Մանե Թանդիլյանը դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին
Thu, 30 Apr 2026 11:43:34 +0400

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ դիմել եմ եվրոպական երկրների առաջնորդներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Բաքվում պահվող առնվազն 19 հայ գերիների խնդրին։ Սա ոչ միայն հումանիտար հարց է, այլև լուրջ մարտահրավեր արդարությանը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին։
Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո մենք շարունակում ենք ականատես լինել խորապես մտահոգիչ զարգացումների՝ գերիների ապօրինի պահում, նրանց հիմնարար իրավունքների սահմանափակում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում։
Այս պայմաններում դիմել եմ եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով իրենց ազդեցությունն օգտագործել՝
▪️ հստակ և հետևողականորեն բարձրաձայնելու այս հարցը դիվանագիտական հարթակներում,
▪️ երաշխավորելու միջազգային մարդասիրական հասանելիությունը,
▪️ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։
Հայաստանը մնում է հավատարիմ խաղաղության օրակարգին։ Սակայն իրական և տևական խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության։ Գերիների վերադարձը ոչ միայն հումանիտար քայլ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ վստահության վերականգնման և կայուն խաղաղության համար։
Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր