Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Քինգ-Քրեյնի հանձնաժողովն ու Հայաստանի չկայացած ամերիկյան մանդատը

Քինգ-Քրեյնի հանձնաժողովն ու Հայաստանի չկայացած ամերիկյան մանդատը

Fri, 30 Oct 2026 20:15:56 +0400


Հայաստանը ներկայում որդեգրել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սերտացման կուրս։ Ու քանի որ ամերիկյան թեման հիմա շատ արդիական է, հատկապես՝ TRIPP-ի համատեքստում, կխոսենք մի բավականին ուշագրավ թեմայի՝ Քինգ-Քրեյնի հանձնաժողովի եւ Հայաստանի նկատմամբ ամերիկյան չկայացած մանդատի մասին։

Քինգ-Քրեյնի hանձնաժողովը գործել է 1919 թվականին՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրահանգով։ Այն համարվում է Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների կողմից Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իրականացված դիվանագիտության ամենաուշագրավ դրվագներից մեկը։ Հանձնաժողովի զեկույցը, որը ներկայացվել է 1919 թվականի օգոստոսի 28-ին, ըստ էության, արտացոլել է երկու կարեւոր սկզբունքների համադրման փորձ՝ ազգային ինքնորոշում եւ հաղթող տերության աշխարհաքաղաքական շահեր։ Հանձնաժողովը ղեկավարել են Հարրի Չերչիլ Քինգը եւ Չարլզ Քրեյնը, որից էլ՝ հանձնաժողովի անվանումը։ Նրանք ուսումնասիրել են Օսմանյան կայսրությանը նախկինում պատկանած տարածքների նկատմամբ մանդատային կառավարում հաստատելու հնարավորությունները։

Նրանց կազմած զեկույցում ասվում է, որ անհրաժեշտ է ստեղծել հայկական առանձին պետություն, որտեղ հայերը կկարողանան ապրել՝ չվախենալով, որ կվերադառնան թուրքական իշխանության կազմ։ Սակայն հանձնաժողովն առանձնապես չի աջակցել հայկական կողմի տարածքային պատկերացումներին՝ համարելով, որ չափազանց լայն սահմաններով տարածքը նոր ստեղծվելիք պետությունը կենսունակ չի դարձնի։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ ոչ թե պետք է միայն Հայաստանի հանդեպ մանդատը հանձնվի Միացյալ Նահանգներին, այլեւ ողջ Փոքր Ասիայի մանդատը պետք է լինի ԱՄՆ հսկողության ներքո, որը ենթադրելու էր երեք միավորի ստեղծում՝ Հայաստան, Կոստանդնուպոլիս ու թուրքական պետություն։ Այդ համակարգը, ըստ ամերիկացի դիվանագետների, թույլ կտար նվազեցնել ազգամիջյան հակասությունները եւ կանխել մեծ տերությունների՝ տարածաշրջանում ազդեցություն ունենալու մրցապայքարը։ Սակայն այս մեխանիզմը բավական թերի էր։ 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի հանդեպ մարդասիրական հանձնառությունները Քինգ-Քրեյնի հանձնաժողովը փորձել է համատեղել տարածաշրջանային պրագմատիկ կայունության հետ։ Բացի այդ, հանձնաժողովը չի ունեցել պետությունների սահմանների վերջնականացման լիազորություններ։ Եվ, բացի այդ, չէր կարող ուսումնասիրել բոլոր այն տարածքները, որոնք քննության առարկա էին դարձել փարիզյան խաղաղության կոնֆերանսի ժամանակ։ Դրա համար զեկույցը, որը ներկայացվել է հանձնաժողովի կողմից, ավելին չի կարելի դիտարկել, քան որպես փորձնական խորհրդատվական փաստաթուղթ։

Հայաստանի նկատմամբ ամերիկյան մանդատի հաստատում այդպես էլ չի կայացել։ Սենատը չի ցանկացել հավելյալ ծավալուն ֆինանսական, ռազմական ու քաղաքական պարտականություններ ստանձնել։ Հանձնաժողովի զեկույցն էլ այսօր կարելի է համարել զուտ պատմական փաստաթուղթ, որը, ռեգիոնում ամերիկյան վարած դիվանագիտության վառ հանգրվան լինելով հանդերձ, նաեւ ցույց է տալիս այն անհամապատասխանությունը, որն առկա է դեկլարատիվ հայտարարությունների եւ իրական քաղաքականության միջեւ։ Այսինքն, թղթի վրա գրված ցանկացած տեսլական ու բարի ցանկություն շատ հեռու է կյանքի կոչվելուց։ Այնպես, ինչպես Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթերն են հեռու իրական խաղաղության հաստատումից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել

«Հրապարակ». Նման ծրագրեր շատերի հետ է ԱՄՆ-ն ստորագրել, բայց ոչ մի երկիր մասնաբաժին չի տվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով