Մարտունիում ծառեր են կտրում, հսկա եղևնիներն արմատախիլ անում
Sat, 25 Apr 2026 18:45:32 +0400

Մինչ Մարտունու ՔՊ-ական համայնքապետ Հովհաննես Հովեյանը Քաղաքացու օրն է նշում, հավանաբար խորոված ուտում, Մարտունու բնակիչները ահազանգում են՝ համայնքում ծառեր են հատվում, եղևնիներ են արմատախիլ արվում: Տարիներ շարունակ քաղաքին գեղեցիկ տեսք տված, մաքուր օդ ապահովող հսկա եղևնիները Փաշինյանի սրտի քաղաքապետը որոշել է արմատախիլ անել ու տեղափոխել այլ վայր: Եվ այս ամենը քաղաքապետ Հովեյանը արել է առանց ավագանու նիստ հրավիրելու: Չնայած ավագանու անդամներից շատերը մոլի ՔՊ-ական են, և քաղաքապետի առաջարկներին միայն կողմ ձեռք բարձրացնելու համար են ֆիզիկապես ներկա լինում: Ամեն դեպքում օրենքի տառը պահելով՝ ՔՊ-ական Հովեյանը պարտավոր էր ավագանու նիստ հրավիրել: Ծառերի սպանդից հետո, ապրիլի 30-ին ՔՊ-ական համայնքապետը նոր այդ հարցը ներառել է ավագանու օրակարգում: Այսպես՝ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում իրականացվող շինարարական աշխատանքների հետ կապված համաձայնություն տալ հատել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող թվով 11 չորացած ծառերը, իսկ մնացած 53 ծառերը տեղափոխել «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մարտունի քաղաքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տարածքներ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Բայց ծառերն արդեն հատվել են, հետին թվով ինչ իմաստ ունի ավագանու նիստ մտցնելը:
Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանին հարցրեցինք, թե ինչու են ծառերը հատվել առանց ավագանու որոշման. «Կարգադրություն է եղել ընդհանուրի համար ավագանու նիստ պետք է լինի»: Ծառերի մի մասը կտրել եք, մյուս մասը՝ արմատախիլ եք արել արդեն, հիմա նոր ավագանու նի՞ստ եք հրավիրում. «Գործը հրատապ էր, խանգարում էր ողջ փողոցի շինարարական աշխատանքներին: Ոչ մի խնդիր չկա, բոլորը հաշվառած, համարակալած են»: Տեղափոխում եք՝ վերատնկմա՞ն նպատակով, իսկ վստա՞հ եք, որ արմատախիլ արված եղևնիները կկպնե՞ն. «Իհարկե, կկպնեն, ով չի ուզենա կպնող ծառը չվերատնկի»: Ծառերը կտրելուց հետո ծառատո՞ւնկ եք անելու. «Տեղս հարմար չի, չեմ կարող շարունակել»:
Արդյոք արմատախիլ արված եղևնիները Հայաստանի եղանակային պայմաններում կկպնեն, և Հայաստանում կա՞ այդ պրակտիկան, որ մեկ վայրից՝ այլ վայր տեղափոխեն, հարց ուղղեցինք բնապահպան Սիլվա Ադամյանին. «Նման փորձ կա աշխարհում, և ես իմ աչքով Վրաստանում տեսել եմ, ինչպես բուսաբանական այգու մի մասից, մեկ ուրիշ մասն են տեղափոխում եղևնիները հատուկ նախատեսված մեքենաներով, իր հողով, արմատներն առանց վնասելու: Բաjց դա շատ բարդ պրոցես է, այն էլ Հայաստանի պայմաններում, դա բավականին բարդ է: Պետք է ստուգել, այդ մարդիկ իսկապես տանո՞ւմ են ուրիշ տեղ տնկեն, կամ եղևնին, որտեղ որ տանում են, որ տնկեն արդյո՞ք կկպնի: Պետք է այդ պրոցեսին հետևողական լինենք, և հասկանանք, թե ինչ ճակատագիր կունենան այդ եղևնիները։ 20 % հավանական է, որ եղևնիները կկպնեն: Այս սեզոնին այդպիսի գործողություն չեն անում, նման բան եղևնիների հետ չի կարելի անել, եղևնիները ուղակիորեն կչորանան»,-ասաց Սիլվա Ադամյանը:



Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր