ՖԻՖԱ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են հաքերների ձեռքում․ հայտնի են մանրամասները
Fri, 27 Nov 2026 16:00:13 +0400

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կիբերհարձակման է ենթարկվել։ Կազմակերպությունը հաստատել է, որ անհայտ անձանց հաջողվել է ներթափանցել իր տեղեկատվական համակարգեր և ձեռք բերել ներքին փաստաթղթեր ու անձնական բնույթի տվյալներ։
Հարձակման հեղինակ է ներկայացել Handsome Boy Hacking Club անունով հայտնի հաքերային խմբավորումը։ Դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ ՖԻՖԱ-ի համակարգերից գողացել են ավելի քան 12 գիգաբայթ ծավալով տեղեկատվություն՝ հրապարակելով նաև ձեռք բերված փաստաթղթերի մի մասը։
Ըստ տարածված տեղեկությունների՝ գողացված նյութերի թվում կարող են լինել անձնական փաստաթղթեր, ՖԻՖԱ-ի ղեկավար կազմին վերաբերող տեղեկություններ, ֆինանսական և իրավական բնույթի փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպության ներքին գործունեությանն առնչվող տվյալներ։
ՖԻՖԱ-ն հաստատել է կիբերհարձակման փաստը՝ նշելով, որ միջադեպի առնչությամբ համագործակցում է համապատասխան իրավասու մարմինների հետ։ Կազմակերպությունից հայտնել են, որ լրջորեն են վերաբերվում տեղեկատվական անվտանգությանն ու իրենց տնօրինության տակ գտնվող տվյալների պաշտպանությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր