Ինչ է կախված Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից
Fri, 27 Nov 2026 09:30:59 +0400

Ռուս քաղաքագետ Եվգենի Սեմիբրատովը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցը, որը կայանալու է դեկտեմբերի 3-ին, որոշելու է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետագա ֆորմատը։ «Տեսնում ենք, որ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն աստիճանաբար դուրս են գալիս ուղեծրից։ Մոսկվայում ցանկանում են հասկանալ, թե ինչ ապագա են տեսնում Երեւանում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում։ Երեւանում դեռեւս խոսում են վերաֆորմատավորման անհրաժեշտության մասին, սակայն, դրանով հանդերձ, չեն նշվում կոնկրետ պարամետրերը՝ կապված ապագա ֆորմատների հետ։ Դա հարցեր է առաջացնում, քանի որ երկու երկրների միջեւ առկա են տնտեսական ամենաբարձր մակարդակի հարաբերություններ եւ փոխկապակցվածություն։
Խոսքը նաեւ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների մասին է՝ երկաթուղիներ, գազամատակարարում, էլեկտրացանցեր, որոնք, այսպես թե այնպես, կապված են կա՛մ Ռուսաստանի հետ առնչվող կառույցներին, կա՛մ պատկանում են Ռուսաստանին։ Բնականաբար, հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ երկկողմ հարաբերությունների վերաֆորմատավորումը երկու կողմում էլ անհանգստություն են առաջացնում»,- նշել է Սեմիբրատովը։ Քաղաքագետը նկատում է, որ Երեւանը ձգտում է Եվրամիության հետ ինտեգրման, որը ստեղծում է հակասություն՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։ Եվ դրա համար կողմերը պետք է մշտական շփումներ ունենան ու հասկանան, թե ինչպիսի ապագա են ունենալու Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր