«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան
Fri, 20 Nov 2026 22:13:57 +0400

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծերերի վտարումը կենտրոնից։
Երբ հարկային բարեփոխումը բախվում է ծերության անպաշտպանությանը․ գույքահարկի թաքնված սոցիալական գինը․
Անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրումից հետո հանրային քննարկումների կենտրոնում պարբերաբար հայտնվում է մի ցավոտ հարց․ ի՞նչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, ովքեր ունեն սեփական բնակարան, բայց չունեն բավարար ընթացիկ եկամուտ՝ այդ գույքի դիմաց սահմանված հարկը վճարելու համար։ Այս խնդրի ամենախոցելի թիրախը միայնակ կամ ցածր թոշակ ստացող տարեցներն են։
Անհամաչափ բեռ՝ եկամտի և հարկի միջև
Տնտեսագիտական տեսանկյունից ցանկացած հարկային համակարգ պետք է հիմնված լինի վճարունակության սկզբունքի վրա։ Սակայն գույքահարկի գործող մոդելում հաշվի է առնվում բացառապես գույքի շուկայականին մոտեցված կադաստրային արժեքը, և ամբողջությամբ անտեսվում է սեփականատիրոջ իրական եկամուտը։
Մարդը, ով տասնամյակներ շարունակ աշխատել է, ստեղծել արդյունք և ձեռք է բերել բնակարան, կենսաթոշակի անցնելուց հետո հայտնվում է փակուղում։ Նրա կենսաթոշակը հազիվ է բավականացնում առաջին անհրաժեշտության սննդին, դեղորայքին և կոմունալ ծախսերին։ Այս պայմաններում տարեկան աճող գույքահարկը դառնում է անհաղթահարելի պարտավորություն։
Թոշակառուի ինստիտուցիոնալ անպաշտպանությունը
Այս իրավիճակում թոշակառուն մնում է միայնակ և բացարձակ անպաշտպան՝ բյուրոկրատական ու իրավական մեքենայի դեմ․
Հարկային արտոնությունների բացակայություն․ Գործող օրենսդրությունը չի նախատեսում հստակ սոցիալական շեմ կամ ազատում միայնակ թոշակառուների համար, որոնց միակ եկամուտը կենսաթոշակն է, իսկ տվյալ բնակարանը՝ միակ կացարանը։
Տույժերի և տուգանքների կուտակում․ չվճարված գումարի վրա ավելացող տույժերը կարճ ժամանակում պարտքը դարձնում են կրկնակի ու եռակի ծանր՝ զրկելով տարեց մարդուն երբևէ այն մարելու հնարավորությունից։
Հարկադիր կատարման մեխանիզմների կոշտությունը․ Պարտքի հավաքագրման և բռնագանձման ընթացակարգերում մարդկային գործոնը գրեթե բացառված է։ Առաջին հերթին արգելանք է դրվում հենց կենսաթոշակային հաշվի վրա՝ թողնելով մարդուն առանց գոյատևման միջոցների, իսկ ծայրահեղ դեպքերում վտանգվում է նաև նրա միակ կացարանի նկատմամբ սեփականության իրավունքը։
Տեղեկատվական և իրավական անօգնականություն․ տարեց քաղաքացին հաճախ չունի ո՛չ ֆինանսական միջոցներ փաստաբան վարձելու համար, ո՛չ էլ առողջություն ու հնարավորություն՝ պետական տարբեր ատյաններով իր իրավունքները պաշտպանելու։
Ի՞նչ է պետք փոխել
Երբ պետությունը հարկում է միակ կացարանն առանց սեփականատիրոջ եկամուտը հաշվի առնելու, գույքահարկը դադարում է լինել արդար հարկ և վերածվում է սեփականազրկման գործիքի։ Անհրաժեշտ են հստակ օրենսդրական երաշխիքներ։ Կենսաթոշակառուների միակ բնակարանի հարկային արտոնություն կամ լրիվ ազատում գույքահարկից, եթե ընտանիքի մեկ շնչին ընկնող եկամուտը չի գերազանցում նվազագույն սպառողական զամբյուղը։
Հարկային պարտավորության սառեցում մինչև գույքի օտարումը կամ ժառանգության բացումը (այնպես, ինչպես կիրառվում է մի շարք երկրներում), որպեսզի տարեց մարդը իր կյանքի մայրամուտին չկանգնի տնից զրկվելու սպառնալիքի առաջ։ Կենսաթոշակային հաշիվների անձեռնմխելիություն գույքահարկի պարտքերի գծով կիրառվող արգելանքներից։
Պետության սոցիալական պատասխանատվությունը չափվում է նրանով, թե ինչպես է այն վերաբերվում իր ամենախոցելի քաղաքացիներին։ Մարդը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է աշխատանքին ու երկրին, իրավունք ունի ապրելու իր սեփական տանիքի տակ՝ արժանապատիվ և պաշտպանված»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր