Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

ՄՈՄԸ ԿԱ։ ԱՊԱՑՈՒՅՑԸ՝ ՉԿԱ. (Ինչպես «մոմ բռնողը» դարձավ ականատես, քննիչ ու դատավոր)

Մի բան ասեմ, որպեսզի հանկարծ այս գրածս չընկալվի որպես կաթողիկոսին պաշտպանելու փորձ։

Ես կաթողիկոսին քննադատել եմ։ Շատ եմ քննադատել։
Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին։
Ես այն ժամանակ բարձրաձայնում էի, որ պետք է Հայաստանի վանքերի ու եկեղեցիների զանգերը հնչեին, որ Կաթողիկոսը պետք է դառնար մի նոր Ղևոնդ Երեց։
Չեմ ասում, որ ես ճիշտ էի։
Այսօր էլ չեմ ասում։
Այդպես էի մտածում։
Ես ուզում էի տեսնել մի նոր Սարդարապատի ոգի։ Ուզում էի, որ եկեղեցին այդ օրերին ոչ միայն աղոթեր, այլև ամբողջ իր ձայնով կանգներ ժողովրդի կողքին։
Անգամ ՖԲ-ով հարց էի բարձրացրել այն հայտնի 20 միլիոն դոլարի մասին։
Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հիմա հանկարծ դարձել եմ կաթողիկոսի պաշտպան՝
չէ՛, սխալ հասցեով է եկել։
Ես կարող եմ քննադատել կաթողիկոսին, կարող եմ համաձայն չլինել նրա որոշումների հետ, կարող եմ նույնիսկ շատ կոշտ հարցեր բարձրացնել։
Բայց հենց այդ պատճառով էլ ինձ համար անհասկանալի է մեկ ուրիշ բան.
Այսքան հարցերի մեջ սա՞ էր այն հարցը, որը պետք էր հասցնել Ազգային ժողով։
Հայաստանում այսօր այնքան խնդիր կա, որ դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող էր զբաղեցնել խորհրդարանի ամբողջ օրը։
Սահմանների հարց կա։
Անվտանգության հարց կա։
Հայաստանի տարածքում տեղի ունեցող միջադեպերի հարց կա։
Շաքիի դեպքերի նման դեպքեր կան, որոնց շուրջ հասարակությունը բնականաբար սպասում է պարզաբանումների ու պետական արձագանքի։
Եվ այս ամբողջի կողքին մենք նստում ենք ու Ազգային ժողովում մանրամասն քննարկում ենք՝
կաթողիկոսը կուսակրոնության իր ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ։
Հարցն ինքնին կարող է ունենալ իր տեղը։
Բայց ԱԺ-ի օրակարգում դրա տեղը և ժամանակը արդեն ուրիշ հարց է։
Եվ այստեղ ես ուզում եմ տարբերակել երկու բան.
Կաթողիկոսին քննադատելը՝ մի բան է։
Պետության առաջնահերթությունները կորցնելը՝ մեկ այլ բան։
Ես առաջինի իրավունքը պաշտպանում եմ։
Երկրորդի մասին եմ հարց տալիս։
Որովհետև երբ սահմանները բաց են, երբ անվտանգության խնդիրներ կան, երբ երկրի ինքնիշխանության ու տարածքային անվտանգության հարցեր են հասարակության առաջ, ինձ համար առնվազն տարօրինակ է, որ պետական բարձրագույն ամբիոններից այդ պահին ամենայն մանրամասնությամբ քննարկվում է մեկ մարդու անձնական կյանքի հարցը։
Ու այստեղ արդեն հարցը նույնիսկ կաթողիկոսը չէ։
Հարցը մեր ուշադրության մասին է։
Ի՞նչն ենք մենք դարձնում ազգային կարևորության հարց։
Ի՞նչն ենք հասցնում խորհրդարան։
Ի՞նչն ենք դարձնում ժամերով քննարկման նյութ։
Եվ վերջապես՝
ո՞ր պահին ենք հասկանում, որ երկրի իրական խնդիրները դռան հետևում են, իսկ մենք ներսում մոմի շուրջ բանավեճ ենք անում։
Բայց եթե արդեն որոշել ենք, որ սա է մեր ազգային գլխավոր խնդիրը, ապա եկեք մինչև վերջ գնանք…
ԱԺ նիստից հետո մի բան վերջնականապես պարզ դարձավ.
Հայաստանի խորհրդարանում այլևս ոչինչ պարզապես չի քննարկվում։
Այստեղ ամեն ինչ նախաքննվում է, ապացուցվում է, կնքվում է, արձանագրվում է և վերջում՝ եթե ժամանակ մնա՝ քվեարկվում։
Այսօր ընդամենը երկու հարց էր օրակարգում՝
— Եկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողով,
— Տոների և հիշատակի օրերի մասին օրենք։
Բայց երրորդ հարցը օրակարգում չկար, ինքն իրեն մտավ նիստ.
«Ո՞վ ում կքաշքշի»։
Եվ խորհրդարանական բանավեճը մտավ իր բնական զարգացման հաջորդ փուլ՝ հրմշտոց։
Հայտարարվեց ընդմիջում։
Սա այն հազվագյուտ դեպքն էր, երբ ընդմիջումը ոչ թե նիստից էր, այլ՝ նիստը՝ ընդմիջումից։
Մի քիչ էլ շարունակվելու դեպքում հաջորդ նիստին անհրաժեշտ կլինի ոչ թե նիստավար, այլ՝ գլխավոր մրցավար, երկու գծային մրցավար և նկարահանված ծեծկրտուքի վերանայում։
Որովհետև պետք է կարողանանք հետադարձ կադրով պարզել՝ ո՞վ առաջինը հրմշտեց։
Բայց սա դեռ ոչինչ։
Հետո եկավ օրվա գլխավոր թեման.
«ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ»
Այս արտահայտությունն արդեն այնպիսի վստահությամբ է հնչում, որ մի հարց է առաջանում.
Տղերք, դուք ներկա՞ էիք։
Դուք է՞իք դեպքի վայրում։
Դուք է՞իք կաթողիկոսի կողքին կանգնած՝ մոմը ձեռքին, ամեն ինչ վայրկյան առ վայրկյան արձանագրած։
Որովհետև ձեր պատմածից արդեն տպավորություն է, թե ԱԺ-ում գործում է գաղտնի՝
«Մոմի լույսի ներքո կատարված դեպքերի փաստահավաք հանձնաժողով»։
Մի պատգամավոր ասում է՝ «Ես համոզված եմ»։
Մյուսը՝ «Կնիքով հաստատված է»։
Երրորդը՝ «Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել»։
Ու ոչ ոք չի հարցնում ամենապարզ հարցը.
«Բա դու որտե՞ղ էիր»։
— Ես մոմ էի բռնում։
Վե՛րջ։ Ականատես։ Փորձագետ։ Քննիչ։ Դատավոր։
Մի քիչ էլ մոմը բարձրացրեցիր՝ արդեն դատարան։
Եւ այստեղ ՄՈՄ ԲՌՆՈՂԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում կարծես ապացուցողական նոր համակարգ է ներդրվել.
Ես լսել եմ՝ փաստ։
Ես համոզված եմ՝ ապացույց։
Մոմ էի բռնում՝ ականատես։
Կնիք կա՝ գործը փակված է։
Ուստի առաջարկում եմ ԱԺ-ում ստեղծել նոր պաշտոն.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՄ ԲՌՆՈՂ
Պահանջները՝
— կրթություն՝ պարտադիր չէ,
— փաստերի իմացություն՝ ցանկալի չէ,
— մոմ բռնելու փորձ՝ ցանկալի,
— իսկ ամենակարևորը՝ չտեսածը տեսած ներկայացնելու անհավանական վստահություն։
Աշխատավարձը՝ պետական։
Մոմը՝ սեփական։
Կնիքը՝ ծառայողական։
Բայց այստեղ մի շատ կարևոր տարբերություն կա։
Ես նորից եմ կրկնում՝ ոչ կաթողիկոսին եմ սրբացնում, ոչ էլ ասում եմ, որ նրան քննադատել չի կարելի։
Կաթողիկոսը քննադատությունից վեր չէ։
Քննադատությունը՝ քննադատություն։
Բայց մարդու անձնական կյանքի վերաբերյալ այնպիսի մանրամասն «փաստեր» ներկայացնելը, կարծես դու անձամբ եղել ես դեպքի վայրում, արձանագրել ես ամեն վայրկյանը և վերջում էլ կնիք ես դրել՝ բոլորովին ուրիշ բան է։
Հատկապես երբ այդ «փաստի» միակ ապացույցը քո սեփական վստահությունն է։
Իսկ երբ այդ մասին խոսում են նաև մարդիկ, որոնք կարծես ուրիշի անձնական կյանքի ամենաինտիմ մանրամասները ներկայացնելուց ոչ մի անհարմարություն չեն զգում, հարցն արդեն նույնիսկ սարկազմից այն կողմ է գնում.
մարդու անձնական կյանքը հանրային դատավարության նյութ դարձնելը ո՞ր օրենքով է դարձել պետական գործառույթ։
Եթե վաղը նույն տրամաբանությամբ սկսենք դատել ոչ թե մարդու արարքը, այլ նրա մարմնի որևէ մասը, ապա գուցե հաջորդ քայլով ԱԺ-ն առանձին հանձնաժողով ստեղծի՝
«Մարդու օրգանների իրավական կարգավիճակի վերաբերյալ»։
Այստեղ արդեն մնում է միայն առաջարկել՝ դատել ոչ թե մարդուն, այլ այն «գործիքը», որի մասին այդքան խոսում են։
Թող բողոքողներն էլ հանգստանան։
Թող կաթողիկոսն էլ ազատվի իրեն վարկաբեկող այդ «գործիք-ապացույցից»։
Իսկ մենք էլ վերջապես հասկանանք, թե պետական օրակարգի որ մակարդակի ենք հասել։
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
Եթե պատգամավորն ասում է՝ «Ես համոզված եմ»՝ հարցրեք՝ ապացույցը ո՞ւր է։
Եթե ասում է՝ «Կնիքով հաստատված է»՝ հարցրեք՝ ո՞վ է դրել կնիքը։
Եթե ասում է՝ «Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել»՝ հարցրեք՝ «Դուք որտե՞ղ էիք»։
Եթե պատասխանը լինի՝ «Մոմ էի բռնում»։
Ապա ամեն ինչ պարզ է։
Մոմը՝ վառվեց։
Կնիքը՝ դրվեց։
«Խախտումը»՝ արձանագրվեց։
Ապացույցը՝ չգտնվեց։
Ու էս արդեն ոչ թե Ազգային ժողով է։
Էս՝ ազգային մոմավառություն է՝ ուղիղ եթերով։
Իսկ ամենավերջում մնում է ընդամենը մի հարց.
— Տղե՛րք… դուք հաստատ այնտեղ եղե՞լ եք։
— Մոմ էի բռնում։
Վե՛րջ։
Մոմը կա։
Ապացույցը՝ չկա։

Արիս Քարամյան,
Լոս Անջելես
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով