Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Sat, 19 Sep 2026 18:53:13 +0400

Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու եւ խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։
Մենք ժամեր շարունակ փորձում ենք կապ հաստատել կառույցի տնօրենի, ընդունարանի հետ, որևէ աշխատակցի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան։ Կապվեցինք վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է դեպքից, ասաց՝ դեպքի մասին տեղյակ է, դայակն իրենց համագյուղացին է։ Մեր հարցին ի պատասխան, թե վարույթ հարուցվել է, խափանման միջոց կա՞, ասաց տնային կալանքում է։ Վարչական ղեկավարը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ավելի ուշ կզանգի, կզրուցենք, իրեն այս պահին հարմար չէ երկար զրուցելը:
«Հրապարակ»-ը փորձում է մեկնաբանություն ստանալ նաեւ իրավապահներից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր