Դաշինք ստեղծելու առաջարկին սառն են վերաբերվել
Sat, 19 Sep 2026 20:30:47 +0400

Եվրամիությունում առանձնապես չեն ուրախացել Կանադայի հետ «եզակի դաշինք կնքելու» հեռանկարով, որը առաջ է մցում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ կոչ անելով միավորվել ընդդեմ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, վարչապետ Քարնիի փորձերը՝ համոզելու Եվրոպային, որ պետք է խորացնել տնտեսական կապերը Կանադայի հետ, հաջողությամբ չեն պսակվել։ Քարնին այդպես էլ չի կարողացել հասնել նրան, որ եվրոպական շուկայի հանդեպ Օտտավան ստանա արտոնյալ մուտքի հնարավորություն՝ առեւտուր իրականացնելու համար։ Իրավիճակին ծանոթ դիվանագետներից մեկը պարբերականին ասել է, որ բոլորն էլ սիրում են կանադացիներին, սակայն իրատեսորեն են գնահատում թե հնարավորությունները թե սահմանափակումները։ «Ամեն բան, բացի անդամակցությունից» թեզիսը թեեւ լավ է հնչում, բայց լավ մշակված գաղափար չէ։ Մեկ այլ անանուն իրազեկ աղբյուր էլ նկատում է, որ Եվրոպայում մտավախություն ունեն, որ Կանադայի հետ հարաբերությունների հետագա սերտացումը կարող է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բացասական արձագանքի արժանանա, իսկ Բրյուսելում չեն ուզում Թրամփի հետ նոր խնդիրներ ունենալ, քանի որ արդեն եղած լիովին բավարար է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր