Բերել եմ այդ հրամանագիրը
Thu, 16 Apr 2026 12:39:43 +0400

Արցախից հայ բնակչության տեղահանումից հետո ստեղծված իրավիճակը, տարբեր քաղաքական շրջանակների գնահատմամբ, դարձել է վերջին տարիների ամենածանր փորձություններից մեկը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով այդ օրերին կատարվածին, նշել է, որ իրենց թիմը ամբողջությամբ ներգրավված էր Արցախից եկած մարդկանց տեղավորման գործընթացում։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածը չափազանց լարված ու հոգեբանորեն ծանր էր․ թիմը գրեթե անդադար աշխատում էր՝ փորձելով հնարավորինս արագ լուծել հազարավոր մարդկանց կեցության խնդիրները։ Կարապետյանը հիշում է, որ այդ օրերին հանգստի կամ քնի համար գրեթե ժամանակ չէր լինում, իսկ իրավիճակը մշտապես ուղեկցվում էր ուժեղ սթրեսով։
Նա առանձնահատուկ ցավով է խոսել այն մասին, որ Արցախից ժամանող բազմաթիվ ընտանիքներ եղել են առանց հայրերի։ Նրա դիտարկմամբ՝ հաճախ յուրաքանչյուր մի քանի մեքենայից մեկը հասնում էր արդեն կորուստ կրած ընտանիքով, որտեղ ներկա էին միայն կանայք, երեխաները և տարեցները, իսկ ընտանիքի տղամարդկանց բացակայությունը դառնում էր այդ ողբերգության ամենացավոտ դրսևորումներից մեկը։
Կարապետյանը նաև քննադատել է իշխանությունների գործողությունները նույն ժամանակահատվածում՝ նշելով, որ մինչ իրենք զբաղված էին հումանիտար խնդիրներով, պետական որոշ կառույցներում ընդունվել են որոշումներ պարգևավճարների տրամադրման վերաբերյալ։
«Ես բերել եմ 2023 թ. Արցախի դեմ սկսած ագրեսիայից հետո ԱԺ նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանել պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին։ Սա կարող են մեր հայրենակիցները տեսնել, երբ մենք չէին քնում այդ սթրեսի մեջ, ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ է վճարել պատգամավորներին։ Երկու ամիս անց»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր