59-ամյա տղամարդը չի հիշում՝ ո՞վ է ու ինչպե՞ս է դրսում հայտնվել
Sat, 10 Oct 2026 17:15:17 +0400

Արդեն մի քանի ամիս Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի 12 եւ 18 շենքերի միջեւ գտնվող այգում է գիշերում 59-ամյա Վահանը, ով անգամ անունը դժվարությամբ է հիշում։ Իր շների հետ երեկոյան զբոսանքի դուրս եկած Ժոզեֆինան է տղամարդուն նկատել, մոտեցել, հարց ու փորձ է արել, ինչի արդյունքում տղամարդն իր մասին կցկտուր տեղեկություններ է հայտնել։
Մեզ հետ զրույցում աղջիկը նշեց, որ տղամարդն ադեկվատ է, բարեհամբույր, բայց հիշողության հետ կապված անհայտ խնդիր ունի․ «Շատ դժվարությամբ անունը հիշեց, բայց չկարողացավ ազգանունը հիշել, չի հիշում նաեւ թե որտե՞ղ է եղել իր տունը, ինչպե՞ս է դրսում հայտնվել, միայն մատով ցույց է տալիս դիմացի շենքը, փորձում է ինչ որ բաներ հասկացնել, բայց հստակ ոչինչ չի ասում։ Երեկոյան շատ ուշ ժամի է գալիս այդ այգի, երեւի գիշերելու համար, դրա համար բակիչներից շատերը երեւի չեն էլ նկատել նրան։ Մի քանի անգամ հարցրել եմ, ասում է, որ որեւէ խնամքի կենտրոնում չի եղել, բայց չեմ կարող վստահ պնդել»։
Ժոզեֆինայի խոսքով՝ տղամարդը առողջական խնդրներ ունի․ «Իր մոտ բժշկական փաստաթղթեր կային, որից էլ տարիքն ու անուն ազգանունը իմացա։ Ես մասնագիտությամբ բժիշկ չեմ, ու չեմ կարող հստակ ասել, թե ինչ խնդիրներ ունի, բայց ակնհայտ է, որ խոսքը ծանր դեպքի մասին է, դժվարությամբ է խոսում, գրեթե ոչինչ չի հիշում։ Ես ամեն օր իրեն սնունդ տանում եմ, բայց դա հարցի լուծում չէ, օրերը ցրտում են, նրան կացարան է պետք»։
Մենք դիմել ենք նաեւ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր