Խաղաղության հաստատումը վտանգված է , եթե դա անտեսվի
Thu, 15 Oct 2026 12:08:35 +0400

Արցախցիների վերադարձի իրավունքը, մշակութային ժառանգության և կենսաբազմազանության պաշտպանությունը պետք է լինեն COP17-ի շրջանակում քննարկվող հարցերի շարքում։ Այս մասին կառավարության շենքի դիմաց՝ համաժողովին ընդառաջ կազմակերպված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովի անցկացումը Հայաստանում, միաժամանակ արցախցիների իրավունքների անտեսումը, անընդունելի հակասություն է։ Բեգլարյանը պնդել է, որ ստեղծված իրավիճակում ոչ միայն պատշաճ ուշադրություն չի դարձվում Արցախի ժողովրդի իրավունքներին, այլև, իր գնահատմամբ, լեգիտիմացվում են Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ իրականացված ցեղասպանական հանցագործությունները։
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում մեր իրավունքները, պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր մշակութային ժառանգության պաշտպանության, մեր կենսաբազմազանությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադրիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- ասել է նա։
Բեգլարյանի խոսքով՝ COP17-ի օրակարգում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների պաշտպանության հարցը կարևոր տեղ ունի։ Արցախի ժողովրդի պարագայում, նրա գնահատմամբ, այդ իրավունքների առանցքային բաղադրիչը հայրենիք վերադառնալու հնարավորությունն է։
Նախկին ՄԻՊ-ը նաև քննադատել է Հայաստանի իշխանությունների մոտեցումը՝ հայտարարելով, որ արցախցիներին, իր խոսքով, կոչ է արվում հրաժարվել վերադարձի հույսից։ Նա միաժամանակ պնդել է, որ Ադրբեջանում վնասվում են Արցախի բնական միջավայրն ու կենսաբազմազանությունը, ինչպես նաև ոչնչացվում է մշակութային լանդշաֆտը։
Բեգլարյանն ընդգծել է, որ բնական և մշակութային լանդշաֆտները փոխկապակցված են, և դրանց պաշտպանությունը պետք է դիտարկել միասնական համատեքստում։
Ամփոփելով իր խոսքը՝ Արցախի նախկին ՄԻՊ-ը հայտարարել է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում առկա խնդիրները։ Նրա համոզմամբ՝ արցախցիների իրավունքների անտեսման և հայատյացության շարունակման պայմաններում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը վտանգված է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր