«Հրապարակ»․ Մեկնել են՝ ինքնասպանությունները կանխելու
Fri, 23 Oct 2026 09:45:40 +0400

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Պրահայում: Նա զբոսնում է Պրահայի փողոցներով, մասնակցում ցուցահանդեսների, ռազմարդյունաբերական գործարաններում ինքնաթիռների ֆոնին սելֆիներ անում: Չեխական ուսումնամարտական թռչող սարքերը տեսնելիս նախարարի սիրտը լցվել է, նա չի դիմացել, իր էջում պաթետիկ գրառում է արել․ «Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»։ Գետնի վրա, սակայն, ամեն ինչ խիստ պրոզայիկ է ու անհամատեղելի «բարեփոխվող» եւ «մարտունակ դարձող» բանակի իմիջի հետ: Ի դեպ, չենք ուզում չարագուշակ զուգահեռներ անցկացնել, բայց 44-օրյա պատերազմի մեկնարկին էլ էր ՀՀ պաշտպանության նախարարը` Դավիթ Տոնոյանը Պրահայում, Հայաստան հասավ մեկ օր ուշ, ըստ որոշ լուրերի` մեծ պտույտ անելով, քանի որ այդ օրերին ուղիղ չվերթ չէր եղել:
Վերադառնալով Պապիկյանի` Պրահա կատարած այցին, «Հրապարակի» ձեռքի տակ են հայտնվել ուշագրավ տեղեկություններ` ՊՆ աղբյուրներից, այն մասին, որ ՊՆ կենտրոնական ապարատի բոլոր սպաներին մեկ ամսով հրահանգվել է լքել Երեւանն ու մեկնել զորամասեր։
Պատմում են, որ Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերոջ որոշմամբ, որին վերջերս նշանակել են լոգիստիկայի վարչության պետ, շուրջ 150 փոխգնդապետների ու գնդապետների նստեցրել են երեք «ԿամԱԶ»-ներ ու ճամփել զորամասեր։ Դե, «բոսի» մտերիմ ընկերոջն ամեն ինչ կարելի է։ Նպատակն իբր «զորքերի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելը, ինքնասպանություններն ու ինքնահրաձգությունները կանխելն է»։ Արդյունքում՝ նախարարության ողջ կենտրոնական ապարատը մեկ ամսով փաստացի կաթվածահար է եղել։ «Եթե այդ մարդիկ ավելորդ են Երեւանում ու պետք են զորքերում, թող նրանց հաստիքները կրճատեն եւ նրանց ուղարկեն զորամասեր: Իսկ եթե պետք են, ապա ո՞վ է նրանց փոխարեն աշխատելու»,- հարցում է ՊՆ ապարատում աշխատող մեր աղբյուրը:
Առհասարակ, ՊՆ-ում մեծ դժգոհություն կա Պապիկյանից, որն իր ընկերներին ու մտերիմներին շարունակ արտոնություններ է տալիս:
Մեկ այլ մտերիմի, որին նշանակել են ՊՆ պարետ, ընդամենը 3 տարում հասցրել են 3 զինվորական կոչում շնորհել. տղան խմորի պես ուռչում ու աճում է։ Պաշտոնյաներից մեկը, որը Պապիկյանի օգնականն էր, աղմկոտ պատմության մեջ էր ընկել ինքնաթիռում բորտուղեկցորդուհու նկատմամբ սեքսուալ ոտնձգություն անելու համար: Մեզ հաջողվեց պարզել ընդամենը նրա անունը՝ Էդմոն: Այս պատմությունը ՊՆ պատերից դուրս չի եկել, սակայն ներսում այն բուռն եւ հավեսով քննարկում են: Պաշտոնյային հեռացրին պաշտոնից, սակայն վերջերս տեղեկացանք, որ աղմուկը հանդարտվելուն պես նրան նորից սուսուփուս վերադարձրել են իր նախկին տեղը:
ՊՆ-ն վերջին ամիսներին հաճախ տեսանյութեր է հրապարակում առաջնագծում ընթացող լայնածավալ ինժեներական եւ ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Այդ կադրերում երեւում է, թե ինչպես են բետոնե հիմքեր տեղադրում, բետոնե բունկերներ ու կոնստրուկցիաներ կառուցում։
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջնագծի կահավորման համար կենսական նշանակություն ունեցող գաբիոնների՝ ամրաշինական պաշտպանական ցանցերի տենդերները շահել է գեներալ Կարեն Գրիգորյանի մտերիմ մարդու ընկերությունը: Նա է շահել գաբիոնների կառուցման տենդերները, սակայն չի կարողացել ապահովել անհրաժեշտ քանակը: Արդյունքում այս ձմեռ մեր զորքերն առաջնագծում մնալու են առանց բավարար ինժեներական ապահովման՝ հենց նույն գեներալ Գրիգորյանի եւ նրա թիկունքին կանգնածների պատճառով։ «Նիկոլը փողերը տալիս է, բետոնի բիզնեսը ծաղկում է, սպառազինության գնումների PR-ով էլ փոշի են փչում հանրության աչքերին, թե բանակը մարտունակ է։ Մինչդեռ իրականությունն ահավոր է»,- պատմում է բարձրաստիճան մեր աղբյուրը: Ասում են, թե ՊՆ-ում շատերն են նրա հետ համաձայն, սակայն այս թեմաները մնում են ներքին քննարկումների տիրույթում։
Մենք ՊՆ խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք այս հարցերի շուրջ: Նա ասաց. «ՊՆ կենտրոնական ապարատից մի խումբ սպաների՝ զորամասերում հրամանատարությանն աջակցելու նպատակով գործուղման մասին պաշտոնապես ենք հաղորդել: Առաջնագծի կահավորումը, ինժեներական աշխատանքներն ընթանում են անընդհատ ռեժիմով: Մրցութային գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված ընթացակարգերով: Ձեր մյուս հարցադրումը, մասնավորապես ՊՆ վարչական համալիրի պարետի (կոչումը՝ փոխգնդապետ) «3 տարում 3 կոչում ստանալու վերաբերյալ», չի համապատասխանում իրականությանը»։ ՊՆ խոսնակը հերքեց նաեւ նախարարի օգնականի առնչությունը որեւէ «սեքս-սկանդալի», չնայած ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ եղել է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր