Մի քանի քայլանի կոմբինացիա

Մի քանի քայլանի կոմբինացիա

Thu, 21 May 2026 21:45:15 +0400


Մի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շախմատային լեզվով ասած, մի քայլանի կոմբինացիայից ավելի գործողության չէր դիմում: Այսինքն, ինչ-որ քայլ էր անում ու ըստ դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի՝ մտածում էր հաջորդ գործողության մասին: Իզուր չէր, որ շախմատ չէր սիրում, ու Հայաստանի ուժեղ շախմատային թիմը վարի տվեց: Ճիշտ է, դա փոխկապակցված էր նաև մերժված Սերժի հետ, ու ինքն էլ, չմոռանանք, ամեն ինչ սկսում էր սեփական զրոյական կետից: Այդ ամենը, բնականաբար, առաջնորդելով դեպի անդունդ:

Ինչևէ, մանիպուլյացիան այն միակ ոլորտն է, որում նա չսկսեց սեփական կետից: Ու, բնական է, որ հասավ բավական լուրջ հաջողությունների: Ենթադրում եմ, որ 2015-ի ամռանը նա առաջին հայաստանցիներից մեկն էր, ով գնել ու կարդացել էր Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի թարգմանությունը: Որովհետև բազմաթիվ անձանց և այդ թվում տողերիս հեղինակի կողմից է արձանագրվել այն հանգամանքը, որ նիկոլական «ժողբաստիոնի» բոլոր ներկայացուցիչների հրապարակային խոսքում առկա են նացիստական ժամանակաշրջանի քարոզչական մեթոդի փոխառություններ: Ու դա այն ոլորտն է, որում նա կարող է և փորձում է կատարել երկու կամ նույնիսկ երեք քայլանի կոմբինացիաներ:

Ինչը պետք է, բնականաբար, դրսևորվեր հատկապես ԱԺ ընտրությանը, և այն իրեն երկար սպասեցնել չտվեց: Չնայած առաջին քայլն այնքան էլ տրամաբանական չէր, ու զարմանալի էր, որ մարդիկ կարող էին կուլ տալ այդ խայծը: Խոսքը Սամվել Կարապետյանի կողմից՝ նրա հաղթանակի դեպքում, իբրև թե 300 հազար հայաստանցիների ռուս-ուկրաինական ճակատ տանելու մասին էր: Բայց երբ ոմանց առումով բախվեցի այդ անհեթեթությանը հավատալու հանգամանքին, հասկացա, որ Նիկոլն իսկապես շատ լավ է ճանաչում հայաստանցիներին: Ու այդ տխմարությունը շրջանառելով՝ շատ հանգիստ կարող է զորակոչային տարիքի որդիներ ունեցողների գոնե մի մասին քաշել իր կողմը:

Ինչևէ, պարզվեց, որ այդ անհեթեթությունը քարոզչական աշխատող «տրյուկներից» է: Աշխատող ոչ միայն իրենց կողմնակից անգրագետ զանգվածի ու անտարբեր մարդկանց համար: Ու, որքան էլ դա զարմանալի հնչի, վարչապետի աթոռից կառչած անձին մերժողներից մի մասի համար: Հենց դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի մասնակիցներից մեկը այդ հանգամանքը ճշտելու հարց է ուղղել Նարեկ Կարապետյանին: Քանի որ դա, նախ, հուզել է իրեն, ու երկրորդ, չի ստացել տխմարության համոզիչ հերքում:
Ռուսաստանի հետ արդեն երեք տասնամյակ ընդհանուր պետություն կազմած, միաժամանակ ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ ընդհանուր սահմաններ ունեցող՝ շուրջ 10 միլիոն բնակչությամբ Բելառուսն է նույնիսկ չեզոք դիրք գրավել այդ պատերազմում: Եվ ո՜ւր մնաց, թե հազիվ 3 միլիոնանոց Հայաստանը չկազմեր չեզոքություն: Սակայն այդ հանգամանքը չի հուզել ՔՊ-ականներին, որոնց անհրաժեշտ էր 300 հազար ադրբեջանցիների վերադարձի խնդիրն այլափոխել 300 հազար հայաստանցիներին այնտեղ ուղարկելու անհեթեթ գաղափարով: Եթե ինձ նման առաջադրանք տրվեր, վստահաբար, չէի իմանա, թե ինչ լուծում կարելի է տալ ադրբեջանցիների վերադարձի խնդիրն օրակարգից դուրս մղելու ուղղությամբ: Երևի դա է նաև պատճառը, որ 2018-ին ես չհայտնվեցի «դուխով» Նիկոլի շրջապատում՝ թունդ ընդդիմադիր լինելով նախկիններին:

Բայց որպեսզի համոզեին մարդկանց, որ դա այնքան էլ անհեթեթ գաղափար չէ, շրջանառվեց Սամվել Կարապետյանի՝ ռուսական հատուկ ծառայության (ՖեԷսԲե-ի) գործակալ լինելու մասին լուրը: Ինչպես նաև Նարեկ Կարապետյանի՝ ռուսական քաղաքացիություն ունենալու մասին լուրը: Երկուսն էլ, բնականաբար, կեղծ: Այդ երկու լուրերից առաջինը պետք է մարդկանց համոզեր, որ ՖեԷսԲե-ի գործակալը փորձում է դառնալ Հայաստանի վարչապետ, որպեսզի կյանքի կոչի 300 հազար զինվորին ուկրաինական պատերազմ տանելու գաղափարը: Իսկ Նարեկ Կարապետյանի առումով էլ լուրը պետք է հարց առաջացներ, թե ինչու են, ասենք, ՌԴ-ի քաղաքացի հանդիսացող Նարեկի փոխարեն այնտեղ տանելու միայն Հայաստանի քաղաքացի զինակոչիկներին: Միաժամանակ, ԱԺ ընտրության առումով խնդիրներ էին ստեղծվելու թե՛ անձամբ Նարեկի և թե՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար: Ինչն էլ, այդ օպերացիայի հաջողության դեպքում, հանգեցնելու էր Նիկոլի ու ՔՊ-ի հիմնական մրցակցին պայքարից դուրս մղելուն:

Սակայն որքան էլ մի քանի քայլանի լիներ կեղծիքի կոմբինացիան, այն չէր կարող չտապալվել: Ինչը, վստահաբար, ավելի է թուլացնելու Նիկոլի ու ՔՊ-ի դիրքերը ընտրական մրցակցության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփին և Պուտինին հյուրընկալեց, այժմ կմեկնի ընկեր Կիմի մոտ

Թրամփին և Պուտինին հյուրընկալեց, այժմ կմեկնի ընկեր Կիմի մոտ Thu, 21 May 2026 15:00:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով