Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Շանտաժին պատասխանում են շանտաժով

Շանտաժին պատասխանում են շանտաժով

Sat, 28 Nov 2026 18:15:18 +0400


Ռուսաստանի իշխանությունը Փաշինյանի շանտաժին պատասխանում է շանտաժով՝ հասկացնելով, որ նրա գեղցիական շուստրիությունները չեն անցնի: Երկրի իշխանությունը բռնազավթած խունտայի պարագլուխը հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին այցելելու է Ռուսաստան՝ իբրեւ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որ իրենք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցանկանում են վերաֆորմատավորել դրանք: Իսկ որպեսզի Ռուսաստանի իշխանությանը ստիպի շատ ճնշում չգործադրել իր վրա եւ հրաժարվել նախկինում հրապարակված նախապայմանից, որոշել է այցից առաջ մի փոքր շանտաժ անել` աչքները վախեցնել: Բայց շանտաժը կարծես չի ստացվում, Ռուսաստանը շանտաժին պատասխանում է շանտաժով:
Երեկվա իր ճեպազրույցում Փաշինյանը խոսեց Հայաստանի տարածքից Ռուսաստանի սահմանապահ զորքերը դուրս բերելու եւ սահմանի հսկողությունը Հայաստանի սահմանապահ զորքերին հանձնելու մտադրության մասին` եկել է ժամանակը, որ Հայաստանն իր վրա վերցնի սահմանի պաշտպանության պատասխանատվությունը: Որպեսզի ցույց տա իր մտադրության լրջությունը, որ չընկալվի այնպես, թե դա պատահական հայտարարություն էր օդի մեջ, խունտայի պարագլուխը նույն օրը հրավիրել էր խորհրդակցություն` բավական ներկայացուցչական կազմով, որի ընթացքում քննարկել են սահմանապահ ծառայության վերափոխման հարցեր։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրները պահանջ են դրել, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ անդամակցության հարցում, եւ պատասխանի համար վերջնաժամկետ են սահմանել դեկտեմբերի վերջը, երբ, հաստատված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հավաքը: Ռուսաստանը շատ հստակ է ձեւակերպել պահանջը. եթե Հայաստանը չի հրաժարվում անցած տարվա մարտին ընդունված օրենքից, որը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելուն, Ռուսաստանը եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները դա դիտարկում են որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն, քանի որ միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ անդամակցել ԵՄ-ին՝ անհնար է: Երեկվա ճեպազրույցում Փաշինյանը կրկին եւ ուղիղ տեքստով հայտարարեց, որ իր իշխանությունը մտադիր չէ չեղարկել այդ օրենքը: Ստացվում է, որ նա Մոսկվա է գնում՝ կրկնելու այն, ինչ երեկ հայտարարեց ճեպազրույցում: Դրա պատասխանը լինելու է Հայաստանի հեռացումը ԵԱՏՄ-ից: Թե դա ինչպես կձեւակերպվի` անդամության սառեցում կամ անդամության դադարեցում, կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Ռուսաստանը դրանից հետո Հայաստանին վերաբերվելու է որպես ոչ ԵԱՏՄ անդամ երկրի, դրանից բխող հետեւանքներով, այդ թվում եւ՝ գազի գնի թանկացմամբ, ինչը կարող է տնտեսական լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի տնտեսության համար:

Փաշինյանին թվում էր, որ ինքն ունի Ռուսաստանի վրա ազդեցության հզոր լծակ, դա Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերն են եւ 102-րդ ռազմաբազան: Իր տրամաբանությամբ` եթե Ռուսաստանը փորձի թանկացնել գազը եւ Հայաստան մատակարարվող մյուս ապրանքները, ինքն էլ կպահանջի Հայաստանի տարածքից դուրս բերել սահմանապահներին եւ ռազմաբազան: Հենց այդ նպատակով երեկ նա խոսեց դրա մասին եւ խորհրդակցություն անցկացրեց:

Նա մի անգամ էլ էր փորձել օգտագործել այդ շանտաժը` ասելով, որ գազի գնի թանկացմանն ի պատասխան՝ կարող են միլիարդ դոլարանոց վարձավճար պահանջել ռազմաբազայի տեղակայման դիմաց: Այս տարվա սեպտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում պատասխանել էր այդ շանտաժին, որ պատրաստ են թեկուզ վաղը հեռանալ` մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում: Իսկ երեկվա փաշինյանական շանտաժին շատ արագ արձագանքեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Պատասխանելով «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողի հարցին` Փաշինյանի՝ Մոսկվա նախատեսվող այցի մասին, նա ասել է, որ, նախապես կայացած պայմանավորվածության համաձայն, Փաշինյանն առաջիկա օրերին կայցելի Մոսկվա, իրենք նախապատրաստվում են այդ այցին: Որից հետո լրագրողը շատ տարօրինակ հարց է տալիս, թե արդյո՞ք Փաշինյանը բաց կթողնի դեկտեմբերին կայանալիք ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը, ինչին ՌԴ նախագահի խոսնակը պատասխանում է. «Մենք դեռ չգիտենք, դրա մասին պետք է հարցնել Փաշինյանին: Երբ նա կլինի Մոսկվայում, այդ ժամանակ էլ կհայտնի` կմասնակցի՞ այս ոչ պաշտոնական հանդիպմանը, թե՝ ոչ»:

Հարցը տարօրինակ էր նրանով, որ Մոսկվա կատարելիք այցի եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հավաքի միջեւ ուղիղ կապ չկա: Բայց Պեսկովը ստեղծեց այդ կապը. նա հաստատապես գիտեր, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դեկտեմբերին պատրաստվում է 3 այց կատարել Ռուսաստան, եւ հատուկ նշել է, որ վերջինը լինելու է ԱՊՀ եւ ԵԱՏՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Երբ Պեսկովը կասկածի տակ է դնում Փաշինյանի հնարավոր մասնակցությունն այդ հանդիպմանը, ուղղակի հասկացնում է, որ դեկտեմբերի սկզբին սպասվող այցի արդյունքներն այնպիսին կարող են լինել, որ Փաշինյանն այլեւս չցանկանա Ռուսաստան գալ, որ այդ հանդիպման արդյունքներով նրան կարող են տեղեկացնել, որ ինքն այլեւս կապ չունի ո՛չ ԱՊՀ-ի եւ ո՛չ էլ ԵԱՏՄ-ի հետ, հետեւաբար՝ կարող է բաց թողնել այդ միջոցառումը:

Արդյո՞ք համաձայնելով իր զորքերը դուրս բերել Հայաստանից՝ Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ ունեցած ազդեցության իր վերջին լծակներից, հնարավոր է՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Մի բան փաստ է. ՌԴ նախագահը գիտի, որ Փաշինյանը չէ Հայաստանի տերը, նա ընդամենը դրածո է` տերերն ինչ հրահանգում են, նա էլ անում է: Ի՞նչ իմաստ ունի լուրջ վերաբերվել ոչինչ չորոշող միջնորդին, երբ կարելի է խոսել տերերի հետ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան Sun, 29 Nov 2026 12:30:01 +0400 Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով