Ի՞նչ է ասել Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում
Fri, 29 May 2026 15:00:04 +0400

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հարցում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շահերից ելնելով։
Այս մասին նա հայտարարել է ԵԱՏՄ գագաթնաժողովում ունեցած ելույթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հիշեցնենք, այսօր Աստանայում տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ նեղ կազմով նիստին հաջորդել է ընդլայնված կազմով։ հանդիպումը։
ԵԱՏՄ երկրների ղեկավարները քննարկում են ինտեգրացիայի և համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցեր։ Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գագաթնաժողովում կկայացվեն մի շարք կարևոր որոշումներ։
«Այսօր՝ ԵԱՏՄ օրվա խորհրդանշական օրը տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Ցանկանում եմ բոլոր ներկաներին մաղթել հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համագործակցություն և վստահություն հայտնել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հարցում՝ մեր պետությունների և քաղաքացիների շահերից ելնելով», – հայտարարել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ–ն հետագայում ևս բարեխղճորեն կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում` փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և միության անդամ բոլոր պետությունների ազգային շահերին համահունչ․
«Մենք առաջին անգամ չէ, որ ընդգծել ենք Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը` տնտեսական հավասարակշռության իմաստով, ինչպես նաև միության անդամ երկրների և ընդհանրապես մեր տարածաշրջանի տնտեսական զարգացման կայունության և դիմացկունության շահերից ելնելով»։
Անդրադառնալով քննարկվող թեմաներին` Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում 3–րդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացիային` կարևորելով ազատ առևտրի գծով գործող համաձայնագրերը, ինչպես նաև նոր երկրների հետ բանակցությունները։ Այս հարցում, ըստ Գրիգորյանի, կարևոր է տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիան, որը նշանակալի ազդեցություն կթողնի առևտրաշրջանառության աճի վրա․
«Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս ագրոարդյունաբերության զարգացման ծրագրերին և համագործակցությանը և ողջունում է այն արձանագրության ստորագրումը, որը ենթադրում է ֆինանսական աջակցություն կոոպերատիվներին։ Սա կնպաստի արդյունաբերական անվտանգության բարձրացմանը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր