«Հրապարակ». Ովքեր են ստացել Հեսսեյան մրցանակը եւ ինչու
Sat, 19 Sep 2026 11:45:00 +0400

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ` Գերմանիայի Հեսսեն երկրամասի կողմից: Այս մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին, առաջին անգամ շնորհվել է 1994-ին։ Նախատեսված է այն մարդկանց համար, որոնք նշանակալի ներդրում են ունեցել պատերազմների եւ զինված հակամարտությունների խաղաղ կարգավորման, բռնության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման զարգացման գործում։ Մրցանակի դրամական մասը 25 հազար եվրո է։ Տարիների ընթացքում այն ստացել են տարբեր երկրների քաղաքական գործիչներ, դիվանագետներ, իրավապաշտպաններ։
Առաջին դափնեկիրը 1994 թվականին նորվեգացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Մարիաննե Հեյբերգ-Հոլստն էր։ Նա մրցանակի է արժանացել Իսրայելի եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպության միջեւ Օսլոյի խաղաղ գործընթացում ունեցած միջնորդական աշխատանքի համար։ 1995-ին մրցանակը ստացել է Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ Ջոն Հյումը՝ Հյուսիսային Իռլանդիայի երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործունեության համար։ Մեկ տարի անց՝ 1996-ին, դափնեկիր է դարձել սալվադորցի հոգեւորական Գրեգորիո Ռոսա Չավեսը, որը մասնակցել էր կառավարության եւ պարտիզանական ուժերի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին։ 1997-ին մրցանակը հանձնվեց գերմանացի քաղաքական գործիչ Հանս Կոշնիկին՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում խաղաղության հաստատման եւ Մոստարի վերականգնման գործում աշխատանքի համար։ 1998-ին այն ստացել է ռուսաստանցի գեներալ եւ քաղաքական գործիչ Ալեքսանդր Լեբեդը՝ չեչենական առաջին պատերազմի ավարտին ուղղված բանակցություններում ունեցած դերի համար։ 1999 թ. դափնեկիրն ամերիկացի քաղաքական գործիչ Ջորջ Ջ. Միտչելն էր, որը կարեւոր դեր է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ բանակցություններում։ 2000-ին մրցանակը ստացել է Ֆինլանդիայի նախկին նախագահ եւ դիվանագետ Մարտի Ահտիսաարը՝ Կոսովոյի հակամարտության կարգավորման միջնորդական գործունեության համար։
2001 թվականին մրցանակը հանձնվել է նիդերլանդացի դիվանագետ Մաքս վան դեր Ստուլին՝ էթնիկ հակամարտությունների կանխարգելման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում կատարած աշխատանքի համար։ 2002-ին մրցանակ չի շնորհվել, 2003-ին դափնեկիր է դարձել ալժիրցի դիվանագետ Լախդար Բրահիմին՝ Աֆղանստանում խաղաղ գործընթացին նպաստելու համար, 2004-ին` շվեդ դիվանագետ Հանս Բլիքսը՝ Իրաքի զինաթափման համար։ 2005-ին` 14-րդ Դալայ Լաման՝ խաղաղության եւ իր գործունեության համար, 2006-ին` իսրայելցի երաժիշտ եւ դիրիժոր Դանիել Բարենբոյմը, որը տարիներ շարունակ զբաղվել է իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ երկխոսության խթանմամբ։ 2007-ին մրցանակը հանձնվել է գերմանացի քաղաքական գործիչ Քրիստիան Շվարց-Շիլինգին՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ 2008-ին` ամերիկացի քաղաքական գործիչ Սեմ Նանը՝ միջուկային եւ զանգվածային ոչնչացման այլ զենքերի տարածման սահմանափակելուն ուղղված գործունեության համար։
2009-ի դափնեկիրը քենիացի խաղաղության ակտիվիստ Դեխա Իբրահիմ Աբդին էր, 2010-ին` պաղեստինցի Իսմայիլ Խաթիբը, որն իր զոհված 11-ամյա որդու օրգաններն իսրայելցի երեխաներին էր նվիրաբերել։ 2011-ին` ճապոնացի դիվանագետ Սադակո Օգատայան՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում գործունեության համար։ 2012-ին` շվեյցարացի Էլիզաբեթ Դեկրի Ուորները, որը զբաղվել է զինված հակամարտությունների ժամանակ խաղաղ բնակչության եւ փախստականների պաշտպանությամբ։ 2013-ին` նիգերիացի հոգեւորականներ Մուհամմադ Աշաֆան եւ Ջեյմս Վույեն։ 2014-ին` բրազիլացի Ռուբեմ Սեզար Ֆերնանդեսը՝ Բրազիլիայում բռնության դեմ պայքարի համար։ 2015-ին մրցանակը ստացել է ռուս իրավապաշտպան Էլլա Պոլյակովան՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համար։ 2016-ի դափնեկիրը ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էր՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։ 2017-ին` շվեյցարացի դատախազ եւ իրավաբան Կառլա Դել Պոնտեն՝ միջազգային քրեական արդարադատության պաշտպանության համար։ 2018-ին` թուրք իրավապաշտպան Շեբնեմ Քորուր Ֆինջանջը՝ խոշտանգումների դեմ պայքարի համար։ 2019-ին` Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին, բայց հետագայում մրցանակը հետ է վերցվել։ 2020-ին Հեսսեյան խաղաղության մրցանակը համատեղ ստացել են Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը` երկու երկրների միջեւ երկարատեւ վեճի կարգավորմանն ուղղված Պրեսպայի համաձայնագրի հետ։ 2021-ին մրցանակը չի շնորհվել՝ COVID 19-ի պատճառով։
2022-ին դափնեկիր է դարձել սոմալացի խաղաղության ակտիվիստ Իլվադ Էլմանը, որը զբաղվում է սեռական բռնության զոհերի, երեխաների պաշտպանության հարցերով։ 2023-ին մրցանակը հետմահու հանձնվել է կանադացի-իսրայելցի խաղաղության ակտիվիստ Վիվիան Սիլվերին։ 2024-ին ստացել է կոլումբիացի բնապահպան եւ իրավապաշտպան Ջանի Սիլվան՝ Ամազոնի տարածաշրջանում խաղաղության, սոցիալական արդարության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար։
Հեսսեյան խաղաղության մրցանակի դափնեկիրը 2026-ին դարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հեսսենի խորհրդարանի եւ մրցանակի կազմակերպիչների պաշտոնական հիմնավորման համաձայն՝ մրցանակը նրան շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Հիմնավորման մեջ ընդգծել են բանակցությունների եւ երկխոսության ճանապարհով երկարատեւ հակամարտությունը հաղթահարելու փորձերը։
Բայց ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանում կան բազմաթիվ հայ ռազմագերիներ, Իլհամ Ալիեւի օգնականը, ի տես աշխարհի, Գանձասարում ծաղրում է հայկական գրերը, Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովը սպառնում է Փաշինյանին՝ չլողալ Սեւանա լճում, եւ Ադրբեջանում պետական մակարդակով առաջ են տանում «Արեւմտյան Ադրբեջան» նախագիծը:
Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանին Հեսսեյան մրցանակի արժանացնելու քայլին, նկատում է. «Այս մրցանակը զուտ խրախուսանքի ժեստ է, մրցանակ շնորհողներն իրականում ամեն ինչ էլ շատ լավ գիտակցում եւ հասկանում են, ուղղակի ցանկանում են «պրյանիկներ» բաժանելով խաբել մարդկանց, այդքան մի բան: Ի վերջո, միշտ էլ դժվար է պատժել այն մարդուն, որն ունի շատ մրցանակներ: Նման քայլերով Նիկոլ Փաշինյանի իմիջը փորձում են ամբողջական դարձնել եւ հայ ժողովրդին համոզել, որ մեզ հետ տեղի ունեցածը ձեռքբերում է, այլ ոչ թե կորուստ: Ուզում են ասել` ուրիշ ոչ ոք չէր կարող նման «ձեռքբերում» ունենալ, ինչպես որ ունեցավ Նիկոլ Փաշինյանը»: Ինչ վերաբերում է Հաջիեւի ծաղրանքին եւ Զուլֆուգարովի սպառնալիքներին, Նահապետյանն ասում է. «Ես չեմ ուզենա Զուլֆուգարովի ասածներին անդրադառնալ, քանի որ նա ծեծ կերած, կոմպլեքսավորված մարդ է, նա ոտքը ոտքին գցած` ուրիշների հաջողություններով է տոնակատարություններ կազմակերպել, այն պարագայում, երբ ինքը ձախողակ է: Նա անլուրջ մարդ է: Ընդամենը մեկ բան ունի նա` ինստիտուցիոնալ հիշողություն, ուրիշ ոչինչ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործող պաշտոնյաներին, մասնավորապես՝ Հաջիեւի հայտարարություններին, ապա նա հերթական անգամ ցույց տվեց, որ կողմերի միջեւ չկա հավասարություն, եւ իրենք որեւէ կերպ չեն ցանկանում Հայաստանի հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Նա ցույց տվեց, որ իրենք դարձել են ռեգիոնալ պետություն, իսկ Հայաստանն իրենց «դաբրոյով» մի կերպ յոլա է գնում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր