Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ

ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ

Fri, 24 Apr 2026 11:33:19 +0400


ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:

Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։
Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների:
Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին:

Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան

Մոսկվան խոստովանում է՝ Հայաստանի հետ անկեղծ սեր ու հատուկ հարաբերություններ կան Mon, 13 Jul 2026 …