Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին

«Հրապարակ». Մարզպետը կոնկրետ վատություն է արել Կուրթան ու Գյուլագարակ գյուղերին

Thu, 06 Aug 2026 09:15:53 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրություններից հետո շարունակում է շփվել քաղաքացիների հետ, այցելել մարզեր եւ սկսել է կատարել իր խոստումները: Ինչպես գիտենք, հայտարարել էին, որ այն համայնքներում, որտեղ կուսակցությունը հաղթել է, յուրաքանչյուր հինգերորդ երեխայի ծնվելուց հետո տվյալ ընտանիքին բնակարան են նվիրելու: Օրեր առաջ էլ տեղեկացանք, որ Լոռու մարզ կատարած այցից հետո Կարապետյանի թիմը կատարել է գյուղացիների խնդրանքը` նրանց նվիրելով խոտ հնձելու կոմբայն, որը շատ կթեթեւացներ նրանց հոգսը: «Կատարելով բնակիչների խնդրանքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը այցից հետո կոմբայն էր նվիրել գյուղերին։ Այժմ արդեն հայտնի է դարձել, որ Ստեփանավանի եւ հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի, կաշխատի եւս մեկ կոմբայն։ Շրջանում հացահատիկի մշակմամբ զբաղվող գյուղական տնտեսությունների 80%-ի պահանջարկը կբավարարվի»․ այս մասին հայտնել էր Նարեկ Կարապետյանը:

Երեկ պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ կոմբայնը հասել է գյուղ, սակայն Լոռու մարզպետը հենց այդ օրը հրաման է ստորագրել ՏԻՄ ընտրություններ նշանակելու մասին, որ բարեգործության արգելքի ներքո կոմբայնը չհասնի գյուղացիներին: Ինչպես գիտեք, բարեգործության արգելքը սահմանել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ այդ արգելքը գործում է ընտրությունների օրը հայտարարվելու որոշումն ընդունելու պահից: Այսինքն, եթե Արեն Մկրտչյանը վաղը ստորագրեր այդ որոշումը, կոմբայնը կհասներ գյուղացիներին, եւ նրանք այս տարվա խոտը կհնձեին դրա միջոցով, եւ նրանց կյանքը փոքր-ինչ կթեթեւանար: Իսկ ՔՊ-ական իշխանությունն ու ՔՊ-ական մարզպետը որոշել են վատություն անել գյուղացիներին եւ խանգարել խոտհնձին:

Այն պարագայում, որ այս իշխանությունն այս տարի արդեն մեծ վատություն է արել հայ գյուղացիներին` վնասներ պատճառել, փչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ խանգարելով հայկական գյուղմթերքի արտահանմանը Ռուսաստան: Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ վերջին ամիսներին հայտնվել են բարդագույն վիճակում` չեն կարողանում ապրանք արտահանել, տեղական շուկայում նրանց արտադրանքը չի սպառվում, իսկ եվրոպական շուկան նրանց առաջ բացելու մասին հեքիաթները հերթական ստերն էին, որոնց տակ ոչ մի ռեալ բան չկա:

«Դուք տեսե՞լ եք Կուրթանի կամ Գյուլագարակ խոշորացված համայնքի բյուջեն, կոմբայնի գինը 1999-2017թթ. Կուրթանի բյուջեի 38% տոկոսն է, իսկ խոշորացված Գյուլագարակ համայնքի սեփական եկամուտների 63%-ը»,- իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության կողմից գյուղացիներին կոմբայն նվիրելու փաստին եւ իշխանությունների դրած արգելանքին։ Գեւորգյանը հիշեցրեց, որ Գյուլագարակում ՔՊ-ի իշխանությունից առաջ՝ 2017-2021 թթ․ աղբահանությունից 3 մլն դրամ մտել է պետական բյուջե, իսկ երբ համայնքի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական համայնքապետը, մինչ օրս 0 դրամ է մուտքագրվել։ Նա հավելեց, որ այդ համայնքի որոշ գյուղերում վերջին անգամ ասֆալտ է արվել ոչ ՔՊ-ական համայնքապետերի օրոք։

«Ձեր ՔՊ-ական համայնքապետը մեկ անգամ մտե՞լ է գյուղեր, հարցրե՞լ է, թե ինչ խնդիրներ ունեն, որպեսզի գյուղացիներն էլ ասեն, որ կոմբայնի խնդիր ունեն, բայց դրա փոխարեն լայքերի համար մարդկանց եք ազատում աշխատանքից, ընդամենը ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հասարակ տեղեկանք չեք տրամադրում։ Քարոզարշավի ժամանակ գյուղացուն ասում ենք` արի նկարվենք, ասում են՝ ոչ, հենց տեսնեն, որ ես ձեզ հետ եմ, գնալու եմ համայնքապետարան, տեղեկանք չեն տալու»,- ասաց Գեւորգյանը եւ տեղեկացրեց, որ 5-րդ երեխայի համար դիմել են համայնքապետարան, որպեսզի հասցեի ճշգրտման տեղեկանք տան՝ չեն տալիս։
«Հունձը երեկ սկսվել է, եւ ձեր մարզպետը որոշում է ստորագրել՝ ընտրությունների օրվա հետ կապված, եւ մտել է բարեգործության արգելքը։ Ի՞նչ ենք անելու, երբ մեր նվիրած կոմբայնը հասել է, գյուղի կենտրոնում կանգնած է, ինչպե՞ս ենք կազմակերպելու հունձը»,- ասաց Գեւորգյանը։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց մեկ ամսով այդ կարգադրությունը հետաձգել, որպեսզի մարդիկ կարողանան այդ կոմբայնն օգտագործել։ «Արձանագրենք այս փաստը, որ կոմբայնը հասել է տարածք եւ պետք է իրականացներ հունձը, որը երեկվանից մեկնարկել է, եւ չգիտեմ՝ պատահականություն է, թե զուգադիպություն, մարզպետը երեկ որոշում է ստորագրել, որ մտնում է բարեգործության արգելքը»։ Եվ առաջարկեց հետաձգել որոշումը, գյուղացիներին օգնել՝ հունձն անեն, «որպեսզի բարեգործության արգելքի խախտման հետեւանքով մարդկանց չդատեն»:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գյուլագարակի եւ Կուրթանի վարչական ղեկավարներից, թե ինչ են մտածում Լոռու պոպուլիստ եւ կամակատար մարզպետի այս արարքի մասին, որն ամեն հարմար առիթով առերեւույթ քծնում է տեղացիներին, սակայն առիթը բաց չի թողնում՝ մարդկանց վատություն անելու համար: Գյուլագարակի վարչական ղեկավարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Կուրթանի վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ կոմբայնից չի հասկանում եւ չի ցանկանում խոսել այդ մասին, նշեց, որ հույժ կարեւոր գործով է զբաղված եւ մեր հարցերին չի կարող պատասխանել: Հարցին` վախենում եք իշխանություններից, դրա համա՞ր եք խուսափում մեկնաբանել այս քայլը, վարչական ղեկավարն ասաց` ոչ, «պարզապես չեմ ցանկանում խոսել այդ մասին»:

Զրուցեցինք Կուրթան գյուղի բնակիչ տիկին Հերիքնազի հետ, որը ներկայացավ որպես գյուղի դպրոցի աշխատակից, սակայն չասաց, թե ինչ աշխատանք է կատարում: Նա ասաց, որ գյուղացիների համար նոր կոմբայնը կենսական նշանակություն ունի, դրա կիրառման արդյունքում գյուղացիների ֆինանսական վիճակը կարող է կարգավորվել, բայց տիկին Հերիքնազը մարզպետ Արեն Մկրտչյանի մասին վատ կարծիք չունի, թեպետ նրա կողմից կատարված արարքի հետ հաշտ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին Thu, 06 Aug 2026 12:30:26 +0400 Մոսկվան և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով