Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից

Thu, 16 Jul 2026 21:45:18 +0400


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան սեր է խոստովանել Հայաստանին. «Մեր կողմից միշտ եղել են միայն օգնություն եւ աջակցություն, որը, իմ կարծիքով, կապված է ե՛ւ աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետները, ե՛ւ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխըմբռնումը՝ սրանք են իրական կապերը»։ Նույն հարցազրույցում Զախարովան անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերին, Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի նախագահի կողմից դրսեւորվող ջերմ վերաբերմունքին. «Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե որքան շատ բան է անձամբ արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ արյունալի հակամարտությունները դադարեցնելու եւ դժվարին ժամանակներում օգնելու, ինչպես նաեւ Հայաստանի զարգացումն ապահովելու համար հնարավոր ամեն ինչ անելու համար։ Իրականում, որքան շատ բան է ձեռք բերվել տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլնի առումով։ Սա մեր մոտեցումն է, եւ մենք հետեւողական ենք դրան»։

Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյո՞ք Ռուսաստանը որոշել է փոխել Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որոշել է հրաժարվել Հայաստանի դեմ իրականացվող պատժամիջոցային քաղաքականությունից: Շատ հնարավոր է, որ Ռուսաստանում հասկացել են, որ նման քաղաքականությունը փակուղային է եւ չի կարող օգուտ բերել ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ Ռուսաստանին:

Նախօրեին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունն անդրադարձել էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությանը եւ հղում անելով Հայաստանի վիճակագրության վարչությանը, գրել էր, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվարից մինչեւ մայիս, համեմատած 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, նվազել է 21.5%-ով: Այս տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության համաձայն՝ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 2.196 միլիարդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար-մայիսին այն կազմել է 2.763 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի բաժինը ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ նույնպես նվազել է. 2026 թվականի հունվար-մայիսին այն կազմել է ընդհանուրի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 35.1%։ Առաջին 5 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ կես միլիարդ դոլարով, եւ դա՝ այն դեպքում, երբ առեւտրային սահմանափակումները սկսել են գործել մայիս-հունիս ամիսներին, եթե դրանք պահպանվեն, տարեկան տվյալներն անհամեմատ ավելի վատ են լինելու:

Ինչի՞ հասավ Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով, եւ ո՞վ է դրանից ավելի շատ տուժում: Այդ պատժամիջոցները որեւէ տնտեսական կամ ֆիտոսանիտարական հիմք, իհարկե, չունեն, դրանք մաքուր քաղաքական են, Ռուսաստանը պահանջում է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը որոշեն, թե որ ուղղությամբ են ուզում գնալ` ԵՄ, թե՝ ԵԱՏՄ: 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, մեծ հաշվով, այդ հանրաքվեն էին` մի կողմում գործող իշխանությունն էր, որը քարոզում էր Հայաստանի ԵՄ անդամակցության օգտին, մյուս կողմում՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերը` «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստանը», որոնք հանդես էին գալիս ԵԱՏՄ-ում մնալու եւ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները պահպանելու օգտին: Հայ հասարակության մեծամասնությունը քվեարկեց հօգուտ ընդդիմադիր այս երեք կուսակցությունների, սակայն իշխանությունն աղավաղեց ընտրությունների արդյունքները՝ նկարելով իր համար ցանկալի արդյունք: Ձայնագողությունը, իսկ դրա արդյունք մանդատագողությունը տեսանելի էին նաեւ Ռուսաստանի համար, պաշտոնական արդյունքը Հայաստանի եւ նրա հասարակության ընտրությունը չէր:

Հիմա Ռուսաստանը՝ ինքը, պետք է ընտրություն անի` շարունակե՞լ պատժամիջոցային քաղաքականությունը, թե՞ հրաժարվել դրանից՝ հայտարարելով, որ իր համար Հայաստանի ընտրությունը պարզ է: Եթե Ռուսաստանը շարունակում է պատժամիջոցների քաղաքականությունը, դրանից տուժում են շարքային հայ մարդիկ, հարյուր հազարավոր գյուղացիներ, ֆերմերներ, վարորդներ, գործարարներ, ովքեր իրենց վերաբերմունքն ունեն ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, բայց ազդել այդ քաղաքականության վրա, փոխել այդ քաղաքականությունը՝ չեն կարող: Բոլորն են, չէ՞, ասում, որ Հայաստանում հաստատված է բռնապետություն, իսկ բռնապետության ամենակարեւոր հատկանիշն այն է, որ դրանում հասարակական կարծիքը որեւէ ազդեցություն չունի, կարեւորը բռնապետի քմահաճույքն է, որը բռնությամբ պարտադրվում է հասարակության մյուս անդամներին: Պատժամիջոցների շարունակումը Հայաստանը եւ հայ ժողովրդին օտարացնում են Ռուսաստանից, իսկ դրանից Ռուսաստանը հաստատ չի շահում:

Ի՞նչ է շահում Ռուսաստանը՝ չեղարկելով պատժամիջոցները. Նախ՝ ցույց է տալիս, որ ինքն իսկապես Հայաստանը եւ հայ ժողովրդին համարում է բարեկամ, Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները շարունակում են արձանագրել բարձր ցուցանիշներ, երկու երկրների փոխկապակցվածությունը մնում է բարձր մակարդակի վրա: Ճիշտ է՝ Հայաստանի իշխանությունը շարունակելու է, այսպես կոչված, եվրոպական ինտեգրման քաղաքականությունը, ինչն իրական կյանքում դրսեւորվում է ադրբեջանական ինտեգրմամբ, բայց Հայաստանի եւ հատկապես հայ մարդկանց դեմ պատժամիջոցներ կիրառելով դրա դեմը չես առնի, ընդհակառակը՝ կարագացնես: Այնպես որ, Մարիա Զախարովայի՝ առ Հայաստան սիրո խոստովանությունը պետք է գործնական դրսեւորումներ ստանա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի անվտանգության գլխավոր ուղղությունները

Հայաստանի անվտանգության գլխավոր ուղղությունները Thu, 16 Jul 2026 20:45:48 +0400 Հայաստանի անվտանգության մասին շատ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով