Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

«Հրապարակ». Ես չգիտեմ որեւէ գրագետ, բարձրակարգ արվեստագետի, որը կանգնած է Փաշինյանի կողքին

«Հրապարակ». Ես չգիտեմ որեւէ գրագետ, բարձրակարգ արվեստագետի, որը կանգնած է Փաշինյանի կողքին

Wed, 27 May 2026 10:45:39 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր Հովհաննես Գալստյանն է։

– Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Նախընտրական այս փուլում ՔՊ առաջնորդն իր նախընտրական քարոզարշավները վերածել է ատելության խոսք ու սպառնալիքներ տարածելու հարթակի։ Վարչապետի պաշտոնին երրորդ անգամ հավակնող Փաշինյանն այս անգամ այնպիսի ջղաձգումների մեջ է հայտնվել, որ նույնիսկ նախորդ շաբաթ իր ձեռքերին ազատություն տվեց՝ քաշքշելով ընդդիմադիր հայացքներ կրող մի կնոջ։ Նա սպառնում է սատկացնել, կզացնել, բոմժ դարձնել ընդդիմադիր գործիչներին, իսկ ժողովրդին սպառնում է, որ եթե ինքը չվերընտրվի, Հայաստանում խաղաղություն չի լինի։

– Սրանք պրիմիտիվ ջղաձգումներ են, որոնք նույնիսկ ծայրահեղ, արմատական ընդդիմադիր ուժերին վայել չեն։ Այն լեքսիկոնը, որ կիրառում է երկրի վարչապետը, պարզապես մեծագույն խայտառակություն է։ Քաղաքական պայքարի նշաձողն այս մարդը իջեցրել է անհավանական ցածր մակարդակի։ Նման լեքսիկոնով երբ խոսի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը, էլի մի տեղ գուցե կարողանաս հասկանալ, որ տվյալ գործիչն ունի PR-ի կարիք եւ էպատաժ է ստեղծում, որպեսզի ուշադրություն գրավի, բայց երբ նման բառապաշարով խոսում է իշխանության առաջին դեմքը, որն ութ տարի է՝ ունի բացարձակ իշխանություն, եւ դրա արդյունքում որեւէ դրական արդյունք չկա մեր երկրում, ապա հասկանալի չէ, թե ինչու է երկրի վարչապետը որոշել նման լեքսիկոնով խոսել։ Աշխարհում նման բաներ անում են միայն ծայրահեղ լիբերալիստական ուժերը։ Այս մարդն իր ողջ էությամբ պսեւդոհեղափոխական է եւ չի գիտակցում, որ արդեն ութ տարի է՝ վարչապետ է։ Չեմ ուզում ավելի տգեղ բառեր օգտագործել, բայց սա արդեն զավեշտ էլ չէ, խայտառակություն է եւ մեծագույն ամոթ։ Բայց այս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ Նիկոլ Փաշինյանը, հավասարվելով հողին, իր հետեւից տանում է նաեւ նորմալ մարդկանց։ Նա վիրավորում է ընդդիմադիր գործիչներին, եւ ընդդիմադիրները, ստիպված, ինչ-որ կերպ պատասխանում են նրան։ Մենք՝ Կովկասում ապրող ժողովուրդներս, չենք սիրում վիրավորանքը թողել անպատասխան։ Դրա համար շատերը ստիպված իջնում են այս մարդու մակարդակին եւ պատասխանում են նրան՝ իր լեզվով։ Բայց այդ երեւույթը բնորոշ չէ գրագետ քաղաքական ուժերին, տվյալ պարագայում՝ Հայաստանի այսօրվա ընդդիմությանը։ Ընդդիմադիր խոշոր երեք ուժերի ներկայացուցիչներն իրենց ապրած կյանքով, տարիքով եւ արձանագրած հաջողություններով այնպիսի անհատականություններ են, որ, հաստատապես, Նիկոլի բառապաշարով վերջին անգամ դպրոցական տարիներին են խոսել։ Այսօր այս մարդիկ եւս ստիպված են Նիկոլի հետ իր լեզվով խոսել, ինչը նսեմացնում է ողջ ընտրարշավը։

– Նիկոլ Փաշինյանը ցանկացած ընդդիմադիր քաղաքացու ասոցացնում է նախկին իշխանությունների հետ։ Օրինակ՝ հայտնի միջադեպի ժամանակ նա բժիշկ տիկնոջն ասաց․ «Եթե դու Ռոբն ես, քեզ էլ ենք կզացնելու»։ Այսինքն՝ այս մարդու կարծիքով, ցանկացած գիտակից քաղաքացի պաշտպանում է նախկին նախագահների շահերը։ Արդյո՞ք դա այդպես է։

– Նա լավ կանի՝ այդ բառապաշարով խոսի միայն իրեն հպատակված ՔՊ-ականների հետ, բայց ոչ երբեք՝ քաղաքացիների։ Չկա ավելի մեծ ողբերգություն, քան այն, որ հեղափոխականը հանկարծ հասնում է պետական կառավարման լծակներին։ Դա ուղղակի ողբերգություն է տվյալ երկրի համար։ Հեղափոխականները չեն հասկանում, որ իշխանության գալուց հետո պատասխանատու են նաեւ այն մարդկանց համար, ովքեր ձայն չեն տվել իրեն եւ չեն կիսում իր հայացքները։ Փաշինյանն այս ութ տարվա մեջ այդպես էլ չհասկացավ, որ ինքը պետության ղեկավար է եւ պատասխանատու է անգամ այն քաղաքացիների համար, ովքեր իր գաղափարները չեն կիսում, ավելին՝ քննադատում են իրեն։ Այս մարդն ուզում է հպատակեցնել բոլորին, ուզում է, որ բոլորն իրեն ասեն՝ աչքիդ վերեւում ունք չկա, դու միակն ու անկրկնելին ես, դու հրաշք ես․․․․ բայց իրականությունն այն է, որ նա բոլորիս կյանքն ապականել է, մահեր ու դժբախտություններ, կորուստներ է բերել, Արցախն է հանձնել, իր կառավարման արդյունքում թշնամին ներխուժել է մեր սուվերեն տարածք, եւ այսպես շարունակ։ Ես հույս չունեմ, որ այս ընտրապայքարը կարող է շտկել այս մարդուն։ Հասարակության մեջ կա մի փոքր շերտ, որին այս խոսույթը դուր է գալիս, սակայն, ի ուրախություն մեզ, այն մեր հասարակության ամենալավ շերտը չէ։ Հասարակության գրագետ, խելացի, հայրենասեր շերտերը վաղուց զզվել են այս ամենից եւ հույս ունեն, որ անպայման ազատվելու են այս խայտառակությունից։ Մենք պետք է անպայման նոր իշխանություն ձեւավորենք, եւ ես վստահ եմ, որ Փաշինյանը չի ստանալու իր երազած մեծամասնությունը, դա կբերի անխուսափելի բախումների։

– Խոսեցիք հանրության գրագետ եւ ոչ այնքան գրագետ շերտերի մասին։ Վերջին շրջանում Փաշինյանի կողքին տեսնում ենք որոշ դերասան-շոումենների, երգիչների, ովքեր առաջներում երբեք չեն աջակցել Փաշինյանին, սակայն այժմ որոշել են աջակցել նրան։ Այս մարդիկ հասարակության ո՞ր շերտին են պատկանում եւ ի՞նչ խնդիր են լուծում, գուցե պարզապես գումա՞ր են աշխատում։

– Անկեղծ ասած, ես չգիտեմ որեւէ գրագետ, բարձրակարգ արվեստագետի, որ կանգնած է Փաշինյանի կողքին։ Փաշինյանի կողքին կանգնած են նրանք, ովքեր տարիներ շարունակ ծանր հարվածներ են հասցրել մեր մշակույթին։ Հենց այս մարդկանց գործունեության ցածր որակն է հանրության վրա մեծ ազդեցություն թողել՝ բացասական իմաստով։ Որեւէ բարձրակարդ մտավորական, դերասան չի սատարում Փաշինյանին եւ, առհասարակ, իշխանությանը։ Երբ արվեստագետը կանգնում է իշխանության կողքին, դրանով մեծ խաչ է քաշում իր կոչման վրա։ Աղքատ երկրում անհնար է լավ իշխանություն ունենալ։ Աղքատ երկրներում իշխանությունները պարտադիր վատն են, անարդար, կոռումպացված են ու կաշառակեր։ Պարզ է, թե ինչու են ցածրակարգ շոումենները Փաշինյանի կողքին կանգնում, այդպես են անում, որ հերթական շոուի տոմսերը կարողանան վաճառել։ Անգամ ես գիտեմ դեպքեր, որ ոմանք Փաշինյանին սկսել են սատարել եւ կինոյում դերեր են ստացել, թատրոններ են ներխուժել եւ այլն։ Իշխանությունները միշտ էլ սիրում են օգտագործել նմանների թուլությունները։ Նրանք, ովքեր տաղանդ չունեն, իշխանության կուտն ուտում են, իսկ վերջում՝ կործանվում։ Նրանք իրենց հոգին վաճառել են սատանային։ Այս ամենը շատ նման է Մոցարտի եւ Սալիերիի պատմությանը, երբ անտաղանդն իրեն վաճառում է՝ իր ցածր արվեստը մի քանի կոպեկով իրացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը

Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը Wed, 27 May 2026 11:02:39 +0400 Ատելության պիկապը և վաղվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով