Իրան-ԱՄՆ հրադադար․ երբ բոլորը համոզված են իրենց «հաղթանակի» մեջ, բայց․․․
Wed, 08 Apr 2026 23:59:00 +0400

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մի քանի ժամում կարող է «ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն»՝ սպառնալով, ըստ էության, բնաջնջել Իրանը, եւ դա պատրաստվում էր անել ապրիլի 7-ի գիշերը, Իսրայելի հեռուստաընկերությունն ուղիղ եթերում ցուցադրեց հետհաշվարկի ժամանակացույցը։ Ամբողջ աշխարհը լարված հետեւում էր դրան, այդ թվում՝ Հայաստանում։ Համաշխարհային ժամանակն այլեւս չափվում էր չարաբաստիկ հարվածի սպասման ծանր վայրկյաններով։ Բայց… լուսադեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած խոսքը պակաս հարվածի ուժ չունեցավ։ Ամեն ինչ վճռված է։ Սպիտակ տան ղեկավարը «ցրեց» Իրանի վրա ծանրացած «սեւ ամպերը», որոնք հենց ինքն էր գոյացրել։ Հայտարարեց՝ համաձայն է Իրանի հետ հրադադարին, որը, իր պնդմամբ, երկկողմանի է լինելու։
Դրանից հաշված ժամեր առաջ «դարակազմիկ» հարվածից հետ կանգնելու խնդրանքով նրան դիմել էր Պակիստանի վարչապետը։ Թրամփն արձագանքել էր՝ մտածում է այդ առաջարկի մասին, լարված բանակցություններ են ընթանում։ «Կարեւոր օր համաշխարհային խաղաղության համար։ Իրանը դա է ուզում, նրանց հետ կապված՝ այլեւս բավ է։ Բոլորի համար՝ նույնպես։ ԱՄՆ-ն կօգնի՝ վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Կլինեն շատ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Մենք կբեռնենք ամեն տեսակի ապրանքներ եւ պարզապես կսպասենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա։ Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ այնպես, ինչպես մենք ապրում ենք ԱՄՆ-ում, սա կարող է լինել ոսկե դարաշրջան Մերձավոր Արեւելքի համար»,- TruthSocial սոցիալական ցանցում իր որոշումը մեկնաբանեց Թրամփը եւ խոստացավ, որ ԱՄՆ-ն կաջակցի Իրանի տնտեսական վերականգնմանը եւ կօգնի՝ լուծելու Հորմուզի նեղուցում առկա խնդիրները։
«Հիմնվելով Պակիստանի վարչապետ (Շահբազ) Շարիֆի եւ ֆելդմարշալ (Ասիմ) Մունիրի հետ զրույցների վրա, որոնց ընթացքում նրանք խնդրեցին ինձ զսպել Իրանի դեմ ուղղված ապակառուցողական ուժը, եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ եւ անվտանգ բացման համաձայնության դեպքում ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար։ Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն հասել եւ գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները եւ շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության վերջնական համաձայնագրի պատրաստման գործում։ Մենք ստացել ենք Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ եւ կարծում ենք, որ այն բանակցությունների համար գործնական հիմք է։
Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ անցյալում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բայց երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել եւ ամրապնդել համաձայնագիրը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից, որպես նախագահ, ինչպես նաեւ՝ Մերձավոր Արեւելքի երկրները ներկայացնող գործիչ, ես պատիվ եմ համարում, որ այս երկարատեւ խնդիրը մոտ է լուծմանը»,- շեշտեց ԱՄՆ նախագահը։ «Իրանական ուրանի հարցը «լիովին կլուծվի»,- հավելեց Թրամփը,- 100 տոկոսով։ Անկասկած։ Այլապես չէի համաձայնի հրադադարին»։ Նա Իրանի հետ ժամանակավոր հրադադարն անվանել է «լիակատար եւ վերջնական հաղթանակ»։ Սա Թրամփի ոճն է․ պատերազմ սանձազերծելով՝ խոսել հաղթանակի մասին։ Ուշագրավ է, որ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հակառակն է պնդում` որ հենց իրենք են հաղթել ԱՄՆ-ի հետ հակամարտությունում, քանի որ Վաշինգտոնը ստիպված է եղել ընդունել ԻԻՀ բոլոր պահանջները, որոնք ներառված են 10 կետից բաղկացած ծրագրում:
«Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձեւերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում եւ պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն պաշտպանական գործողությունները։ 2 շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները: Իսրայելի արձագանքը չուշացավ․ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում հայտնել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի համաձայնագրի պահպանման մասին․ «Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները, եթե Իրանն անհապաղ բացի նեղուցները եւ դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները։ Իսրայելը նաեւ աջակցում է ԱՄՆ ջանքերին՝ ապահովելու, որ Իրանն այլեւս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չներկայացնի Միացյալ Նահանգների, Իսրայելի, Իրանի արաբ հարեւանների եւ աշխարհի համար։ Միացյալ Նահանգներն Իսրայելին հայտնել է իր հանձնառությունը՝ առաջիկա բանակցություններում (նախնական տվյալներով՝ դրանք նախանշված են ապրիլի 10-ին, Իսլամաբադում) հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Իսրայելի տարածաշրջանային դաշնակիցները։ Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա»։
Իսրայելում, որը տարիներ շարունակ պատերազմներ է վարում իր հարեւանների հետ, որտեղ հասարակական լուրջ դժգոհություն կա թե՛ հյուծող, արյունալի ռազմական հակամարտություններից, թե՛ Նեթանյահուի քաղաքականությունից, կրկին կոշտ քննադատեցին իրենց կառավարության ղեկավարին։ Իսրայելին տարիներ են պետք՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցրած քաղաքական ու ռազմավարական վնասները վերացնելու համար․ հայտարարեց ընդդիմության առաջնորդ, «Եշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հրադադարի վերաբերյալ համաձայնագրին։ Նրա համոզմամբ՝ այդ վնասների պատճառը Նեթանյահուի ամբարտավանությունն է, անփութությունը եւ ռազմավարական պլանավորման բացակայությունը․ «Մեր ամբողջ պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ ներկա չէր բանակցությունների սեղանին, երբ մեր ազգային անվտանգությանը վերաբերող որոշումներ էին ընդունվում»։ Լապիդի խոսքով՝ Նեթանյահուն քաղաքական ու ռազմավարական ձախողում ունեցավ՝ չկարողանալով հասնել իր դրած նպատակներից որեւէ մեկին:
Մինչ ԱՄՆ-ն եւ Իրանը պնդում են վերջին հակամարտությունում իրենց գրանցած հաղթանակների մասին, Մոսկվայի գնահատականը, թերեւս, ավելի ողջամիտ էր։ Ռուսաստանում նշեցին կոնկրետ պարտության մասին, եթե ոչ՝ պարտվող կողմի։ Ագրեսիվ, չհրահրված հարձակողական մոտեցումը պարտություն կրեց․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կրակի դադարեցումը։ «Բոլոր հայտարարություններն այն մասին, որ գլխավորն ավելի ագրեսիվ, ավելի հարձակողական լինելն է, գլխավորը սոցցանցերում հնարավորինս շատ ամեն տեսակ բաներ գրելն է, ահա եւ այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց, ինչպեսեւ, ըստ էության, նմանատիպ միակողմանի, ագրեսիվ ու չհրահրված հարձակման մոտեցումը»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է առաջիկա բանակցություններին, ապա Թրամփի վարչակազմն արդեն պատրաստվում է դրանց, իսկ ամերիկյան պատվիրակության կազմում, հավանաբար, կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը եւ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները․ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Նշվում է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ։ Սպիտակ տունը պարզաբանել է, որ այս ձեւաչափի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել եւ կհայտարարվի առանձին։ Չնայած կողմերի հակասական հայտարարություններին, փաստ է, որ հրադադարն ու առաջիկա բանակցությունները կարող են մարդկության համար նվազեցնել հերթական պատերազմի բեռը, որովհետեւ հազարավոր մարդկանց կյանքեր խլած պատերազմում հաղթողներ չեն լինում։ Բայց Իրանի շուրջ իրավիճակը կարող է ազդել համաշխարհային իրավիճակի եւ հատկապես մեր տարածաշրջանի զարգացումների վրա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր