«Հրապարակ». «Հալածվում էր» առաջ, «հալածվում է» հիմա
Tue, 06 Oct 2026 11:15:55 +0400

2018-ի իշխանափոխությունից հետո թունդ նիկոլական դարձած «Հին Էրիվան» համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մեծ հույս ուներ, որ իր կորցրած ունեցվածքը կարողանալու է հետ վերադարձնել նոր իշխանությունների օգնությամբ, եւ իր «ոտնահարված իրավունքները վերականգնվելու են»: Բայց 8 տարի անց նրա դիմումներն անպատասխան են մնացել, ավելին` նա կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Երեկ դատախազությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ զինվորական դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի եւ դրան կից 2.56 հա հողամասի օտարման գործընթացում առերեւույթ խախտումներ է հայտնաբերել։
Ըստ դատախազության՝ 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող համալիրը, առանց պատշաճ գնահատման, ուղղակի վաճառքով օտարվել է 500 հազար դոլարով, մինչդեռ 2005 թվականին նույն գույքի լիկվիդացիոն արժեքը գնահատվել է 700 հազար դոլար։ Բացի այդ, 2.56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցվել է առանց իրավական հիմքի, ինչից հետո այն 115.8 մլն դրամ կադաստրային արժեքով անհատույց փոխանցվել է սեփականության։ Դատախազությունը հանցանքի առերեւույթ հատկանիշներով հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ պետության շահերի պաշտպանության հայցն արդեն դատարանում է։ Մենք տեղեկացանք, որ «Վանա լիճ դրախտ» ռեզորթի սեփականատերը Մանվել Տեր-Առաքելյանն է։
Ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը։ Պարզվեց՝ նա շարունակ կիսվում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, որոշ դատավորների լուսանկարներով, նրանց հասցեին գովեստի խոսքեր է շռայլում։ Կիսվում է նաեւ ՔՊ-ական պատգամավորների գրառումներով եւ աղերսագրեր հղում Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ աջակցի իրեն՝ իր ունեցվածքը չխլեն եւ այլն։ Սակայն 2026-ին Մանվել Տեր-Առաքելյանի որդուն՝ Էդգար Տեր-Առաքելյանին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ֆինանսական բնույթի հանցագործությունների։ Թերեւս, որդու նկատմամբ քրեական հետապնդումից եւ իր աղերսագրերի անպատասխան մնալուց հետո Մանվել Տեր-Առաքելյանը հիասթափություն է ապրել Փաշինյանի իշխանությունից եւ սկսել է քննադատել նրանց:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր