Հետո չգան ասեն՝ երեխաները չեն հասկացել ինչ են անում
Wed, 14 Oct 2026 11:43:57 +0400

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու նրա հերթական կալանավորումը չեն կարող սովորական երևույթ դառնալ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց ակտիվությունից, պասիվությունից կամ ստվերային գործունեությունից։ Մինչև Հայաստանի և Արցախի նախկին նախագահի նկատմամբ, իր գնահատմամբ, ապօրինի քրեական հետապնդումը չդադարեցվի, Հայաստանում քաղաքական կյանքի բնականոն զարգացման մասին խոսելը անիմաստ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նրա գնահատմամբ՝ Քոչարյանը զրկված է ոչ միայն անձամբ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, այլև սահմանափակված է նրա քաղաքական թիմի անդամների գործունեությունը։ Միկոյանի խոսքով՝ երբ քաղաքական գործիչը զրկվում է իր գործունեությունն իրականացնելու հնարավորությունից՝ առանց համապատասխան դատական ակտի, դա քաղաքական հետապնդման հիմնական դրսևորումներից մեկն է։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքներին՝ Միկոյանը կասկածի տակ է դրել այդ գործընթացի շարժառիթները և ընդգծել, որ կալանավորման միջնորդություններն ու որոշումներն ունեն կոնկրետ պատասխանատուներ։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրություն չունի կալանավորման վերաբերյալ համապատասխան միջնորդությունների և որոշումների տակ, ինչի հետևանքով հետագայում կարող է հայտարարել, որ դրանց ընդունմանն անմիջականորեն չի մասնակցել։ Միկոյանի խոսքով՝ այդ փաստաթղթերի հետ կապված պատասխանատվությունը կրում են դրանք կազմած կամ ընդունած անձինք, որոնց թվում նա նշել է Աննա Վարդապետյանին, Ծովակ Մնացականյանին և համապատասխան դատավորներին։
Քոչարյանի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ այս հանգամանքը պետք է հստակ գիտակցեն գործընթացում ներգրավված բոլոր անձինք։ Նա ընդգծել է, որ ապօրինությունների համար պատասխանատվությունը չի կարող հետագայում արդարացվել այն պատճառաբանությամբ, թե դրանց մասնակիցները չեն գիտակցել իրենց գործողությունների հետևանքները։
Միկոյանի խոսքով՝ խոսքը հասուն և իրենց որոշումների համար պատասխանատու մարդկանց մասին է, որոնց գործողությունները կապված են կոնկրետ անունների հետ։ Նա նաև զգուշացրել է, որ պատասխանատվության պահը կարող է անսպասելիորեն գալ, և այդ ժամանակ անձնական կամ ընտանեկան կապերը չեն կարող արդարացում ծառայել։
«Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս բաջանաղները չգան, չասեն՝ երեխաները չէին հասկացել ինչ են անում»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր