Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

«Երկիրդ թող ու դուրս արի»․ Փաշինյանի այլաբանության ենթատեքստը

«Երկիրդ թող ու դուրս արի»․ Փաշինյանի այլաբանության ենթատեքստը

Thu, 23 Jul 2026 14:45:56 +0400


Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Պատմության դասերի մասին. անսպասելի զուգահեռ» գրառմամբ։ Տեսանյութում ծիտը փորձում է դուրս գալ փակ պատուհանից. «Արդեն 7-8 ժամ թռնում, բախվում է ապակուն։ Ինչքան էլ այդ գործողությունը շարունակի՝ չի կարողանալու դուրս գալ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ հարևանությամբ կա բաց դուռ, որով կարելի է դուրս գալ, և մեր ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի անընդհատ ապակուն բախվելու տրամաբանությունից և ընտրի ուրիշ ճանապարհ։ Ըստ էության, սա այն է, ինչ պետք է իմանալ մեր պատմության մասին»։

Այս այլաբանությամբ փորձ է արվում հայ ժողովրդի պատմությունը համեմատել մի ծտի վարքի հետ։ Բայց հենց այստեղ էլ համեմատությունը սկսում է կաղալ։

Ծիտը ժամերով ապակուն է բախվում, որովհետև բնազդով է առաջնորդվում։ Նա չի մտածում՝ գուցե կողքի դուռը բաց է։ Այդպես է նրա բնությունը։ Իսկ մարդը, առավել ևս մի ամբողջ ժողովուրդ, բնազդով չի ապրում։ Մենք մտածում ենք, վերլուծում, գնահատում իրավիճակը և գիտակցված ընտրություններ կատարում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդը բախվել է ոչ թե ապակուն, այլ իրական ժայռերին, սրերին ու պատերազմներին։ Արյունոտվել է, կորուստներ է կրել, բայց չի հրաժարվել իր հայրենիքից, որովհետև հասկացել է, որ ազատությունն ու հայրենիքը հաճախ պահպանվում են պայքարով, ոչ թե ավելի «հարմար» ճանապարհ ընտրելով։

Եվ հենց այստեղ է այլաբանության գլխավոր խնդիրը։ Ծիտը պարզապես ազատ տարածք է փնտրում. նրա համար տարբերություն չկա, թե որ ծառին կնստի, որովհետև ամբողջ երկինքն իրենն է։ Իսկ ժողովուրդը ծիտ չէ։ Նրա հայրենիքը մեկն է։ Նա չի կարող պարզապես «ուրիշ ճանապարհ ընտրել», եթե այդ ճանապարհը նշանակում է հրաժարվել իր հողից, իր պատմությունից և իր իրավունքներից։

Հենց այս պատճառով էլ այս այլաբանությունը ոչ թե պատմության դաս է, այլ քաղաքական ուղերձ։ Երբ դիմադրությունը ներկայացվում է որպես անիմաստ «ապակուն բախվել», իսկ պայքարից հրաժարվելը՝ որպես «բաց դռնով դուրս գալու» միակ խելամիտ տարբերակ, ձևավորվում է մի մտածողություն, ըստ որի զիջումն ավելի խելամիտ է, քան դիմադրությունը։ Զիջիր քո տունը, հողը ու դուրս արի։

Եվ գուցե հենց սա է այս այլաբանության ամենախոսուն մասը։ Այն ավելի շատ բացահայտում է ոչ թե հայ ժողովրդի պատմությունը, այլ այն քաղաքական պատկերացումը, որով առաջնորդվում է դրա հեղինակը։ Եթե «բաց դուռը» նշանակում է հրաժարվել ազգային իրավունքներից, տարածքներից կամ պայքարից՝ հանուն թվացյալ հանգստության, ապա դա արդեն պատմության դաս չէ, այլ քաղաքական առաջարկ։

Այդ իմաստով այս տեսանյութը ոչ այնքան բացատրում է մեր անցյալը, որքան բացահայտում է մի մտածողություն, որի համաձայն պատմությունը պետք է ավարտվի ոչ թե պայքարով, այլ հարմարվելով։ Իսկ հենց այդ գաղափարն է, որ շատերի համար ամենամտահոգիչ ուղերձն է այս այլաբանության մեջ։ Երկիրդ թող ու դուրս արի։ Ոչ թե պատուհանից, այլ ավելի հարմար ձևով՝ դռնով։ Իսկ դուռը բացողը ինքն է։ 7-8 ժամ ծտին չարչարելուց հետո, դուռը բացում ու ասում է՝ թռի՜ր։ Իսկ մենք ու՞ր թռնենք մեր երկրից՝ թեկուզ բաց դռնով․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ

Նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ Wed, 22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով