Ահա թե ինչու պատերազմների զեկույցները չհրապարակվեցին
Thu, 02 Apr 2026 12:34:29 +0400

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, Ապրիլյան քառօրյա պատերազմի հիշատակի օրվա կապակցությամբ, ընդգծել է ազգային միասնականության և պատրաստակամության կարևորությունը՝ նշելով, որ հենց այդ գործոններն են ապահովում հաղթանակի հնարավորությունը։
Նրա խոսքով՝ երբ հասարակությունը համախմբված է և ունի հստակ նպատակ՝ պաշտպանելու իր անվտանգությունն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու շանսերը զգալիորեն մեծանում են։
Խաչատրյանը միաժամանակ քննադատել է գործող իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններս չեն հրապարակել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների վերաբերյալ ամբողջական զեկույցները։ Նրա գնահատմամբ՝ գոնե այն տեղեկատվությունը, որը գաղտնիք չի հանդիսանում, պետք է հասանելի լիներ հանրությանը՝ համեմատություններ կատարելու և իրադարձությունների ընթացքը հասկանալու համար։
Խաչատրյանի խոսքով՝ այսօր Արցախը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ արցախցիները ենթարկվել են բռնի տեղահանման, որը նա որակել է որպես էթնիկ զտման դրսևորում։ Նրա համոզմամբ՝ արցախցիների վերադարձի իրավունքի և այդ հետևանքների վերացման դեմ հանդես գալը նշանակում է անտեսել տեղի ունեցած ծանր իրադարձությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր