Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ

51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ

Mon, 12 Oct 2026 18:45:07 +0400


Գործող իշխանության այս կամ այն ներկայացոււցիչը մեղադրում է ընդդիմությանն ադրբեջանական նարատիվները Հայաստանում շրջանառելու մեջ: Առաջին հայացքից դա կարծես թե այդպես է: Քանի որ առանձին փորձագետներ անընդհատ դիտարկում են ադրբեջանական մամուլը՝ օբյեկտիվորեն ներկայացնելով մեզ վերաբերող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում Բաքվից հաճախ հնչող պահանջներն ու սպառնալիքները: Այն երկրից, որը «մեր» իշխանության կողմից ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր: Անվտանգության երաշխավորն էլ չի կարող չլինել բարեկամ: Եվ Նիկոլենց ասելով, այդ բարեկամությունը փայփայման կարիք ունի:

Այնինչ, ընդդիմադիր փորձագետները քողազերծում են հեքիաթային այդ իրականությունը: Ինչը, բնականաբար, ձեռք չի տալիս Բաքվի բռնապետին այդպես ներկայացնողներին: Եթե այնտեղից հնչում են պահանջներ ու սպառնալիքներ, ապա էլ ի՜նչ բարեկամ: Իսկ եթե բարեկամ չէ, ապա էլ ի՜նչ խաղաղության հաստատում: Դա կարող են գիտակցել նույնիսկ անուղեղ զանգվածները՝ եթե նրանց անընդհատ ներկայացվի իրականությունը: Իսկ այդ դեպքում ում վրա պետք է հենվի ու ում քվեն ակնկալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ու այդ պատճառով ընդդիմադիր գործիչները մեղադրվում են ադրբեջանական նարատիվները Հայաստանում շրջանառելու մեջ:

Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Եվ եթե ադրբեջանական պահանջ ու սպառնալիք ներկայացնողները փորձում են բացել մեր հասարակության աչքերը, ապա իշխանությունը, նախ, փորձում է փակ պահել այն: Որովհետև տգետ մարդկանց զանգվածներին շատ ավելի հեշտ է կառավարելը: Դա ապացուցված է պատմականորեն ու հիմնավորման կարիք չի զգում: Երկրորդ, նման մարդկանց ավելի հեշտ է համոզելը, որ դիմացինը ևս խաղաղության կողմնակից է: Երրորդ, տեղեկանալով, թե ինչ է տեղի ունենում, օրինակ, մեր գերիների հետ, մարդիկ, իրենց կամքից անկախ, դա համեմատում են այն բանի հետ, ինչ կատարվում է այստեղ: Իսկ այստեղ կատարվողի առումով տեղեկատվության պակաս չկա: Ու մարդիկ տեսնում են, որ այստեղ կատարվողը ճիշտ նույն բանն է, ինչ կատարվում է այնտեղ: Եթե Ադրբեջանում մեր գերիներին դատում են բացարձակ անհիմն մեղադրանքով զուտ այն բանի համար, որ իրենք հայ են, ապա այստեղ ընդդիմադիրներին դատում են ընդդիմադիր լինելու համար: Այսինքն, առկա է նույն վերաբերմունքը: Ու ինքնաբերաբար առաջանում է հարցը՝ ինչո՞վ է այստեղի իշխանությունը տարբերվում Ադրբեջանի բռնապետական իշխանությունից:
Որպեսզի տեսական չթվա վերն ասվածը՝ ներկայացնեմ երկու հատված «hraparak.am»-ի՝ հոկտեմբերի 12-ի երկու տարբեր հոդվածից: Նախ վերցնենք Բաքվի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության (նաև դատավճռի) դրվագներից մեկը: Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 1989–2020 թթ.-ին մոտ 4 հազար ադրբեջանցու բռնի անհետացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու առումով: Թե ինչպես և ինչու պետք է նման տեղեկատվությանը տիրապետեր 2022-2023 թթ.-ի արանքում ընդամենը երեքուկես ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանը, Ադրբեջանի «արդարադատությանը» բացարձակ չի հուզում: Բայց եթե հիշում ենք, որ այդ երկիրը ոչ թե բարեկամ է՝ ինչպես փորձում է ներկայացնել Հայաստանի իշխանությունը, այլ թշնամական, ապա այլևս հարցեր չեն ծագում:

Հիմա գանք Հայաստան: Արդեն մեկ շաբաթ է, ինչ կալանավորվել է 44-օրյա պատերազմին իր ընկերների հետ կամավոր մասնակցած, «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը: Մեջբերեմ նրա կալանավորման որոշման առումով դատաքննությունից մի հատված, ինչը ներառված է իր hայտարարության մեջ: «Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձնից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը»:

Եթե համեմատենք Բաքվի դատարանի որոշումը և հայաստանյան դատաքննության այդ դրվագը, ապա կտեսնենք, որ անհեթեթության առումով որևէ տարբերություն չկա: Հաշվի առնելով, որ երկու երկրում էլ դատարանները խիստ «անկախ» են, բնականաբար, չկա որևէ տարբերություն բոլորի կողմից բռնապետական համարվող երկրի և Հայաստանի միջև: Այն երկրի, որ Արևմուտքի կողմից պաշտոնապես ընդունվում է իբրև ժողովրդավարական: Ինչը նպաստում է Փաշինյանի անձնական իշխանության պահպանմանը, սակայն միաժամանակ սպառնալիքներ է ստեղծում հայոց պետականության գոյության առումով: Դա բացարձակ չի գիտակցում հունիսի 7-ին Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ընտրած բիոզանգվածը: Դա գիտակցում, սակայն դրա վրա թքած ունեն խորհրդարանում կամ գործադիր իշխանությունում Փաշինյանի կողմից հավաքված անձինք: Դժբախտաբար:

ՀԳ. Արթուր Դանիելյանն այն 51 անձանցից մեկն է, ովքեր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կողմից գործարկված՝ Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստրում ներառված են որպես քաղբանտարկյալներ կամ քաղաքական հետապնդման ենթարկվածներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումներն ու հարց բարձրացրեց նոր վարկերի մասին

Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումներն ու հարց բարձրացրեց նոր վարկերի մասին Mon, 12 Oct 2026 13:14:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով