Փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգություններ են տեղի ունեցել
Fri, 20 Nov 2026 11:25:12 +0400

Հայտարարություն փաստաբան Հրայր Խաչատրյանի և Աննա Խաչատրյանի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ
______________
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին (այսուհետ նաև՝ Պալատ) դիմել են փաստաբաններ Հրայր Խաչատրյանը (արտոնագիր՝ թիվ 2260) և Աննա Խաչատրյանը (արտոնագիր՝ թիվ 1567)՝ տեղեկացնելով իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում իրենց նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների, դրանց առնչությամբ քրեական հետապնդման մարմինների ոչ պատշաճ արձագանքի և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների մասին։
Փաստաբանների ներկայացրած հանգամանքների քննարկվել են Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից: Նկարագրված հանգամաքնները և դրանց համադրումը փաստաբանական գործունեության երաշխիքների հետ առաջացնում են լուրջ մտահոգություններ ոչ միայն առանձին փաստաբանների իրավունքների պաշտպանության, այլև փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատության և իրավաբանական օգնության արդյունավետության ապահովման տեսանկյունից։
Նախ, առաջին դեպքով քրեական հետապնդման մարմինները հրաժարվել են քրեական հետապնդում հարուցել իր նկատմամբ իրականացված սպառնալիքների և բռնության դեպքի վերաբերյալ փաստաբան Աննա Խաչատրյանի ներկայացրած հաղորդման հիման վրա:
Մասնավորապես, համաձայն փաստաբանի հաղորդման՝ 2026 թվականի ապրիլի 13-ին դատական նիստի ընթացքում իր դատավարական հակառակորդ հանդիսացող անձին ուղղված մասնագիտական դիտողության առթիվ վերջինս Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրի շենքից դուրս գալուց հետո սկսել է իր հասցեին հնչեցնել վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ, այնուհետև մոտեցել է իրեն, բռնել հագուստից և հարվածել։
Թեև դեպքի առնչությամբ 2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով (փաստաբանի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ փաստաբան Աննա Խաչատրյանը ճանաչվել է տուժող, այդուհանդերձ քննության արդյունքներով վարույթն իրականացնող քննիչը, գնահատելով հավաքված ապացույցները, եկել է այն եզրահանգման, որ տվյալ դեպքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները և իսկ դատախազը կայացրել է «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշում՝ ենթադրյալ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով:
Ուսումնասիրելով փաստաբանի ներկայացրած տվյալները և կայացված խնդրո առարկա որոշումը՝ Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրում և ընդգծում, որ նման դեպքերում հատկապես կարևոր է ոչ միայն ֆիզիկական ներգործության փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելը, այլև դրա շարժառիթները, փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապը, ինչպես նաև փաստաբանի հասցեին հնչեցված սպառնալիքների բովանդակությունն ու նշանակությունը համակողմանիորեն գնահատելը։
Մտահոգիչ է, որ փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում նրա նկատմամբ բռնության և սպառնալիքների վերաբերյալ հաղորդման առնչությամբ հանրային քրեական հետապնդում նույնիսկ չի նախաձեռնվել:
Բայց որ առավել մտահոգիչ է, մյուս՝ փաստաբան Հրայր Խաչատրյանի ներկայացրած համանման դեպքով արդեն, քրեական հետապնդման մարմինները ոչ միայն քրեական հետապնդում չեն հարուցել փաստաբանի մատնանշած անձի նկատմամբ, այլ հակառակը՝ մեղադրանք են ներկայացրել հենց փաստաբանին և միայն փաստաբանին:
Այսպես, համաձայն փաստաբան Հրայր Խաչատրյանի հայտնած տեղեկատվության՝ 2026 թվականի մայիսի 26-ին, ամուսնաընտանեկան վեճի առնչությամբ իրականացվող հաշտարարության շրջանակներում իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու նպատակով գտնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Կապանի ստորաբաժանման վարչական շենքում։
Հաշտարարության գործընթացի ավարտից հետո նրան զանգահարել է հակառակորդ կողմի՝ իր վստահորդի կնոջ եղբայրը և հրավիրել դուրս։ Վարչական շենքից դուրս գալուց հետո, փաստաբանի պնդմամբ, նշված անձը իր հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, սպառնացել է, պահանջել չմիջամտել ամուսինների միջև առկա հարցերին, ինչպես նաև քաշքշել և հարվածներ է հասցրել նրան։
Փաստաբանի հաղորդմամբ՝ նշված անձի գործողություններն ուղղված են եղել ոչ միայն իր անձի, այլև փաստաբանի կարգավիճակի, մասնագիտական գործունեության և կոնկրետ վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը ներկայացնելու դեմ՝ նպատակ ունենալով սպառնալիքների միջոցով դադարեցնել փաստաբանական գործունեության իրականացումը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Փաստաբանի ներկայացմամբ՝ սկզբնական շրջանում դեպքին տրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասով (ֆիզիկական ներգործությունը) իրավական գնահատական, որը չէր արտացոլում փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ կատարված ենթադրյալ արարքների բնույթը։
Անդրադառնալով Հրայր Խաչատրյանի բարձրացրած հարցին՝ Հանձնաժողովը դեռևս 2026 թվականի հունիսի 5-ի դիրքորոշմամբ արձանագրել է, որ փաստաբանին մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալը, գործունեությունը չշարունակելու պահանջ ներկայացնելը և նրա նկատմամբ բռնություն գործադրելը փաստաբանական գործունեությանը կոպիտ միջամտություն է։ Հանձնաժողովը նաև նշել է, որ ներկայացված հանգամանքներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, և դրանք պետք է ստուգվեն այդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Փաստաբանի համոզմամբ՝ իր, Փաստաբանների պալատի, փաստաբանական համայնքի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և պետական այլ մարմինների կողմից ներկայացված դիմումների ու միջնորդությունների, ինչպես նաև իր կողմից հավաքված և վարույթն իրականացնող մարմնին ներկայացված ապացույցների արդյունքում 2026 թվականի հունիսի 12-ին վարույթն իրականացնող քննիչը կազմել է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որով դեպքին տրվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով իրավական գնահատական։
Փաստաբանը հայտնել է, որ վարույթի շրջանակներում ներկայացրել է բազմաթիվ միջնորդություններ և ապացույցներ, այդ թվում՝ իր կողմից Պարեկային ծառայությունից ստացված տեսաձայնագրություններն ու դրանց վերլուծությունները, որոնք հերքում են իր կողմից բռնություն գործադրելու մասին մյուս կողմի պնդումները և հաստատում իր ու վստահորդի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքների հանգամանքները։
Չնայած նշված հանգամանքներին և ներկայացված նյութերին՝ փաստաբանի պնդմամբ՝ քրեական վարույթով պատշաճ քննություն չի իրականացվել, իր միջնորդությունները և ներկայացված նյութերը պատշաճ չեն քննվել և հետազոտվել, ինքը և իր վստահորդը երկար ժամանակ չեն ստացել տուժողի դատավարական կարգավիճակ, իսկ ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումներ չեն կայացվել։
Փաստաբան Հրայր Խաչատրյանը ներկայացրել է, որ վարույթի ձգձգումը, իր միջնորդությունների մերժումը, տուժողի կարգավիճակ չտրամադրելը և ենթադրյալ հանցավոր արարքներ կատարած անձանց նկատմամբ համապատասխան դատավարական որոշումների բացակայությունը հիմք են տվել իրեն մտահոգվելու, որ քրեական վարույթն օգտագործվում է իր նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու, իրեն այլ քրեական վարույթներով փաստաբանական գործունեություն իրականացնելուց կաշկանդելու և մասնագիտական առումով թիրախավորելու նպատակով։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ իր նկատմամբ կարող է դրսևորվել անհավասար կամ խտրական վերաբերմունք՝ պայմանավորված այլ քրեական վարույթներում իր մասնագիտական գործունեությամբ։
Հատկանշական է, որ փաստաբանի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին նույն քրեական վարույթի շրջանակներում իր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություն է առաջացնում, քանի որ նույն վարույթում փաստաբանը նախ հանդես է եկել որպես իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ենթադրյալ բռնության ենթարկված անձ, իսկ հետագայում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կարևորում է նշված հանգամանքները ամբողջության մեջ գնահատվելու հանգամանքը՝ ապահովելու համար ինչպես փաստաբանի նկատմամբ ենթադրյալ հանցավոր արարքների արդյունավետ քննությունը, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման օրինականության և հիմնավորվածության պատշաճ ստուգումը։ Միաժամանակ ընդգծում է, որ այն հանգամանքների համակցությունը, որի պայմաններում փաստաբանը նախ հաղորդում է ներկայացրել իր մասնագիտական գործունեության կապակցությամբ իր նկատմամբ ենթադրյալ բռնության մասին, իսկ այնուհետև՝ նույն վարույթի շրջանակներում դարձել է հանրային քրեական հետապնդման ենթակա անձ, պահանջում է առանձնահատուկ ուշադրություն և օբյեկտիվ գնահատում։
Փաստաբանական համայնքի համար սկզբունքային է, որ փաստաբանի՝ իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ իրականացվող օրինական մասնագիտական գործունեությունը չդառնա սպառնալիքների, բռնության, անհիմն սահմանափակումների կամ քրեական վարույթի միջոցով ճնշման ենթարկվելու պատճառ։ Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության և անվտանգության արդյունավետ երաշխիքներ, իսկ փաստաբանի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ վարույթները պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, լրիվ, օբյեկտիվ և անաչառ կերպով՝ բացառելով ինչպես անգործությունը, այնպես էլ ցանկացած հնարավոր կամայականություն։
Փաստաբանի անկախությունն ու մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունը փաստաբանական ինստիտուտի հիմնարար երաշխիքներից են։ Դրանք ոչ թե առանձին փաստաբանի անձնական արտոնություններ են, այլ հանրային նշանակություն ունեցող երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի որակյալ և անկախ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
Փաստաբանը պետք է հնարավորություն ունենա իր մասնագիտական պարտականություններն իրականացնել առանց սպառնալիքների, բռնության, ահաբեկման, անհիմն հետապնդման կամ պետական մարմինների կողմից կամայական միջամտության։
Այս սկզբունքն ամրագրված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով։
ՄԱԿ-ի՝ 1990 թվականի «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 16-րդ կետի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականությունները կատարել առանց սպառնալիքների, խոչընդոտների, ահաբեկման կամ անարդարացի միջամտության։
Նույն սկզբունքների 17-րդ կետով նախատեսվում է, որ փաստաբանները պետք է ունենան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում իրենց անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանված լինելու հնարավորություն։
Բացի այդ, Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիան ամրագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության արդյունավետ պաշտպանության և փաստաբանի նկատմամբ անարդարացի միջամտություններից զերծ միջավայր ապահովելու պետությունների պարտավորությունները։
Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փաստաբանը, պաշտպանելով իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը, հաճախ ստիպված է լինում առարկություններ ներկայացնել պետական մարմինների, պաշտոնատար անձանց կամ այլ անձանց գործողությունների դեմ։ Նման առարկությունները չեն կարող ինքնին հիմք հանդիսանալ փաստաբանի նկատմամբ բացասական վերաբերմունքի, ճնշումների կամ քրեական հետապնդման համար։
Փաստաբանի նկատմամբ բռնությունը, սպառնալիքները, մասնագիտական գործունեությունը դադարեցնելու պահանջները կամ նրա մասնագիտական դիրքորոշման համար հետապնդումը ոչ միայն ոտնձգություն են տվյալ փաստաբանի իրավունքների նկատմամբ, այլև ուղղակի վտանգ են ստեղծում իրավաբանական օգնության ինստիտուտի բնականոն գործունեության համար։
Առանձնակի կարևոր է նաև իրավապահ մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ կատարված ենթադրյալ ոտնձգությունների վերաբերյալ հաղորդումների քննության արդյունավետությունը։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ նման հաղորդումները քննվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ՝ ստուգելով ինչպես փաստաբանի ներկայացրած հանգամանքները, այնպես էլ դրանց հերքմանն ուղղված փաստարկները։
Միաժամանակ Հանձնաժողովը շեշտում է, որ փաստաբանի մասնագիտական կարգավիճակն ամենևին չի նշանակում քրեական պատասխանատվությունից ազատում։
Վերը ներկայացված երկու դեպքերի համադրությունը փաստաբանների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջացնում է լուրջ մտահոգություն և ի հայտ է բերում մի շարք փոխկապակցված խնդիրներ։
Մասնավորապես՝ փաստաբան Աննա Խաչատրյանի դեպքում մտահոգության առարկա է փաստաբանի նկատմամբ մասնագիտական գործունեության կապակցությամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ հաղորդման քննության արդյունավետությունը և հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշման իրավաչափությունը, որը ներկայումս բողոքարկված է դատական կարգով։
Փաստաբան Հրայր Խաչատրյանի դեպքում մտահոգիչ է այն, որ փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ իր նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց հետո նույն իրադարձությունների առնչությամբ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Այս դեպքերը, թեև ունեն տարբեր փաստական հանգամանքներ, սակայն քրեական հետապնդման մարմինների արձագանքների և վերաբերմունքի վերլուծությունը դուրս է բերում համակարգային առանցքային խնդիր՝ փաստաբանի մասնագիտական գործունեության նկատմամբ միջամտությունների կանխարգելման, նման միջամտությունների վերաբերյալ հաղորդումների արդյունավետ քննության և փաստաբանի անկախության իրական երաշխիքների ապահովման անհրաժեշտության շուրջ։
Հանձնաժողովը հատկապես անընդունելի է համարում այնպիսի գործելակերպը, որը կարող է փաստաբանների շրջանում ձևավորել մտավախություն, որ իրենց մասնագիտական պարտականությունները լիարժեք կատարելու կամ իրենց վստահորդների շահերը հետևողականորեն պաշտպանելու կամ պետական մարմինների գործողությունները իրավական առումով վիճարկելու դեպքում իրենք կարող են ենթարկվել ճնշումների կամ քրեական հետապնդման։
Նման իրավիճակը կարող է ունենալ ոչ միայն անհատական, այլև համակարգային բացասական հետևանքներ՝ հանգեցնելով փաստաբանի անկախության թուլացմանը և անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետության նվազմանը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝
1. Խորը մտահոգություն է հայտնում փաստաբաններ Աննա Խաչատրյանի և Հրայր Խաչատրյանի կողմից ներկայացված դեպքերի, դրանց առնչությամբ իրավապահ մարմինների գործողությունների և փաստաբանների մասնագիտական իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։
2. Դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեությանը ցանկացած ապօրինի միջամտություն, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ բռնությունը, սպառնալիքները, մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորության սահմանափակումը և մասնագիտական դիրքորոշման համար հետապնդումը։
3.Կարևորում է փաստաբանների նկատմամբ մասնագիտական գործունեության կապակցությամբ բռնության, սպառնալիքների և այլ ոտնձգությունների վերաբերյալ հաղորդումների արդյունավետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության ապահովումը՝ դրանց իրավական գնահատական տալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի համատեքստում։
4.Կոչ է անում ՀՀ դատախազությանը և քննչական մարմիններին՝ նշված և նմանատիպ դեպքերի վերաբերյալ հաղորդումներով և քրեական վարույթներով ապահովել բարձր վստահություն երաշխավորող օբյեկտիվություն, բազմակողմանություն և լրիվություն՝ բացառելով փաստաբանների նկատմամբ որևէ ընտրողական կամ կանխակալ մոտեցում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր