ԿՀՎ տնօրենը հանդիպե՞լ է Պուտինի հետ․ Կրեմլի պարզաբանումը
Wed, 26 Aug 2026 10:30:22 +0400

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված չէր:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսկ The Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռատկլիֆի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ: Միևնույն ժամանակ նա չի բացահայտել բանակցությունների մանրամասները և հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում էր, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա՝ հանդիպումներ անցկացնելու համար:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ նա, ի թիվս այլ հանդիպումների, պետք է բանակցեր նաև Պուտինի հետ։ Ռուսական աղբյուրներն իրենց հերթին նշում էին, որ ՌԴ նախագահը հետաձգել է մեծ միջոցառումներից մեկը՝ հավանաբար ԿՀՎ ղեկավարին հանդիպելու համար։
Բացի այդ, ամերիկյան ԶԼՄ-ները նշում էին, թե Ռատկլիֆի ու ամերիկյան պատվիրակության անդամների անվտանգ այցն ապահովելու համար ԱՄՆ-ն դիմել է Ուկրաինային և խնդրել այս օրերին չհարվածել Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին և ՌԴ մյուս մարզերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր