Եթե այցը խաղաղության մասին լիներ, Մուստաֆաևն առնվազն մի քանի ռազմագերի կբերեր
Wed, 29 Apr 2026 17:45:56 +0400

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկացանք նախ ադրբեջանական ԶԼՄ-ներից, ապա ՀՀ ԱԳՆ-ն ստիպված եղավ հաստատել: Իմացանք, որ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը շտապել է Աղվերան` հայ գործարարների հետ հանդիպման: Տեղեկություն կա, որ ցանկություն է հայտնել կրկին այցելել իր ծննդավայր` Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղ:
Նաեւ տեղեկություն հայտնվեց, որ չնայած նա սահմանազատման հանձնաժողովի` ադրբեջանական կողմի ղեկավարն է, սակայն այցը կապ չունի սահմանազատման հետ, ըստ որոշ լուրերի` կապված է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեմայի հետ:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ադրբեջանագետ Տաթրիկ Հայրապետյանի հետ:
– Ինչո՞ւ է Շահին Մուստաֆաևը, ըստ Ձեզ, Հայաստան ժամանել:
– Հստակ տեղեկություն դեռևս չեն հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն մի բան հստակ է` եթե այս այցը խաղաղության մասին լիներ, Շահին Մուստաֆաևը իր հետ առնվազն մի քանի ռազմագերի կբերեր Հայաստան: Մնացածը ինչ-որ անհասկանալի «բազարներ» են, որոնց բովանդակությունից մենք տեղյակ չենք: Ոչինչ չեն հրապարակում դեռևս կողմերը: Վստահ եմ, որ հայկական կողմից անգամ դիմավորել են նրան, սակայն չեն ուզում այդ մասին խոսել, հայտարարել, ցույց տալ: Նրանք նկատել են, որ հայ հասարակությունը բացասական ընկալումներ ունի այդ ամենի մասին, այդ պատճառով էլ որոշել են ցույց չտալ այդ ամենը:
– Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը դեռևս լռում այս այցի մասին:
– Ադրբեջանական մեդիան աշխատում է հրահանգով: Նրանք դեռևս չունեն տեղեկություն, վստահ եմ, հենց ունենան տեղեկություն, անպայման կհրապարակեն: Նրանք հրահանգավորված են աշխատում:
– Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս այցի մոտիվը:
– Ինձ թվում է սահմանազատման, սահմանագծման թեմաներով է այս այցը, ինչպես նաև կարող է կապված լինել նախընտրական շրջանի հետ: Ադրբեջանն աջակցում է Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում: Ի դեպ` Մուստաֆաևը Ադրբեջանի ամենառացիոնալ կերպարներից է համարվում:
– Նիկոլ Փաշինյանը վերջերս հայ ժողովրդին սպառնաց պատերազմով, հայտարարելով, որ եթե ինքը բացարձակ մեծամասնություն չկազմի խորհրդարանում, աղետալի պատերազմ տեղի կունենա: Այս առումով ի՞նչ է ասում Ադրբեջանը:
– Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են սինխրոն: Նույն սպառնալիքները նաև գալիս են ադրբեջանական կողմից, անգամ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից մեկը վերջերս ասել էր, որ իրենց ընդունելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Երկու կողմի բառամթերքում էլ նույն բառերն են կիրառվում` «սեպտեմբեր» և «աղետաբեր պատերազմ»: Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Փաշինյանի կառավարման 8 տարիներին երեք պատերազմներն էլ տեղի են ունեցել սեպտեմբեր ամսին` 2020 թվականի պատերազմ, 2022 թվական` Ջերմուկի ներխուժում, 2023 թվական` Արցախի հայաթափում: Դրանք բոլորը տեղի են ունեցել սեպտեմբեր ամսին և սեպտեմբերը պատահական չեն նշում: Հայ հանրությանը այդ բառերով հերթական տրավմայի են ենթարկում: Փորձում են այնպես անել, որ Փաշինյանը վերընտրվի` մարդկանց վախերի հաշվին:
– Արսեն Թորոսյանը Հ1-ի եթերում արդարացրել է հայկական եկեղեցիների ավերումն Արցախում, ասել է, որ Արցախը Ադրբեջանի սուվերեն տարածքն է, և Ադրբեջանն ինչ ուզի կարող է անել իր տարածքում: Թորոսյանն, ըստ էության` վանդալիզմն արդարացնում է:
– Ավելի լավ է ես հարյուր անգամ ադրբեջանցի պատգամավորներին լսեմ, քան մեկ անգամ ՔՊ-ականներին: Նրանք գոնե գիտենք` ադրբեջանցի են, իսկ ովքե՞ր են այս մարդիկ….
– Հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը փաստացի ենթարկվում է վանդալիզմի, ի՞նչ է հնարավոր անել` այս առումով:
– Քրիստոնեական պատմամշակութային ժառանգություն է ավերվում: Պետք է համապատասխան կառույցների դիմել, պետք է հայտարարություններ արվեն: Օրինակ ես` առաջարկում եմ դիմել Հռոմի Պապին: Աշխարհում` քրիստոնյա ժողովուրդների համար եկեղեցի քանդելը չի կարող նորմալ համարվել: Եթե այս ամենը օրինաչափ են դարձնում, վաղը կարող է ավելի վատ բաներ էլ անեն, չեմ ուզում ասել, թե ինչ եմ մտածում…. շատ ավելի վատ բաներ էլ կարող են անել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր