«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը

«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը

Sat, 28 Feb 2026 20:15:20 +0400


Փետրվարի 26-ից հայկական կինոթատրոններում ցուցադրվում է «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգությունը, որը համադրում է թեթև հումորը, ֆանտաստիկ տարրերը և խորքային արժեքային ուղերձը։ Նոր ֆիլմը հանդիսատեսին առաջարկում է ոչ միայն ծիծաղելու առիթ, այլև մտածելու հնարավորություն՝ ցանկությունների, գայթակղությունների և իրական արժեքների մասին։

Սյուժեի կենտրոնում երիտասարդ հերոսն է, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին և դրա դիմաց ստանում վեց ցանկություն։ Թվում է՝ սա կյանքի ամենահեշտ գործարքն է, սակայն յուրաքանչյուր իրականացված ցանկություն իր հետ բերում է ոչ միայն զվարճալի, այլև անսպասելի և երբեմն բարդ հետևանքներ։ Արդյունքում հերոսը կանգնում է ընտրության առաջ՝ վերաիմաստավորելով իր քայլերը և հասկանալով, թե իրականում որն է իր կյանքի առաջնահերթությունը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից և պրոդյուսերներից՝ Գարիկ Պապոյանը, նշում է, որ նախագիծը երկար ու հագեցած ճանապարհ է անցել մինչև մեծ էկրան հասնելը. «Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք։ Բայց ես չեմ հիշում իմ կյանքում այն կոնկրետ պահը, երբ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետև ամենասկզբից գործընթացում եղել եմ»։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն էր ստեղծել մի ֆիլմ, որը միաժամանակ կլինի ժամանցային և ասելիքով հագեցած։
Ֆիլմը նշանակալի է նաև դերասանուհի Սոնա Մաթևոսյանի համար․ սա նրա առաջին գեղարվեստական ֆիլմն է։

«Շատ հուզված եմ, երևի հենց նրա համար, որ իմ առաջին ֆիլմն էր։ Բայց շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այս փորձը հենց այս կազմի հետ էր»,– նշում է դերասանուհին։ Ըստ Պապոյանի՝ իրենց համար հպարտության առիթ էր, որ Սոնան իր առաջին քայլը մեծ կինոյում արեց հենց այս նախագծով։

Սատանայի կերպարը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, ում մասնակցությունն ի սկզբանե կանխատեսված էր ստեղծագործական թիմի կողմից։ Պապոյանի խոսքով՝ դերասանուհու խաղը «ցնցել» է բոլորին իր բնականությամբ և արտահայտչականությամբ։ Իսկ Արմուշի հետ աշխատանքը նա բնութագրում է որպես բացառիկ ներդաշնակ համագործակցություն՝ նշելով. «Արմուշի հետ խաղալն ինձ համար նույնն է, ինչ շնչելը»։

Ֆիլմում նկարահանվել է նաև Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը։ Նրա խոսքով՝ առաջարկը ստացել է անսպասելի՝ օդանավակայանում. «Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»։ Թեպետ դերը մեծ չէ, սակայն, ինչպես ինքն է նշում, այն ունի իր ասելիքը։ Ֆիլմում ներգրավված են նաև Պապոյանի աղջիկները, ինչն ամբողջ նախագծին հաղորդում է յուրահատուկ ընտանեկան ջերմություն։

Ֆիլմի ռեժիսորներն են Արման Սարգսյանը և Գրիգոր Գասպարյանը։ Ռեժիսոր Արման Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի առաջնային նպատակը հանդիսատեսին ծիծաղ պարգևելն է, սակայն ստեղծագործական թիմը կարևորել է նաև գաղափարական շերտը. «Շատ հաճախ չենք նկատում այն, ինչ ունենք մեր կողքին։ Վազում ենք ուրիշ բաների հետևից, բայց ամենակարևորը մնում է մեր շուրջը։ Ուզել ենք դա փոխանցել կատակերգության միջոցով»։
«Կրկին փորձիր»-ը, այսպիսով, հանդիսատեսին առաջարկում է միաժամանակ թեթև և խորքային կինոպատում՝ հիշեցնելով, որ երբեմն ամենակարևոր ցանկությունը ոչ թե վեցից մեկն է, այլ այն, ինչ արդեն ունենք մեր կողքին։

ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱԱՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով