Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար
Fri, 29 May 2026 22:15:05 +0400

Հայաստանում պառլամենտական ընտրություններին մնաց մոտ մեկ շաբաթ ժամանակ։ Նախընտրական քարոզարշավը մտնում է եզրափակիչ փուլ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, չհամբերելով, որ արդյունքներն ասեն, հայտարարում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Սովետական հայտնի ֆիլմի բառերի նման, թե «ընտրություններն ունեն սկիզբ, բայց չունեն վերջ»։ Փաշինյանն ասում է, որ պառլամենտական ընտրություններից հետո պետք է տեղի ունենան Գյումրու Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Գյումրին այդքան կարեւոր Փաշինյանի համար եւ ինչու է այդ մասին ասում ոչ թե հունիսի 7-ից հետո, այլ՝ նախքան հունիսի 7-ը։
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Փաշինյանի համար Գյումրին կարեւոր է մի քանի առումներով։ Նախ՝ սիմվոլիկ առումով։ 2018 թվականին հենց Գյումրին դարձավ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների համար իշխանության գալու պրոցեսի մեկնակետը։ Գյումրին նաեւ անվանում են Հայաստանի «հյուսիսային մայրաքաղաք»։ Այն Հայաստանի երկրորդ քաղաքն է իր բնակչության թվով եւ մեծությամբ, որը ըստ էության դարձավ «Փաշինյանական հեղափոխության օրորոցը»։ Գյումրիում ռուսական ռազմաբազան է։ Սակայն Գյումրին նաեւ այլ նշանակություն ունի։ Հայաստանի իշխող կուսակցությունը Գյումրիում 21-ի աշնանը եւ 25-ի գարնանը պարտվեց ՏԻՄ ընտրություններում ընդդիմությանը։ Երկու պարտություններին էլ հաջորդեցին, իհարկե, քրեական գործեր, ընդդիմադիրների հանդեպ ճնշումներ։ Ծանոթ զինանոցը գործադրվեց, սակայն «Գյումրու ուրվականը» կամ «Գյումրու սցենարի» կրկնությունը հանգիստ չի տալիս ոչ Փաշինյանին, ոչ նրա կողմնակիցներին։ Ու երբ հիմա, դեռ ԱԺ ընտրություններից առաջ է Փաշինյանը խոսում, որ Ավագանու արտահերթ ընտրություններ են լինելու, փորձում է ազդակ հղել ընդդիմադիրներին, որ ինքն ինքնավստահ հաղթանակի դիրքերում է եւ առանց իրեն եւ առանց իր կուսակցության, Հայաստանի քաղաքական գունապնակը, թե համապետական, թե տեղական առումով, չի կարող համարվել ամբողջական։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր