Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Իրական «Չորրորդ հանրապետությունը» կլինի մեր իղձերի իրականացման հայրենիքը

Իրական «Չորրորդ հանրապետությունը» կլինի մեր իղձերի իրականացման հայրենիքը

Fri, 21 Aug 2026 17:15:12 +0400


Ոնց հասկանում եմ, Փաշինյանին հանգիստ չի տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երրորդ հանրապետության «հիմնադիր» կոչվելու պատիվը: Ու անընդհատ շրջանառության մեջ է դնում «չորրորդ հանրապետության» ձեւավորման գաղափարը: Եվ, բնականաբար, ինքն իրեն կանվանի չորրորդ հանրապետության «հիմնադիր հայր»: Բա ի՞նչ գործ ունի այդ պարագայում «հայր»-ը՝ կհարցնի ընթերցողը: Պատասխանեմ՝ դա էլ զուտ ամերիկյան ավանդույթի ուժով: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի ցուցակում հիմնականում ներառված է յոթ քաղաքական գործիչ: Նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենցել ամերիկյան մայրցամաքում 13 անգլիական գաղութների միավորմանն ու 1776-ին անկախության հռչակմանը, ինչը, ի դեպ, իրականացվեց Անկախության հռչակագրի ստորագրմամբ եւ մետրոպոլիայի դեմ պատերազմում հաղթանակով:

Վերադառնանք «չորրորդ հանրապետությանը»: Դրա ծնունդը փորձում է հիմնավորել, այսպես կոչված, «իրական» Հայաստանի գաղափարախոսության հաղթանակով, ինչին էլ նախորդել են երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Անձամբ մի քանի ֆեյսբուքյան գրառում եւ հոդված եմ նվիրել այդ երեւույթին: Երեւում է, որ ստիպված եմ ավելացնել նաեւ մեկը: Եվ այսպես: Հայաստանի անկախությամբ ձեւավորված երրորդ հանրապետությունը, իսկապես, չդարձավ մեր իղձերի եւ երազանքների իրականացման վայրը: Չնայած սկսվել էր համաժողովրդական շարժումով, մեզ պարտադրված պատերազմով ու դրա հիման վրա ձեռքբերված հաղթանակով, բայց տարիների ընթացքում հաղթանակի արդյունքները մսխվեցին իշխանությունների գործունեության արդյունքում, ինչն էլ հանգեցրեց 2018-ի մայիսյան իշխանափոխությանը, պոպուլիստ անձի վարչապետ կարգվելուն: Այնուհետեւ նրա «գերագույն» հրամանատարությամբ Արցախյան երրորդ պատերազմում խայտառակ պարտությանը, ինչին էլ հետեւում է պետության տարածքի ու պետական ատրիբուտների աստիճանական կորուստը:

Փաստորեն, նիկոլական պետության պաշտոնական գաղափարախոսությունը ենթադրում է պետականության կորուստ, որովհետեւ պետական ատրիբուտների կորստին հետեւում է քաղաքացիների ինքնության ու պետականության կորուստը: Այնպես որ, դա ոչ թե «չորրորդ հանրապետության» ձեւավորման, այլ օբյեկտիվորեն երրորդ հանրապետության մահվան գործընթաց է: Ինչը նշանակում է, որ դա կասեցնելու համար նախ պետք է ազատվել վերջին ընտրություններին պատերազմի սպառնալիքով վերարտադրված իշխանությունից: Որովհետեւ պատերազմի սպառնալիքով ընտրողներին վախեցնել կարող է ոչ թե սեփական, այլ օտար երկրի գործակալական իշխանությունը: Դա համարյա թե նույնն է, որ ասեն, թե հայրենասեր են, շատ են սիրում իրենց երկիրը, բայց, ուզած-չուզած, ենթարկվում են օտարին: Ու որպեսզի ապրեն այստեղ, պետք է ընդունեն, որ իրենց պետք է կառավարեն, ասենք, Բաքվից, որովհետեւ 10 անգամ էլ հաղթելով թշնամուն, միեւնույն է, մի վերջին անգամ կպարտվեն նրանից: Եթե հիշում եք, հենց մոտավորապես այդպիսի բան էր ասում երբեմնի «դուխով» Նիկոլը:

Երկրորդ․ որպեսզի պահպանենք պետականությունը՝ իշխանափոխությանը պետք է հետեւի երկրի կառավարման ողջ համակարգի փոփոխությունը: Բոլոր այն թերացումները, որ ունեցել ենք վերջին երեք տասնամյակում, պետք է ենթարկվեն ռեւիզիայի, որովհետեւ եթե դրանք չլինեին, ապա 8 տարի առաջ ժողովուրդը չէր հետեւի իրեն դուխով ներկայացնողի կոչին ու չէր կազմաքանդի ողջ հանրապետության կյանքը: Եվ այդ առումով նշանակություն չունի այն հարցը՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ ժողովուրդը, կամ այն, որ ինքն ընդամենը գործիք էր օտար ուժերի ձեռքում: Եթե նախկինների օրոք երկիրը նորմալ կառավարվեր, եւ ոչ թե տիրեր ներքին կյանքն այլանդակող «բեսպրեդել», ժողովուրդը ոտքի չէր կանգնի՝ ակամա գործիք դառնալով օտարների ձեռքին: Ինչեւ, եթե մեզ հաջողվի կյանքի կոչել նշված նախապայմանները, ապա մեզ կհաջողվի ձեւավորել Հայաստանի իրական «չորրորդ հանրապետությունը»: Ու այն կվերածվի մեր իղձերի իրականացման հայրենիքի:

ՀԳ. Նրանց համար, ում հետաքրքրում է, թե ովքեր են եղել ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը, ներկայացնեմ դրանց ցուցակը:

Ջորջ Վաշինգտոն – Անկախության պատերազմի բանակի գլխավոր հրամանատար եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ
Թոմաս Ջեֆերսոն – Անկախության հռչակագիրի գլխավոր հեղինակ եւ երրորդ նախագահ
Բենջամին Ֆրանկլին – Հայտնի գիտնական, դիվանագետ եւ ԱՄՆ-ի հիմնադրման 3 գլխավոր օրենքները՝ Անկախության հռչակագիրը, Փարիզի հաշտության պայմանագիրը եւ ԱՄՆ-ի Սահմանադրությունը ստորագրող
Ջոն Ադամս – Անկախության մարտիկ եւ ԱՄՆ-ի երկրորդ նախագահ
Ջեյմս Մեդիսոն – Սահմանադրության գլխավոր հեղինակ (նրան հաճախ անվանում են «Սահմանադրության հայր») եւ չորրորդ նախագահ
Ալեքսանդր Համիլթոն – ֆինանսների առաջին նախարար եւ ֆինանսական համակարգի ստեղծող
Ջոն Ջեյ – ԱՄՆ-ի գերագույն դատարանի առաջին նախագահ եւ դիվանագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ

«Հրապարակ»․ Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ Fri, 21 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով