Հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրեր
Tue, 01 Sep 2026 22:45:21 +0400

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 07:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ:
Խուզարկությունների արդյունքում տարբեր խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 18 այլ պարագաներ, առանց համապատասխան գրառումների 11 տարբեր գույնի դեղահաբ, ընդհանուր 3 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգվածներ, թափանցիկ հեղուկով լցված 2 և ծխեցրած հետքերով 1 ապակյա սրվակ, 1 ներարկիչ, լարով 2 և անլար 1 ականջակալ, 1 wi-fi սարք, ինքնաշեն 2 պարան, որոնցից մեկը՝ մետաղական կեռով և սև պարկով, ինչպես նաև արգելված այլ իրեր և ինքնաշեն առարկաներ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` իրավական գնահատական տալու նպատակով:
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ՝ բացառելու ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր