Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը
Sun, 15 Nov 2026 19:00:44 +0400

Վարազիկին մորթեցի՞ն:
Նախորդ դարի 50-60-ականներին ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում մի թիմ էր խաղում, որի խորհրդանիշը կենդանի վարազիկն էր: Խաղի ընթացքում վարազիկն արածում էր թիմի դարպասների հետևում: Վարազիկի ներկայությամբ թիմն անպարտ էր: Շատ կարճ ժամանակահատվածում, ժամանակին բակային կարգավիճակ ունեցող թիմը սկսեց խաղալ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 2-րդ խմբում և նույնիսկ 1-ին խմբում խաղալու հայտ ներկայացրեց: Երբ հակառակորդները հասկացան թիմի հաջողության գրավականը, պահանջեցին խաղադաշտի մատույցներից հեռացնել վարազիկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինիս մորթված գտան: Թիմն առանց վարազիկի սկսեց պարտվել և վերադարձավ իր նախկին` բակային, կարգավիճակին:
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում բանանի գինը նկատելիորեն նվազեց՝ հասնելով շուրջ 400-500 դրամի՝ նախկին 700-1000 դրամի փոխարեն։ Այս գնանկումը դարձավ Փաշինյան Նիկոլի «հեղափոխության» տնտեսական փոփոխությունների և մենաշնորհների դեմ պայքարի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Եվ, այս իմաստով, տրամաբանական էր, որ վերջերս Փաշինյան Նիկոլը հիշեց «հեղափոխության» խորհրդանիշը` բանանը: Սակայն, շատ կարևոր է այն իրադարձությունների հաջորդականությունը, որ կատարվեց բանանի «երկրորդ գալստյան» զուգահեռ: Ուրեմն, ՀԱՊԿ-ում Հայաստանին զրկեցին ձայնի իրավունքից, աշխարհում գումար հայթայթել չհաջողվեց, հետևաբար` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծն անորոշ ժամանակով հետաձգվեց, հայտարարվեց Հայաստանի` մոտակա 20 տարում Եվրոպային անհասանելիության մասին և, ամենակարևորը` Փաշինյան Նիկոլը միայն դեկտեմբերին պատրաստվում է 3 (!!!) անգամ Մոսկվա մեկնել: Ընդ որում, վերջինս անձամբ մասնակցելու է այնպիսի միջոցառումներին, որոնց Հայաստանը միշտ մասնակցում էր փոխվարչապետի մակարդակով:
Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը: Վստահաբար` դրա մասին գիտի նաև Փաշինյան Նիկոլը և այդ պատճառով Անթալիայից Դուբլին «ուղևորություն» անցած բանանը մնաց Երևանում: Պնոմ Պեն Փաշինյան Նիկոլը մեկնեց առանց բանանի: Այն չի լինի վերջինիս գրպանում նաև Մոսկվայում:
Փաստորեն, վարազիկին «մորթեցին», կներեք, բանանը «կերան»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր