«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի
Sat, 24 Oct 2026 08:45:44 +0400

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ
– Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու թեման դրեց շրջանառության մեջ։ Սահմանադրությունը փոխելու նպատակով պատրաստ է անգամ արտահերթի գնալ։ Սակայն ակնհայտ է, որ հանրությունն ընտրություններից հետո հիասթափված է՝ թե՛ ընդդիմադիր ուժերից, թե՛ իշխանական: Ի՞նչ պատկեր կունենանք, եթե առաջիկայում ընտրություններ լինեն: Երբ ընդդիմադիր 3 առաջնորդներից երկուսը կալանավորված են, երկրում վախի մթնոլորտ է տիրում:
– Ես կարծում եմ, որ, ելնելով ընտրություններին մեր բնակչության մասնակցությունից եւ ընտրությունների արդյունքներից, հասարակությունն ավելի քիչ քաղաքական ուժերի կարիքն ունի: Եթե նորից ընտրություններ լինեն, ավելի շատ ուժեր դժվար թե աջակցություն ստանան, ուստի մեզ շատ ավելի քիչ քաղաքական ուժեր են հարկավոր: Մյուս եզրակացությունն այն է, որ նրանք, ովքեր այսքան հորդորներից, խնդրանքներից, կոչերից հետո ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին, նոր ընտրություններին, ամենայն հավանականությամբ, նույնպես չեն գնա: Ավելին. հաճախակի ընտրություններ կազմակերպելը հանգեցնելու է նրան, որ մասնակցության թիվն է՛լ ավելի փոքրանա: Ինչպես հայկական ասացվածքն է ասում` խաղուպար չէ այս ամենը: Եթե մոտակա ժամանակներում նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն, ապա կստացվի, որ նախորդներում մարդիկ իրենց ձայնը տվել են ինչ-որ քաղաքական ուժի ընդամենը մի քանի ամսով կամ մեկ տարով: Մեր պետության քաղաքական դինամիկան հունիսի 7-ի ընտրություններից հետո, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէր, որի հիմքով մենք կարողանայինք ասել, որ քաղաքական ուժերի վերաբաշխում պետք է տեղի ունենա: Արտահերթ ընտրությունները պետք է ենթադրեն ներքաղաքական լուրջ փոփոխություններ, ուժերի հանդեպ վստահության լուրջ փոփոխություն, ինչը կարող է արտացոլվել քվեարկությամբ: Հայաստանում հետընտրական փուլում որեւէ զգալի ներքաղաքական գործընթացներ տեղի չեն ունեցել: Ի՞նչ կարող է տեսականորեն լինել, եթե մոտ ժամանակ նոր խորհրդարանական ընտրություններ լինեն։ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է հարցին ավելի ռացիոնալ կերպով մոտենա եւ միավորվի, հանդես գա միացյալ դաշինքով: Պետք է համախմբվել, պետք է հանդես գալ առավել փոքրածավալ տեսականիով, միեւնույն ժամանակ` կոնսոլիդացված: Բացի այդ, ընդդիմադիր ուժերին ձայն տված ընտրազանգվածն այնքան էլ կազմակերպված չէր, որքան իշխող ուժի ընտրազանգվածը, եւ այս ամենը գիտակցելով՝ ընդդիմադիրները պետք է համապատասխան եզրակացություններ անեն: Հունիսի 7-ի ընտրություններում ամրագրվել են նաեւ ընտրակեղծիքներ: Սովորաբար, սահմանադրության հաճախակի փոփոխությունը, հաճախակի ընտրությունների գնալը պետության համբավի վրա բացասական ազդեցություն է թողնում: Այն քաղաքական անկայունության ցուցանիշ է, այլ ոչ թե կայունության: Որպես կայուն պետություն, մենք հաճախ բերում ենք ԱՄՆ-ի օրինակը, որտեղ սահմանադրությունն առանձին լրացումներով գրեթե անփոփոխ է, մինչդեռ Հայաստանում պարբերաբար սահմանադրություն է փոխվում, վերանայվում են նույն օրենքները: Այսպես առաջ գնալ հնարավոր չէ: Ի դեպ, մեր պետության փոքր բյուջեի համար ցանկացած նոր ընտրության կազմակերպում նույնպես լրացուցիչ ֆինանսական եւ կազմակերպական բեռ է: Ընտրությունը թանկ հաճույք է, թեպետ հարց է` հաճո՞ւյք է արդյոք: Արդյո՞ք մենք կարող ենք որպես պետություն մեզ նման շռայլություններ թույլ տալ: Սա եւս խնդիր է: Ես կարծում եմ, որ եթե իսկապես իշխանությունը որեւէ զգալի փոփոխություններ իրականացնելու ցանկություն ունի, ապա դա կարող է անել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ընդդիմության հետ մեկտեղ ազգային պրոյեկտներ իրականացնելով: Համազգային ծրագրեր հայտարարել եւ դրանց մասնակցությունը բաց դարձնել Հայաստանում գործող ցանկացած քաղաքական ուժի համար, եթե այն ցանկանում է եւ կարող է դրանում ներդրում ունենալ: Այսպիսին պետք է լինի պետական մտածողությունը եւ ոչ թե յուրային-բարեկամ-թշնամի խաղալու մեջ: Մեզ կոնստրուկտիվ եւ ազգային պրոյեկտներ են հարկավոր, այլ ոչ թե քաղաքական, կուսակցական:
– Շեշտեցիք` ընտրակեղծիքներ եղել են, եւ հիմա էլ` ՏԻՄ ընտրություններից առաջ, արդեն իսկ կան դրա նախադրյալները: Այս պայմաններում արժե՞ հույս դնել ընտրությունների վրա: Խոսքն ընդդիմության մասին է: Կարծես համոզմունք կա, որ ընտրություններով իշխանափոխություն առնվազն այս փուլում հնարավոր չէ իրականացնել:
– Ընդդիմությունը կորուստներ կրեց, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր ուժերից ոմանք բանտարկված են: Ես այն ժամանակ կարծում էի, որ մեծամասնությունը, որ դառնում է պետության կառավարման սուբյեկտ, բարի կամք կդրսեւորի, օրինակ՝ ԲՀԿ-ին չհերիքող ոչ էական ձայների քանակը հաշվի չի առնի եւ այդ կուսակցությանը ԱԺ կհրավիրի: Սովորաբար, հաղթող կողմից բարի կամքի դրսեւորումներ են սպասում: Մենք անգամ Ադրբեջանից էինք դա սպասում, օրինակ՝ մեր ռազմագերիների եւ քաղբանտարկյալների հանդեպ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա հաղթող կողմը ներպետական կյանքը կայունացնելու համար անպայման պետք է մյուսների հանդեպ ընտրություններից հետո բարի կամք դրսեւորի: Տվյալ դեպքում, աչք փակելով ԲՀԿ-ին ԱԺ-ում չհերիքող փոքրաթիվ ձայների պակասի վրա՝ իշխող ուժը խաղի բարիդրացիական կանոններ կձեւավորեր, համագործակցության օրինակ կծառայեր, նաեւ կստանար իր հանդեպ դրականորեն տրամադրված ընդդիմադիր ուժ: Բնակչությունն ընդդիմությունից չունի այն պահանջը, որն ունի իշխանությունից, եւ դա բնական է. իշխանությունն է իրավիճակի պատասխանատուն:
– ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունը սպառնալիքներով ու ճնշումներով հասավ նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին դրանց, ովքեր էլ մասնակցում են, բանտարկվում են, հալածվում: Ընդդիմադիր թեկնածուներն ինքնաբացարկներ են հայտնում, այս մասին անգամ բարձրաձայնում են իշխանությանը սպասարկող իրավապաշտպանները: Այս ամենը չի՞ ազդի համապետական ընտրությունների վրա, եթե դրանք կայանան։
– Սա էլ է նույն բարի կամքի բացակայության հետեւանքը: Իշխող ուժը պետք է դրական օրինակ ծառայի. դա է արդյունավետ կառավարման մոտեցումը, այլ ոչ թե բռնություն կիրառվի, ատելության խոսք տարածվի եւ այլն: Ցավոք, այդ արատավոր երեւույթները դարձել են հայաստանյան քաղաքական կյանքի եւ մշակույթի բաղադրիչը: Ցանկացած ընտրություն կամ մրցակցություն մեզանում վերածվում է հակամարտության, բայց մրցակցությունը կոնֆլիկտ չէ, գործընթաց է, որը պետք է նպաստի ուժեղ կողմի հաղթանակին, այլ ոչ թե սպառնալիքի մթնոլորտ ստեղծի, եւ կողմերը սկսեն միմյանց ոչնչացնել: Դարձյալ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքն իրականացվում է ոչ այնքան մրցակցության, որքան հակամարտության սկզբունքներով, իսկ կոնֆլիկտը կարող է զուգորդված լինել նաեւ բռնության տարբեր դրսեւորումներով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր