Ո՞ր դեպքում Թրամփը կօգնի Ուկրաինային․ Եվրոպայի դերը մեծանում է
Mon, 23 Nov 2026 12:30:42 +0400

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ, նրա փեսան՝ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է լինեն ավելի լայն եվրոպական անվտանգության ճարտարապետության մաս, այլ ոչ թե առանձին համաձայնագիր, հաղորդում է Associated Press-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել առկա եվրոպական անվտանգության ինստիտուտները և հասկանալ, թե ինչու առկա մեխանիզմները չեն կարողացել կանխել ներկայիս հակամարտությունը։
Քուշները ԱՄՆ նպատակը նշել է այնպիսի համակարգի ստեղծումը, որտեղ Ուկրաինան պաշտպանված կլինի, Եվրոպան կդառնա ավելի ուժեղ, Ռուսաստանը այլևս չի վախենա ՆԱՏՕ-ից, և ՆԱՏՕ-ն այլևս չի վախենա Ռուսաստանից։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է քննարկել Կիևին անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե համոզված լինի, որ նոր հակամարտության հավանականությունը չափազանց ցածր է։
«Նախագահ Թրամփի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինայի համար 5-րդ հոդվածի ոճով անվտանգության երաշխիքները, կարևոր է երկարատև խաղաղության հասնելու համար։ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ քննարկելու նման երաշխիքները, մեծ առաջընթաց է և հնարավոր նշան, որ այն լուրջ է վերաբերվում խաղաղությանը», – հավելել է Քուշները։
Քուշների խոսքով՝ Թրամփը բաց է Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի մոդելով երաշխիքներ տրամադրելու համար, որը դաշինքի մեկ անդամի վրա հարձակումը համարում է բոլորի վրա հարձակում։ Սակայն նման պարտավորությունները պետք է համապատասխանեն ԱՄՆ շահերին և լինեն ավելի լայն անվտանգության փաթեթի մաս։ Ամերիկայի նախագահը նաև պնդում է Կիևի և եվրոպական երկրների հետ սերտ խորհրդակցությունների վրա։
Առաջիկա շաբաթներին Քուշները մտադիր է մասնավոր հանդիպումներ և բազմակողմ քննարկումներ անցկացնել եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Նա կարծում է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի՝ նոր հակամարտությունները կանխելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր