Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները

Մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները

Fri, 20 Nov 2026 11:33:29 +0400


Դիանա Մեսրոպյանը գրել է․

«Արցախն ուներ իր կամերային նվագախումբը`շուրջ 20 տարվա պատմությամբ :Այն Արցախի մշակույթի և մեր ինքնության մի մասն էր:
2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո որոշում կայացվեց Երևանում վերականգնել Արցախի կամերային նվագախումբը ։

Գաղափարը ներկայացվում էր որպես հնարավորություն `փրկելու ոչ միայն նվագախմբի գոյությունը ,այլև արցախցի երաժիշտների մասնագիտական կյանքը`նրանց տալով աշխատանք,ապրուստի միջոց և իրենց գործը շարունակելու հնարավորություն։
Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ՀԲԸՄ -ն։

Սկզբում հայտարարվեց մրցույթ`որի արդյունքում նվագախմբից դուրս մնացին բազմաթիվ արցախցի երաժիշտներ `մասնագիտական անհամապատասխանության պատճառաբանությամբ, ովքեր, ի դեպ, արդեն 20 տարի աշխատում էին տվյալ նվագախմբում։
Այնուհետև տարբեր հանգամանքներում նվագախումբը լքեցին նաև մյուս արցախցի երաժիշտները ։
Եվ այսօր,ունենք Արցախ նվագախումբ,որտեղ չկան արցախցի երաժիշտներ ։

Սակայն նվագախումբը շարունակում է հանդես գալ «Արցախ» անունով,համերգներ տալ և ստանալ ֆինանսավորում այն կառույցի կողմից,որի համար հենց Արցախի անունն ու արցախցի երաժիշտներին աջակցելու գաղափարն էին նախաձեռնության հիմքում։
Ուստի հարց է առաջանում.
Ինչ է այսօր ներկայացնում Արցախ նվագախումբը,
Ում համար և ինչ նպատակով էր այն վերականգնվում։
Եթե սկզբնական գաղափարն արցախցի երաժիշտներին աշխատանքով ապահովելն էր,ապա ինչու այսօր նրանցից ոչ ոք այդ նվագախմբում չէ։
Արդյոք ֆինանսավորումը շարունակվում է նույն սկզբնական նպատակադրումով։
Եվ ,ի վերջո,ով է պատասխանատու այն բանի համար,որ մի նախաձեռնություն,որը պետք է լիներ արցախցի երաժիշտների աջակցության և Արցախի մշակութային ժառանգության պահպանման միջոց,հասել է այս վիճակին։

Մենք չենք վիճարկում որևէ մեկի մասնագիտական կարողությունները կամ երաժշտությամբ զբաղվելու իրավունքը։ Մենք բարձրաձայնում ենք մեկ այլ՝ շատ ավելի կարևոր հարց.

արդյո՞ք արդար է պահպանել Արցախի անունը, օգտվել այդ անվան խորհրդանշական ու բարոյական արժեքից, շարունակել դրա ներքո ֆինանսավորում ստանալ, երբ այն մարդիկ, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր այս հնարավորությունը, այլևս այդտեղ չեն։
Արցախը պարզապես անուն չէ, որը կարելի է օգտագործել համերգային ծրագրերում։ Արցախը մարդիկ են, պատմություն, մշակույթ, հիշողություն և պատասխանատվություն։

Եվ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւր մնացին մեր երաժիշտները, և ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։
Մենք պահանջում ենք հարգանք այն գաղափարի նկատմամբ,որի անունով սկսվեց այս ամենը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Tue, 17 Nov 2026 13:13:24 +0400 Հայ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով