Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակ

Նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակ

Mon, 23 Nov 2026 19:45:20 +0400


Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ում դրա օգտին քվեարկի առնվազն 70 պատգամավոր։ Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած ՔՊ-ն ունի ընդամենը 64 ձայն, եւս 6 ձայն է հարկավոր, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի եւ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է այդ 6 ձայնը ստանալու համար: Բանտարկել է քաղաքական ուժերի ղեկավարներին: Հավանաբար հույս ունի, որ առեւտրի կգնան. «ազատություն` 6 ձայնի դիմաց»: Սպառնում է մյուսներին էլ բանտ ուղարկել: Սպառնում է ժողովրդին հանել փողոց եւ պաշարել Ազգային Ժողովը` ստիպելով ընդդիմությանը, որ կողմ քվեարկեն: Շանտաժի է ենթարկում նաեւ ժողովրդին` չի լինի խաղաղություն, եթե Սահմանադրությունը չփոխենք: Տեսնելով, որ սպառնալիքները չեն ազդում, փորձում է գայթակղել, թե` Հանրաքվեին եթե ոչ ասեն` ես կհեռանամ, եթե այո ասեն` հաջորդ ընտրություններին չեմ առաջադրվի:

Ընդդիմությունը համարում է, որ չեն աջակցի ալիեւյան Սահմանադրության ընդունմանը: Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

Հասարակական-քաղաքական գործիչ Աննա Կոստանյանը մեզ հետ զրույցում խոսելով նոր սահմանադրության տեքստի մասին, ասում է. «Ես ուզում եմ մի բան շեշտել. բովանդակային քննարկումներն այս մասին անտեղի են ու անիմաստ` ընդդիմադիր դաշտի կողմից: Բովանդակային քննարկումներ կարող են անել Նիկոլ Փաշինյանի ադմինիստրացիայի պրոքսի «ընդդիմադիր» ուժերը, ովքեր տենչում են հաջորդ պառլամենտում հայտնվել որպես Նիկոլ Փաշինյանի սրտի ընդդիմություն: Մտնելով բովանդակային քննարկումների դաշտ քաղաքական ուժերը լեգիտիմացնում են ոչ լեգիտիմ վարչապետի կողմից բերված` ոչ լեգիտիմ սահմանադրական պրոցեսը: Ընդդիմությունը ընտրություններից այս կողմ խոսում է այն մասին, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, որ ձայներ է գողացել` 60 հազար քվեի մասին է խոսքը, և այլն, սակայն միևնույն ժամանակ մտնում են բովանդակային դաշտ, և օրինականանցնում են այս մարդկանց կողմից սկսված անօրինական պրոցեսը: Նիկոլ Փաշինյանին էլ հենց դա է պետք, որ քննարկվեն այս տեքստում առաջ քաշված դրույթները` մարդու իրավունքների հետ կապված, և այլն: Դատական համակարգն այս իշխանության համար ամենախոցելին է, հետևաբար հենց այս համակարգը պետք է ամեն գնով փորձեն վերցնել իրենց ձեռքը: Այնպիսի մեխանիզմներ են ստեղծում, որ Փաշինյանը, իսկ հետագայում նրա հետնորդները տոտալ հսկողության տակ վերցնեն դատավորներին: Պատահական չէ, որ նոր սահմանադրությամբ ԱԺ պատգամավորներն են ընտրելու ԲԴԽ անդամներին, իսկ դատավորները չեն ունենալու կոնկրետ կարգավիճակ»:

Ինչո՞ւ է իշխանությունը հենց այս պահին հրապարակում նախագիծը, եթե այն ընդունվել կարող է ամենաշուտը գարնանը. «2021-2022 թվականից սահմանադրության փոփոխության համար հանձնաժողով ստեղծվեց, և այնտեղ սահմանվեցին կոնկրետ ժամկետներ, որոնք շուտով պետք է սպառվեն: Փաստացի իշխանությունը հիմա խնդիր ունի այդ ժամկետներով առաջնորդվելու, թեպետ նրանց պարագայում ինչ-որ բան խախտելը բարդ բան չէ: Սահմանադրությունն ամեն կերպ խախտել են, ժամկետն ի՞նչ է, որ չխախտեին, սակայն ես կարծում եմ, որ սա է հիմնական նպատակը այժմ հրապարակելու: Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակ, բայց թե ինչո՞ւ է գնում այս քայլին, պարզ չէ: Նա ցայտնոտի մեջ է, նրա վերջին այցերը դրա մասին են վկայում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով