Եվրոպական առաջին թերթերը ձեռագիր էին եվ սահմանափակ քանակով
Fri, 18 Sep 2026 21:00:46 +0400

Դեռ Հուլիոս Կեսարի օրոք ձեռագիր պարբերական է եղել, որը կոչվել է Acta diurna populi romani։ Այնպես որ, մամուլի ծնունդը կարելի է հաշվել հազարամյակներով։ Հին Չինաստանն էլ է ունեցել պաշտոնական տեղեկատվությունը ժողովրդին փոխանցող, այսպես ասած՝ պարբերական մամուլ։ Սակայն եթե եվրոպական իրականությանն անդրադառնանք, ապա ժամանակագրական սահմանները բավականին կնեղանան ու կհասնեն մինչեւ 17-րդ դար։
Ավելի կոնկրետ՝ առաջին տպագիր թերթը լույս է տեսել 1605 թվականին, իսկ առաջին տպագիր օրաթերթը՝ 1650 թվականին։ Մինչ ժամանակակից իմաստով պարբերական մամուլի առաջացումը, եվրոպական իրականության մեջ լուրերն ու նորությունները տարածվել են հիմնականում վաճառականների, դիվանագետների, փոստային ծառայողների եւ հատուկ գրագիրների միջոցով, որոնք հավաքել են տեղեկություններ պատերազմների, առեւտրի, պալատական կյանքի, քաղաքական իրադարձությունների մասին։ Դրանք հանձնվել են թղթին ու տարածվել ձեռագիր կերպով՝ նրանց շրջանում, ովքեր պատրաստ են եղել վճարել դրա դիմաց։ Այս ոլորտում առաջիններից մեկը գերմանացի հրատարակիչ Յոհան Քարոլուսն էր, որն աշխատում էր Ստրասբուրգում։ Նա սկզբում լրատվական թերթոններ էր տարածում՝ ձեռագիր տեսքով, սակայն սահմանափակ քանակով, քանի որ յուրաքանչյուր օրինակի՝ յուրաքանչյուր նման բյուլետենի պատրաստումը բավականին ժամանակատար ու աշխատատար էր։ 1604 թվականին Քարոլուսը ձեռք է բերում հրատարակչական սարքավորումներ եւ իր, այսպես ասած, լրատվական գործունեությունը սկսում է իրականացնել հրատարակված թերթոնի տեսքով։
Այսպես առաջանում է առաջին պարբերականը՝ Relation aller Fürnemmen und gedenckwürdigen Historien-ը, որը կարելի է թարգմանել այսպես՝ «Հաղորդագրություններ բոլոր կարեւոր եւ արժանահիշատակ իրադարձությունների մասին»։ Առաջին համարը լույս է տեսնում 1605 թվականի սեպտեմբերին՝ Ստրասբուրգում։ Սա եվրոպական իրականության մեջ, ժամանակակից ընկալմամբ՝ պարբերական տպագիր մամուլի ծննդյան տարեթիվը կարելի է համարել։ 1605 թվականի դեկտեմբերին Քարոլուսը դիմում է քաղաքի իշխանություններին՝ խնդրելով իրեն տրամադրել հրատարակության հետ կապված արտոնություն։ Առկա արխիվային փաստաթղթում ասվում է, որ արդեն հրատարակվել է 12 համար։ Դա թույլ է տալիս ասելու, որ թերթի հրատարակումը սկսվել է սեպտեմբերից։ Այդ խնդրագիրն էլ ընդունված է համարել եվրոպական պարբերական տպագիր մամուլի «ծննդյան վկայականը»։
Բայց պատմաբանները համարում են, որ եվրոպական տպագիր մամուլը սկսել է գործել 1609 թվականից։ Դա եղել է Relation-ը, որի առաջին համարները, սակայն, չեն պահպանվել։ Ամենավաղ պահպանված տարեկան ամբողջական ժողովածուն թվագրվում է հենց 1609 թվականով։ Պարբերականը գործել է այսպես․ լուրերը Ստրասբուրգ հասնում էին եվրոպական տարբեր քաղաքներից։ 1609-ի ամբողջական տարեկան ժողովածուի մեջ կարելի է հանդիպել հաղորդումներ Քյոլնից, Վենետիկից, Հռոմից եւ այլ քաղաքներից։ Համարները ծավալուն չէին։ Աշխատանքն ընթանում էր հետեւյալ շղթայով՝ իրադարձություն-թղթակից-փոստային կապ-խմբագիր կամ հրատարակիչ-հրատարակչություն-տպագիր օրինակ-ընթերցող։
Ժամանակակից լրագրության մեխանիզմը, իհարկե, շատ ավելի բարդ է, սակայն այս սկզբունքն առավել կամ պակաս չափով պահպանվել է մինչ օրս։ Քարոլուսը, ըստ էության, երկու մասնագիտություն միավորել էր՝ լուրեր հավաքողի եւ հրատարակչի։ Նա ստանում էր տեղեկություններ, դրանք մշակում էր, համակարգում, հրատարակում եւ ստանում լրատվական պրոդուկտ։ Թերթը պարունակում էր լուրեր, նորություններ եւ տպագրվում էր որոշակի պարբերականությամբ։ Քարոլուսը, ըստ էության, բավարարում էր ժամանակի պահանջարկը, ինֆորմացիա էր հաղորդում։ Եվրոպա աշխարհամասը զարգանում էր, ենթակառուցվածքները զարգանում էին, գրագիտությունը տարածվում էր, մարդիկ ցանկանում էին ավելի ճշգրիտ եւ թարմ նորություններ իմանալ՝ իրենց առեւտուրը, ճամփորդությունները, գործերը կազմակերպելու համար։ Անհրաժեշտ էր Եվրոպայի տարբեր անկյուններում տիրող առեւտրական վիճակի, քաղաքական իրադրության մասին ունենալ թարմ տեղեկություններ։ Եվ դա անում էր հենց Քարոլուսի ստեղծած թերթը, որը շաբաթաթերթ էր։
Իսկ առաջին օրաթերթը ստեղծվում է արդեն 45 տարի անց՝ 1650 թվականին, Լեյպցիգում՝ Տիմոթեուս Ռիտցշի կողմից։ Այն կոչվում էր Einkommende Zeitungen, լույս էր տեսնում շաբաթական 6 անգամ։ Ռիթցշը դրանից առաջ՝ 1644 թվականին, արդեն թողարկում էր Wöchentliche Zeitung թերթը՝ շաբաթական չորս կամ հինգ անգամ։ Պատմաբանները նկատում են, որ պարբերականն ամենօրյա դառնում է, ըստ էության, ինֆորմացիոն հաղորդումների հոսքի մեծացման եւ հանրայնացման պարբերականության հաճախակիացման արդյունքում։ Օրաթերթ հրատարակելն ավելի բարդ էր։ Ամենօրյա ռեժիմով ապահովել թարմ լուրեր՝ այն ժամանակներում դյուրին չէր։ Ու բնական է, որ նման լրատվամիջոցը պետք է առաջանար այնպիսի քաղաքում, ինչպիսին Լեյպցիգն էր, որն ուներ զարգացած քաղաքային ենթակառուցվածք եւ այլ քաղաքների հետ հաղորդակցության լավ մշակված ճանապարհային եւ փոստային ցանց։ Ահա այսպես՝ ժամանակի պահանջին համահունչ, Եվրոպայում՝ հեռավոր 17-րդ դարում ստեղծվում են առաջին թերթերն ու օրաթերթերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր