Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ

Sat, 14 Nov 2026 19:45:52 +0400


«Մենք իրականացնում ենք բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն»,- անընդհատ հայտարարում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ի դեպ, դա կարող էր լինել նախկինների «քոմփլիմենթար» կամ «և…և»-ի քաղաքականության շարունակությունը: Եթե, իհարկե, կյանքի կոչվեր: Այդ երևույթի մասին բազմիցս է խոսվել: Ասվել է նաև, որ ի տարբերություն 2000-ականների սկզբների, այսօր անհնար է նույնությամբ օգտագործել այդ ձևաչափը: Որովհետև այն տարիներին Խորհրդային Միությունն արդեն գոյություն չուներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունն էլ դեռևս չէր գտել ինքն իրեն: Դրան գումարած ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ աշխահի առկայության հանգամանքը: Ով դեռևս շարունակում էր «պապայություն» անել ռուսներին՝ ինչը սկսվել է ելցինյան (ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անունով) Ռուսաստանի օրերին:

Սակայն ամեն ինչ փոխվեց 2007 թվականի սկզբին Անվտանգության մյունխենյան հերթական համաժողովում ՌԴ նախագահի դարակազմիկ ելույթից հետո: Ու այդ պատճառով նալբանդյանական «և…և»-ի քաղաքականությունը այլևս նույնը չէր կարող լինել, ինչ օսկանյանական «քոմփլիմենթարիզմը»: Ու երբ Փաշինյանի հետ համեմատած մտքի այդ գիգանտը (առանց սարկազմի նշույլի) չկարողացավ լիովին կյանքի կոչել «և…և»-ը, ապա «բալանավորվածն ու բալանսավորումը» կարելի է դիտարկել որպես մանկական խաղալիք: Ինչի դրսևորումն է մե՛կ դեպի Արևմուտք և մե՛կ դեպի Հյուսիս հայացքը հառելու պրակտիկան: Իսկ մի ուղղությամբ էլ վազելու դեպքում վազքուղուց շեղվելը՝ լիներ այն դեպի Արևմուտք և թե դեպի Հյուսիս:

Ասվածը հաստատվում է Եվրոպական քաղաքական ընկերակցության դուբլինյան գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային» Հայաստանի չմիամալու հանգամանքով։ Ֆրանսիայի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիայում», ի թիվս այլ մտքերի, խոսվում է ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարի մասին։ Այս սկզբունքներին կարող էր համաձայն լինել ոչ միայն Հայաստանը, այլև, ասենք, բռնատիրական Ադրբեջանը: Սակայն «խարտիայում» խոսվում է նաև Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։ Ու վստահաբար այդ պատճառով Հայաստանի արևմտամետ վարչապետը չի ստորագրել այն: Չնայած մինչ այդ իբրև թե պայքարում էր այդ երևույթի դեմ՝ Եվրամիությունից ստանալով զգալի ֆինանսական միջոցներ:

Ասված մեկ այլ հաստատում է ԵԱՏՄ-ից դուրս չգալու հանգամանքն ու միաժամանակ դեպի Եվրամիություն ձգտելը: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հենց սա է անվանում «բալանավորված ու բալանսավորման» քաղաքականություն: Սակայն այն առնչություն չունի հավասարակշռության երևույթի հետ: Դա անընդհատ մի բևեռից մյուս բևեռը ցատկոտելու վարքագիծ է: Ինչը, նախ, քաղաքականություն չես կարող անվանել: Երկրորդ, ինչպես արդեն ասվեղց, մի ուղղությամբ գնալիս կիսատ է թողնում այն՝ նայելով ետ:

Իրականում այն նմանվում է ճոճանակի շարժման հետագծին՝ մե՛կ այս կողմ, մե՛կ այն կողմ: Ու արդյունքում Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկման փոխարեն թշնամական Ադրբեջանի՝ վերջ չունեցող պահանջներն են բավարարվում: Որովհետև Փաշինյանին չեն աջակցում ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ Հյուսիսը: Արևմուտքն իբր թե պաշտպանում է Հյուսիսի, այսպես կոչված, հիբրիդային հարձակումներից: Համենայն դեպս, փող է հատկացնում այդ նպատակով: Սակայն ոչինչ չի անում իրական վտանգից՝ Բաքվի նկրտումներից պաշտպանելու առումով: Իսկ Հյուսիսն էլ նիկոլական ճոճանակի շարժումներից հոգնած՝ ձեռքերը լվացել է ու մնացել դիտորդի կարգավիճակում:

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ չի գործում նաև այլընտրանքը՝ ոչ բլոկային պետության գաղափարը: Նախ, նման գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լինել ոչ պակաս հարուստ, քան Շվեյցարիան: Որովհետև որևէ աշխարհաքաղաքական բևեռին միանալու դեպքում նվազում են երկրի անվտանգության համար հատկացվող միջոցները: Ասվածը ստուգելու համար Փաշինյանը կարող էր հարցնել դուբլինյան հանդիպմանը ներկա՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենից:

Ի դեպ, երբ հերթական անգամ շրջանառվում է ոչ բլոկային պետության գաղափարը՝ քիչ է մնում ակամա հայացք ձգեմ քարտեզին: Բնականաբար, որպեսզի հավաստիանամ, որ մենք գտնվում ենք ոչ թե Եվրոպայում, այլ Հարավային Կովկասում: Ու արևելքից ու արևմուտքից շրջապատված ենք ոչ թե բարեկամներով կամ առնվազն չեզոք երկրներով, այլ թշնամիներով: Որոնք մեր պետության վերանալն են ցանկանում ու առանց հոգնելու գործում են այդ նպատակի իրականացման ուղղությամբ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով