Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Հայաստանում օտարը դու՛ ես, Նիկոլ Փաշինյան

Հայաստանում օտարը դու՛ ես, Նիկոլ Փաշինյան

Wed, 04 Mar 2026 15:45:37 +0400


Կարդում եմ Արման Թաթոյանի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Հայաստանում նոր ներխուժումներ են արձանագրվել, Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում ամրապնդել է իր ռազմավարական դիրքերը, կառուցել կոմունիկացիաներ ու թաքստոցներ։ Եվ ավելի շատ զարմանում եմ ոչ թե այդ հայտարարությունից, այլ հասարակության ընդհանուր հանդուրժողականությունից։
Թաթոյանը օդից չի խոսում։ Նա քարտեզի վրա ցույց է տալիս այն հատվածները, որտեղ, իր պնդմամբ, արձանագրվել են նոր տեղաշարժեր և դիրքավորման փոփոխություններ։ Եթե սա սուտ է՝ թող իշխանությունը հրապարակային հերքի։ Բայց լռում է։ Իսկ այդ լռությունը շատերի կողմից ընկալվում է որպես «խաղաղություն»։

Բոլորն արդեն հասկանում են, որ Ադրբեջանի լռությունը պատահական չէ։ Երբ տալիս են՝ կուշտ է, առայժմ լռում է։ Եվ հենց այդ լռությունն է, որ ներկայացվում է որպես խաղաղություն։ Շատերին դա դուր է գալիս, որովհետև մարդիկ ուզում են հավատալ, որ պատերազմ չի լինելու։ Իսկ երբ մարդ ինչ-որ բան շատ է ուզում, սկսում է հավատալ դրան։ Ավելի հանգիստ ես, երբ խաբված ես ու չգիտես ճշմարտությունը։

Այս պայմաններում իշխանությունը կարող է հանրության ուշադրությունը շեղել ամեն ինչով՝ պերյաշկի, կուկուռուզ ուտելով, թմբուկ զարկելով։ Կարևորը՝ լուրջ քաղաքական հարցերը չդառնան քննարկման թեմա։ Իսկ դրա համար ստեղծվել է մի պարզ մեխանիզմ՝ վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են խնդիրների մասին։ Երբ մարդուն վարկաբեկում են, նրա ասածն էլ է արժեզրկվում։ Դրա համար է գործի դրվում ֆեյքային բանակը։ Մարդիկ սկսում են մտածել՝ «ասում են էլի, ընտրություն է, դրա համար են ասում»։
Բայց այստեղ խոսքը ընտրության մասին չէ։ Մեզ փաստացի տեղեկացնում են, որ Հայաստանի սուվերեն տարածքներում փոփոխություններ են տեղի ունենում՝ առանց պատերազմի, առանց հանրային քննարկման, առանց ժողովրդի համաձայնության։ Եվ հարց է առաջանում՝ ու՞ր է հանրային, քաղքական արձագանքը։

Եթե նախկինում վարկաբեկվում էին նախկին պաշտոնյաները, հիմա, ինչպես նշում է նույն Արման Թաթոյան-ը, արդեն «օտար ներկայացուցիչներից Հայաստանը փրկելու» արշավ է սկսվել՝ օրինակ բերելով Սամվել Կարապետյանի անունը։ Մեխանիզմը նույնն է՝ պիտակավորել, օտարացնել, արժեզրկել։

Հայաստանում օտա՛րը դու ես, ամենաօտարը, Նիկոլ Փաշինյան։ Օտար՝ ոչ թե անձնագրով, այլ վերաբերմունքով։ Որովհետև երբ ժողովրդի իմացությունից ու մասնակցությունից դուրս որոշումներ են կայացվում, երբ տարածքային հարցերը դառնում են փակ սենյակների թեմա, իշխանությունը սկսում է օտարանալ սեփական ժողովրդից։ Իսկ օտարացած իշխանությունը վաղ թե ուշ մնում է միայնակ․․․

Իրական հարցը մնում է անպատասխան։ Ինչու՞ է Հայաստանի սուվերեն տարածքում դիրքավորվում թշնամին։ Եվ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի թիմը համոզված, որ հանրության ատելության, հիասթափության ֆոնին նա կրկին կվերընտրվի։ Ալի՞ևն է խոստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում

«Հրապարակ»․ Երկու խնդիր կա, որոնք պետք է լուծեն ՀՀ իշխանությունները՝ Իրանի հարձակման պայմաններում Wed, 04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով