Մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն այլևս արտոնություն չեն ունենա
Thu, 26 Nov 2026 14:09:32 +0400

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխել ՀԴՄ կտրոնների տրամադրման կանոնները՝ պարտադիր պահանջները տարածելով բոլոր տնտեսվարողների վրա՝ անկախ նրանց տարեկան շրջանառության չափից։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ներկայում գործող կարգավորումների համաձայն՝ ապրանքի անվանումը, ծածկագիրը, քանակը, չափման միավորը և ծառայության կոդը ՀԴՄ կտրոնում պարտադիր պետք է արտացոլեն միայն այն հարկ վճարողները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 24 մլն դրամը։ Հանրային սննդի օբյեկտների դեպքում այս պահանջը վերաբերում է նաև ճաշացանկում ներառված կերակրատեսակների և խմորեղենի անվանումներին։
Կառավարության առաջարկած փոփոխությամբ վերացվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար գործող այս արտոնությունը։ Այսուհետ ապրանքների և ծառայությունների վերաբերյալ նշված տվյալները կտրոններում պարտադիր կլինեն բոլոր հարկ վճարողների համար՝ անկախ նրանց շրջանառությունից։
Նոր կարգավորումից բացառություն կկազմեն միայն «կանխավճար» նշումով տրամադրվող ՀԴՄ կտրոնները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր