Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Իսկ 10 օր առաջ Արեւմուտքի դրածոն դեռ հերոս էր

Իսկ 10 օր առաջ Արեւմուտքի դրածոն դեռ հերոս էր

Fri, 16 Oct 2026 18:15:07 +0400


Սոցցանցերն ու համաշխարհային մամուլը հեղեղված են Զելենսկու մասին հրապարակումներով: Մարդիկ Զելենսկուն դեմ են տվել պատին եւ նվաստացնում են՝ անվանելով «տուպոյ անպետքություն»: Ընդամենը 10 օր առաջ ոչ ոք չէր կարող երեւակայել, որ նման շրջադարձ կարող է տեղի ունենալ ռուս-ուկրաինական՝ արդեն մեկ տասնամյակից ավելի ձգվող հակամարտության մեջ: Թրամփ-Պուտին դիզելային գործարքը, հակառուսական պատժամիջոցների անկումը եւ մանավանդ Թրամփի հայտարարությունը, որ Ուկրաինային նոր ղեկավար է պետք, իրավիճակը փոխեցին 180 աստիճանով: Այսօր Զելենսկուն քննադատում են բոլոր կողմերից, մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նա արեւմտյան աշխարհի պատվարն էր` Ռուսաստանի դեմ պայքարում: Ո՞ւր է արդարությունը, հարգելի Արեւմուտք: Մի՞թե միայն Զելենսկին է մեղավոր Ուկրաինայի նման ծաղկուն երկրի կործանման համար: Ո՞ւր են այսօր այն եվրոպացի առաջնորդները, որ ձեռքերն էին տաքացնում ուկրաինական կրակների վրա: Խոսեք, Մակրոն, Տուսկ, Մերց, ինչո՞ւ եք կարկամել, ինչո՞ւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ չեք դարձնում, ձեր գիրկը չեք առնում, որ փրկեք նրան ու ինքներդ փրկվեք «ռուսական ագրեսիայից»:

Հիշո՞ւմ եք Զելենսկու հետ ձեր հանդիպումներն ու գրկախառնությունները, ձեր հավաստիացումները, որ ամեն ինչ անելու եք՝ Ռուսաստանին հաղթելու, Ղրիմը եւ Դոնբասն Ուկրաինային վերադարձնելու համար: Ո՞ւր եք, չէ՞ որ ճիշտ ժամանակն է Զելենսկու կողքին կանգնելու… Չկաք: Իսկ չկաք, որովհետեւ, ինչպես կասեր «հայկական թավիշը», իրավիճակ է փոխվել՝ Թրամփը որոշել է, որ Ռուսաստանի հետ կարելի է համագործակցել՝ հրաժարվելով պատժամիջոցներից: Պարոնայք Մակրոն, Տուսկ եւ Մերց, մի թաքնվեք: Զելենսկու հետ, գուցե, պայմանավորվածություններ ունեք, բայց ձեզնից պատասխան պահանջողն Ուկրաինայի ժողովուրդն է, որ ձեր, ինչու ոչ՝ նաեւ Թրամփի ու նրա նախորդի պատճառով է ընկել այս վիճակի մեջ: Պորոշենկոյի նման «հավին» ու Զելենսկու նման «տուպոյ անպետքությանը» դուք եք, չէ՞, բերել իշխանության: Թրամփն ասում է՝ Զելենսկուն պետք է փոխել։ Զելենսկին ի՞նչ է, շախմատի տախտակի ձի՞ է, որին երբ ուզենաք՝ զոհաբերեք, երբ ուզենաք՝ պահեք: Գոնե հայտարարեք, որ Ուկրաինային նոր ընտրություններ են պետք, նոր իշխանություն պետք է ձեւավորվի՝ հուսալի եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:

Մի Զելենսկի էլ, ճիշտն ասած, մենք ունենք: Սա էլ էր մինչեւ վերջերս վեր-վեր թռնում արեւմտյան լիդերների հետ «հաստատած» բարձր հարաբերություններով: Ընդհուպ, ի հեճուկս Ռուսաստանի, օրենք ընդունեց ԵՄ գնալու մասին: Է՛լ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցում, է՛լ ԵԱՏՄ-ից դուրս գալու ճղճղոց, է՛լ թուրք-ադրբեջանական միջանցք Մեղրիով, է՛լ ՀԷՑ-ի բռնագրավում, է՛լ ոտնձգություն ռուսական երկաթուղու դեմ ու ՀԱԵ-ի դեմ արշավ, է՛լ խեղկատակ ընտրություններով հաղթանակ… Իսկ երբ նայում ես սրա անցած ճանապարհը՝ իշխանության գալու պահից մինչ օրս, տեսնում ես, որ նույն Արեւմուտքն է կանգնած թիկունքին՝ իր հակառուսական ողջ պերճանքով ու թշվառությամբ: Հարգելի Արեւմուտք, բարի եղեք պատասխան տալ ձեր դրածոյի խայտառակ պարտությունների համար… Ո՞ւր է Արցախը, ո՞ւր են Հայաստանի սուվերեն տարածքները, ինչո՞ւ պատերազմ եղավ, ինչո՞ւ այսքան զոհ տվեցինք, ինչո՞ւ դուրս ընկանք մեր զարգացման ուղուց եւ հայտնվեցինք դեպի ոչ մի տեղ չտանող այս ճանապարհին:

Հարգելի Արեւմուտք, քո դրածոներին, Սահակաշվիլուց սկսած, ինչ անուն ուզում ես՝ տուր՝ է՛լ «տուպոյ անպետքություն», է՛լ «պադոնոկ», է՛լ «ազգակործան պատուհաս»… բոլորի հետ համաձայն եմ: Բայց մի մոռացիր, խնդրում եմ, որ վրացի, ուկրաինացի եւ հայ ժողովուրդների կրած տառապանքների մեջ դու քո լուրջ ներդրումն ունես, եւ դրա համար պետք է լուրջ պատասխան տալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․

Մնում էր Պուտինի կենացը խմեր․․․ Fri, 16 Oct 2026 14:15:56 +0400 Արտաքին գործերի նախարար Արարատ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով