար լեզուներ եւ այլն: Նրանք իրենց հետ բերեցին եվրոպական նորաձեւությունը, իրենց երկրների երաժշտությունը, խոհանոցը: Հայաստանցիները սկսեցին օգտագործել ձիթապտուղ, սեւ սուրճ, տոմատի մածուկ, այլ մթերքներ ու ճաշատեսակներ: Սկսեցին հետեւել երաժշտության եւ հագուկապի նորություններին, քանի որ սփյուռքահայերին շուտով հաջողվեց պատուհան բացել «երկաթե վարագույրում»:

Ստալինի մահից հետո դա սկզբում հաջողվեց անել Ֆրանսիայից եկած հայերի՝ ազգությամբ ֆրանսիացի կանանց: Նրանք տեղեկացան, որ Մոսկվա է ժամանելու Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարար Քրիստիան Պինոն, եւ ԽՍՀՄ մայրաքաղաքում հաջողեցրին նրա մեքենայի մեջ նետել նամակներ, որտեղ բողոքում էին, թե իրենց չեն թողնում վերադառնալ հայրենիք, մինչդեռ իրենք ֆրանսիացիներ են: Պաշտոնական Փարիզի միջամտությունից հետո այդ ընտանիքներին սկսեցին թույլատրել վերադառնալ Ֆրանսիա: Մոսկվան թույլատրեց նաեւ կապեր հաստատել Հայաստանում բնակվող ֆրանսահայերի եւ Ֆրանսիայում գտնվող նրանց ազգականների միջեւ: Եվ, ի տարբերություն սովետական մյուս ազգերի, հայաստանցիները հնարավորություն ստացան հետեւելու ֆրանսիական մշակութային նորություններին, նորաձեւությանը: Այդ հետաքրքրությունը թեժացնում էր այն, որ Ֆրանսիայում էին բնակվում եւ ստեղծագործում մեր աշխարհահռչակ հայրենակիցները, օրինակ, Շարլ Ազնավուրը: Արդյունքում, հայաստանցիները դարձան ԽՍՀՄ ամենաֆրանկոֆոն ժողովուրդը:

Հունաստանից եկած հայերն էլ իրենց հերթին էին տարածում հունական մշակույթը, հատկապես` երաժշտությունը: Ավելի ուշ կապեր հաստատվեցին նաեւ Ամերիկայի հայերի հետ, եւ հայաստանցիները հնարավորություն ստացան ծանոթանալու նաեւ Միացյալ Նահանգների մշակույթի հետ: Առավել եւս, որ այնտեղ էլ էին ապրում մեր աշխարհահռչակ հայրենակիցները, օրինակ, Վիլյամ Սարոյանը:

Եգիպտոսից, Սիրիայից, Իրանից եւ Արեւելքի այլ երկրներից եկած բազմաթիվ հայրենադարձներ նույնպես ներմուծեցին իրենց երկրների մշակույթները: Հայրենիք ներգաղթած սփյուռքահայերի կողմից ներդրված մշակութային բազմազանությունը եւ կապիտալիստական ձեռներեցության ոգին ուժեղ խթան հանդիսացան, որ Հայաստանը տարբերվի մյուս հանրապետություններից եւ վերելք ապրի: Դրա շնորհիվ էր նաեւ, որ Հայաստանում կյանքի մակարդակն ամենաբարձրն էր ԽՍՀՄ-ում: Հայաստանի համեմատաբար բարգավաճ վիճակը ձգում էր սովետական մյուս հանրապետություններում ապրող հայերին, որոնք գալով եւ բնակվելով Հայաստանում` իրենց հետ բերում էին նաեւ ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթները:

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան Tue, 17 Nov 2026 22:15:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով